ՀՈՒՅՍԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՄԱՉԵՑՆՈՒՄ

Տեր-Կոմիտաս քահանա ՏԻԳՐԱՆՅԱՆ.-ծնվ. 18 հունիսի 1985 թ., քաղ. Էջմիածնում:
Ավարտել է տեղի միջն. դպրոցը, 2003 թ-ին` Սեւանի Վազգենյան դպրանոցը, 2009-ին` Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 2009-2011 թ.թ.-ին ծառայել է Մայր Աթոռ սբ Էջմիածնում իբրեւ լուսարար:
2011 թ.-ի օգոստոսին Վեհափառ Հայրապետի Բարձր Տնօրինությամբ ծառայության է կոչվել Սիսիանի տարածաշրջանում իբրեւ հոգեւոր հովիվ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

-Տե՛ր-Կոմիտաս, երբ նշանակվեցիք Սիսիանի տարածաշրջանի հոգեւր հովիվ եւ ստանձնեցիք Ձեր ծառայությունը, հոգեւոր կյանքը ի՞նչ մակարդակում գտաք:
-Նախ ասեմ, որ շնորհակալ եմ Վեհափառ Հորից իր հայրական խնամքի եւ վերաբերմուքի համար, որ մեզ վստահեց Սյունյաց թեմում ծառայության կոչումը: Շնորհակալ եմ նաեւ իմ նախորդած սպասավորից` Տեր-Գրիգորից, ով երկար ժամանակ ծառայելով այստեղ` մեծ վաստակ ու հոգեւոր ձեռքբերումներ է ունեցել:
Անշուշտ, չեմ փորձի եւ դժվար կլինի նույնիսկ հոգեւոր մակարդակը «նշագծել», բայց բավականին նախանձախնդիր տեսակ է սյունեցու տիպը իբրեւ հայի տեսակ, ով պատրաստ է ընկալելու հոգեւոր խորհուրդները եւ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու այն ամբողջ կարգ ու կանոնը, որ իրենից ծածուկ է մնացել:
Իսկ իբրեւ հոգեւորական կարող եմ ասել, որ հոգեւոր մակարդակը բավականին առաջացած է, որովհետեւ հոգեւոր սպասավորները, որոնք ինձանից առաջ եղել են այստեղ, բավականին մեծ աշխատանք են կատարել: Հատկապես երբ հաշվի առնենք այն հանգամանքը, որ կոմունիստական դաստիարակությունը հեռու է պահել ոչ միայն եկեղեցուց, այլեւ` հոգեւոր, բարոյական, խրատական ողջ համակարգից: Սակայն այսօր, հուրախություն մեզ`  հոգեւորականներիս եւ, բնականաբար, հայերիս, առաքելական սուրբ եկեղեցու զավակները գնալով փորձում են միանալ այն կարեւորագույն ուժին, որը է առաքելական սուրբ եկեղեցին, որը համախմբող մեծ ուժ ունի:
-Տե՛ր հայր, ի՞նչ պիտի անի հոգեւոր սպասավորը, որ թերահավատին, անհավատին, հավատից շեղվածին, աղանդավորին դարձի բերի դեպի հայ առաքելական սուրբ եկեղեցի, դեպի քրիստոնեական հավատք:
-Քահանայագործության մեր կարճ փորձառության ընթացքում նկատել ենք, որ բավականին ծանր եւ բավականին դժվար է աշխատել այն մարդու հետ, ով համոզված է իր սպիտակը երբեք սեւ չդառնալու մեջ, եւ` հակառակը: Հոգեւորականը պիտի Սուրբ Գիրք եւ Հայոց պատմություն քարոզի, իսկ ունկնդիրը պիտի լսելու կարողություն ունենա: Եվ շատ դժվար է աշխատել այն մարդու եւ այն մարդկանց խմբի հետ, ովքեր չպետք է ցանկանան լսել: Իսկ լսելը շատ կարեւոր հատկություն է: Հոգեւորականը պիտի կարողանա նրան փոխանցել այն ամենը, ինչը առաքելական ավանդույթը եւ Սուրբ Գիրքն են փոխանցում:
-Այսինքն, հոգեւորականը իր գործն անում է` քարոզում է, մնում է այն լսել, ընկալել, հասկանալ եւ առաջնորդվե՞լ:
-Անշո՛ւշտ, հոգեւորականն ինքն իր գործն անում է, քարոզում է Հիսուս Քրիստոս, քարոզում է Աստծո Ավետարանը, եւ պետք է միայն հոգեւորական-հավատացյալ կապը, շփումը լինի անկեղծ, պարզ, հստակ:
-Իսկ ինչպիսի՞ն պիտի լինի նրանց հետ կապը, ովքեր ուզում են գալ դեպի եկեղեցի, բայց` ճանապարհը չգիտեն:
-Եթե եկեղեցուց հեռու, նրանից տարանջատված մարդու մեջ ցանկություն կա մոտենալ առաքելական եկեղեցուն, ծանոթանալ նրա գրքերին, կանոններին, խորհուրդներին, եթե նրա նպատակը մոտենալն է այդ սրբությանը, նա կգա, իսկ հոգեւորականը պիտի նպաստի այդ ցանկությունը մինչեւ եզրագիծ հասցնելուն:2012_16
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ մարդ հեռանում է իր հոգեւոր արմատներից, եւ այստեղ հոգեւորականը թերացումներ ունի՞:
– Բացթողումներ բոլորի մոտ է լինում անշուշտ, եւ չեմ ասի, որ, ինչպես աշխարհականները, այնպես էլ հոգեւորականները թերացումներ չունեն, եւ դա մարդկային է: Սակայն Աստված միշտ էլ հնարավորություն տալիս է բացթողումը լրացնելու: Մեր աղոթքների մեջ մենք ուզում ենք, որ, հնարավորինս, Աստված մեզ անսայթաք պահի: Բայց մարդը, քանի որ ազատ կամք ունի, շատ անգամներ հենց դրա «երեսից է» սայթաքում: Սակայն միշտ պիտի հիշենք, որ մեր ապավենը  Տեր Աստված է, որը մեզ իբրեւ առաջնորդ է, կարապետ է: Եվ եթե մեր ճանապարհին ապավինենք միայն մեր  ուժերին, բացթողումները բազում պիտի լինեն, ուստի խնդրում ենք Տիրոջը մեզ առավելապես  անսայթաք պահել:
-Տե՛ր-Կոմիտաս, այսօր արժեհամակարգային ճգնաժամի մեջ ենք, եւ այս պարագայում Աստծո խոսքը հասո՞ւ է ճգնաժամ ապրող հասարակության անդամի գիտակցությանը:
-Իհարկե՛, միանշանա՛կ: Որպես Սիսիանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ պիտի ասեմ, որ այստեղ արժեքները բարձր են պահում, ուզում են ընկալել, ուզում են հասկանալ, իսկ մենք միայն ջանում ենք նպաստել դրան:
-Մեր «դարձը», թերեւս 20-25 տարվա պատմություն ունի ընդամենը: Իսկ ամուր եւ անշեղելի՞ է այն, թե՞ դա էլ է ժամանակի մոդայիկ պահանջներին տուրք տալու պես մի բան:
-Ես չէ, որ պիտի որոշեմ եւ գնահատական տամ, եւ դա շատ դժվար է ու շատ սխալ է: Բայց փաստ է, որ մարդիկ ձգտում են Աստծո խոսքին, ձգտում են եկեղեցուն, եկեղեցական արարողություններին, խորհուրդներին, ծիսաարարողական ընթացքներին:
Քիչ առաջ էլ ասացի, որ թերացումներն անխուսափելի են, եւ դա մարդկային է, սակայն ոչ մարդկային է այն երեւույթը, երբ որ մարդը հարատեւում է այդ սայթաքումի մեջ, հարատեւում է շեղման մեջ, եւ այս պարագայում նա կարոտ է Աստծո խոսքին, իսկ մենք ձգտում ենք այն լսել ցանկացողներին առաջնորդել դեպի եկեղեցի` առանց խտրականության:
-Տե՛ր հայր, աղանդների տարածման մեջ շատ հաճախ մեղադրում են եկեղեցու սպասավորներին, եկեղեցուն` իրենց ծառայական դերի մեջ իբրեւ թերանալու համար:
-Թերացումներից կարծես շատ խոսեցինք, եւ, երեւի, այդպես էլ պիտի լիներ, եւ դրանք ուղղելով է, որ հարթվում է ճշմարիտ ճանապարհը: Բայց աղանդների տարածման մեջ պատճառ տեսնել հոգեւորականի «թերացումը» , ճիշտ չէ, եւ չի կարելի այստեղ մեղավոր փնտրել, պիտի միջոցներ գտնել, որ նրանք չներթափանցեն: Այդ նույն աղանդավորները մեր մոլորյալ քույրերն ու եղբայրներն են, նրանք արտերկրացի օտարականներ չեն, այլակրոններ չեն եղել ի սկզբանե: Նրանք մեզ քույր, եղբայր, մեզ` մաս են եղել: Հիմա մենք պիտի ձգտենք միայն ու միայն միջոցներ ձեռնարկել` նրանց դարձի բերելու: Բորբոսը չի կարող արմատ ունենալ. հենց արեւը ծագեց, այն պիտի չորանա:
-Եվ սա միայն եկեղեցու եւ եկեղեցականի խնդի՞րն է:
-Սա, անշուշտ, նաեւ պետական խնդիր է: Մեր եկեղեցին առանձին չի, այն հասարակության, պետության մի մասնիկն է: Եվ այստեղ շատ կարեւոր է համագործակցությունը, որի արդյունքում շահում է մարդը, նրա հոգին:
-Տե՛ր հայր, ահա արդեն 1700 տարի է` գոյություն ունի մեր եկեղեցին` իր ծիսկարգով, իր կանոնակարգով, իր ավանդույթներով: Եվ դրանք անփոփոխ են ու հաստատուն: Մեր եկեղեցին ավանդապահ է, նաեւ` ազգային, եւ դա է, անշուշտ, որ նրան այսպես անսասան է պահում: Բայց ժամանակները փոխվում են, պահանջները` նույնպես: Ժամանակի այդ մեծ տարածության մեջ եկեղեցու կանոնակարգը, ծիսակարգը փոխելու, այսօրվա մարդուն ավելի մոտ, ընկալելի ու մատչելի դարձնելու անհրաժեշտությունը, կարծեք, կա: Թող ինձ ներեն Աստված եւ մեր արքայական գրաբարը, բայց գրաբարով հնչող ծիսակարգերը հասկանալի՞ են մարդկանց:
-Ձեր մտահոգությունը տեղին է, եւ առաջին անգամ չէ, որ նման հարցադրմամբ դիմում են ինձ: Այո՛, եկեղեցում կատարվող արարողության լեզուն գրաբարն է, որը շատ մատչելի է: Այն հասկանալու համար միայն մի փոքր ուշադրություն է պետք: Երբ նպատակադրվում ես հասկանալ ինչ-որ բան, այն հասկանում ես: Եկեղեցին ինքը դինամիկ է, շարժուն, եւ մարդկության, հսարակության զարգացման հետ ինքն էլ միշտ առաջ է գնում:
-Կա՞ հոգեւորականի տիպար: Եվ նրա պահվածքը, կեցվածքը, նկարագիրը դեր ունե՞ն ճշմարիտ եկեղեցին ճանաչելու գործում:
-Հոգեւորականի ընդգծված, կանոնակարգված վիճակ չեմ ասի, թե` կա: Բայց պարզից էլ պարզ է, որ հոգեւորականը իր առաքինություններով, իր պահվածքով, իր վարք ու բարքով պիտի տարբերվի եւ տարբերվում է աշխարհական մարդուց: Եվ դա այդպես պիտի լինի, որովհետեւ ցանկացած հոգեւորական իր ձեռնադրության ժամանակ իր օծումից առաջ ինքը հրաժարվում է աշխարհից ու աշխարհականից: ինչու է եկեղեցականը սեւազգեստ, ինչու է միրուքով: Դրանք աշխարհից հրաժարվելու եւ հոգեւոր ուխտին լծվելու տարբերանշաններ են: Մենք, անշուշտ, ճգնավորներ չենք, բայց եկեղեցականի տարբերությունը շատ հստակ է ու տեսանելի:
-Եկեղեցի հաճախելը, մոմ վառելը, խաչ հանելը, ծիսակարգերին մասնակցելը դեռեւս նշանակո՞ւմ է լինել աստծո հետեւորդ, իսկ դրանք չպահպանելը` ոչ:
-Եթե ուզում ենք Աստծո հետ մաս եւ բաժին ունենալ, պիտի Աստծո տան լիարժեք զավակը լինենք: Եթե աշխարհիկ կյանքում մեր հորից, մեր հայրական տնից սպասում ենք ժառանգության, ուրեմն` հոգեւոր կյանքում էլ նույնն է: Եթե Աստծուց ժառանգություն, վարձք ենք ուզում, մեր աղոթքի պատասխանն ենք ուզում, հետեւաբար պիտի մեր այցելությունն էլ մեր Հոր տուն հաճախ լինի, միշտ լինի: Մենք չմոռանանք մեր Հոր տան ավանդույթը, մեր Հոր տանը կատարվող պատարագը, ժամերգությունը, արարողությունները, հաղորդությունն ի վերջո:
Իսկ ի պատասխան Ձեր հարցադրմանն  ասեմ. յուրաքանչյուրս մենք մեր խղճի առաջ ենք պատասխանատու եւ Աստծո առաջ դատաաստանի պիտի կանգնենք, քանի որ նա է մեզանից հաշիվ պահանջողը:
-Տե՛ր հայր, վերջին շրջանում նակտելի է, որ մեծ ժողովրդականություն վայելող եւ շատ սիրված որոշ հոգեւոր ծեսեր ու տոներ կարծես փորձում են աշխարհիկացնել, իսկ աշխարհիկ իշխանավորին թվում է, թե նման տոների կազմակերպումով ու դրանց մասնակցելով` դրանց ժողովրդականությունը պիտի տարածվի նաեւ իր անվան վրա: Օրինակ` Տիառնընդառաջի տոնը:
-Մեր առաջին խարույկը որ վառեցինք փետրվարի 13-ին, եկեղեցու բակում վառեցինք: Իբրեւ Քրիստոսի լույս` սիմվոլիկ կրակը մենք մեր տները տարանք: Այն իջեցրինք նաեւ, փոխաբերաբար ասած, սիսիանցու մեծ տուն` քաղաքի կենտրոն եւ այնտեղ կրակ վառեցինք: Այն չի աշխարհիկացվել: Նույն խորհուրդն է, նույն արարողությունը:
-Տե՛ր-Կոմիտաս, ի՞նչ կմաղթեք:
-Մեր աղոթքն է, որ ամենաբարի Աստված մեզ առաջնորդի եւ իր զորավոր աջով մեզ համար ճանապարհ բացի: Թող աստված ամենքիս տներից ներս ներկա լինի, որպեսզի Տիառնընդառաջի լույսն ու ջերմությունը կարողանանք զգալ մեր հարկերից ներս:
Մարդկանց վրա դրված հույսը շատ անգամներ հուսախաբ է անում մեզ եւ ամաչեցնում, իսկ Աստծո վրա դրված հույսը երբեք չի ամաչեցնում, եւ հավատքով արված աղոթքը երբեք անպատասխան չի մնում:

Զրուցեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *