ՀՈՒՅՍԻ, ՀԱՎԱՏԻ ԵՎ ՍԻՐՈ ՆՈՐ ՏԱՐԻ

Սիրում եմ Նոր տարին: Նոր հույսեր, նոր երազանքներ, նորոգված մտքեր ու ցանկություններ, ինչպես մանկության այն հեռու-հեռավոր Նորտարիներին:
Երազում եմ՝ մեն մի օրով վերադառնար իմ մանկության տոնածառը, որ թեպետ զարդարված էր շոկոլադի միջի չխկչխկան թղթով փաթաթված ընկույզով, աշակերտական տետրի թղթից սարքած շղթա-զամբյուղիկներով, տատի պատրաստած չիր ու չամիչով, բայց զորավոր էր նրա պարգեւած ուրախության ու հեքիաթին հավատալու ուժը: Մեն մի օրով վերադառնար իմ  մանկության տոնածառը…

Բայց կյանքը սիրուն է նաեւ նրանով, որ այն հարափոփոխ է  եւ հոսում է… առաջ:
Եվ ինչպես ամեն տարեմուտին, այս անգամ էլ հավատում եմ, որ կյանքի, աշխարհի հիմքը սերն է, հույսն ու հավատը:
Թեպետ մեր օրերում «ձմեռ պապերն» այնքան են շատացել, որ իսկական Ձմեռ պապի հեքիաթը կորել է, թեպետ մեր օրերում պաշտոնն այնպես է «զարդարում» մարդուն, որ մարդը «փոխս է ընկում աթոռի հետ», թեպետ ամեն ինչ այնպես առու ծախի առարկա է դարձել, անգամ` հույսը, հավատը, սերը, բայց «անուղղելիի» իմ հավատով կրկին սպասում եմ Նոր տարվա հեքիաթին ու փառք տալիս, որ, ինչ էլ լինի, միեւնույն է, աշխարհի կենացը, մարդու եւ մարդկայինի կենացը, երկրի, հողի, ծնողի, զավակի, զինվորի, նահատակի, երկրից դուրս հաց վաստակողի եւ նրա կարոտաբաղձ վերադարձի կենացը բարձրաձայնելու ամենամարդկային  շնորհքը դեռ չենք կորցրել, ու կարող ենք անգամ, այսքանից հետո, հույսի, հավատի եւ սիրո կենացն էլ խմել:
Կարեւորն այն է, որ ընտրությունները ծաղրելով՝ ենք  գնում ընտրության, կարեւորն այն է, որ «ընտրվածին» գնելով՝ ծաղրում ենք նրան, կարեւորն այն է, որ, անգամ Քրիստոսին չճանաչելով, գնում ենք նրա դուռը, որովհետեւ անհնար է ապրել առանց հույսի, հավատի եւ …սիրո:
Կարեւորն այն է, որ գիտակցում ենք մեր կարեւորն ու անկարեւորը՝ թեպետ դա հասկանալու համար մի ողջ կյանք ենք «տանուլ տալիս»… ու կարտոֆիլի դաշտում, թե՝ կինոյի պատի տակ, ճոխ սեղանի շուրջ թե՝ ցամաք հացի, սպասում ենք Նոր տարվան՝  գոնե այս մի նոր տարում ավելի մարդավարի ապրելու եւ մարդավայել ապրելու երազանքով:
Ամանորի տոնածառի լույսերը թող վառվեն ոչ միայն փոքրիկների համար, այլեւ՝ մեզ համար, ու մեր հոգում էլ թող Ամանորի լույսը եղիցի, որովհետեւ ամենից շատ հեքիաթի, հույսի, սիրո, հավատի կարիք մեծերս ունենք՝ նորոգելու մեզ, որ գալիս ենք մաքուր մանկությունից, բայց՝ չգիտենք՝ ուր ենք գնում…
Խոնարհումի, խնկարկումի  է արժանի ցանկացած մաղթանք ու ցանկություն, եթե՝ սրտաբուխ է ու անկեղծ:
Ես էլ, կրկնելով մեծ իմաստասերին, քանի որ, ամենայն ինչի սկիզբը սերն է, վերստին ցանկանում եմ՝ հույս, հավատ, սեր, որովհետեւ՝

Պարտականությունն առանց սիրո` մարդուն դարձնում է դյուրագրգիռ:
Պատասխանատվությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անհարգալից:
Արդարությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անողոք:
Ճշմարտությունն առանց սիրո` մարդուն դարձնում `է քննող:
Բարեկրթությունն առանց սիրո`մարդուն դարձնում է երկերեսանի:
Խելամտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է խորամանկ:
Սիրալիրությունն առանց սիրո` մարդուն դարձնում է կեղծավոր:
Կարգապահությունն առանց սիրո` մարդուն դարձնում է մանրախնդիր:
Իրավասությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անհողդողդ:
Իշխանությունն առանց սիրո` մարդուն դարձնում է բռնակալ:
Պատիվն առանց սիրո` մարդուն դարձնում է ամբարտավան:
Հարստությունն առանց սիրո` մարդուն դարձնում է ագահ:
Հավատն առանց սիրո` մարդուն դարձնում է մոլեռանդ:

Երանի հավատացողներին, հուսացողներին ու …սիրողներին…
Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ:

ՍԻՐՈՎ՝ Ա. ԱՄԻՐՅԱՆ
28.12.2013

Մեկ Արձագանքման ՀՈՒՅՍԻ, ՀԱՎԱՏԻ ԵՎ ՍԻՐՈ ՆՈՐ ՏԱՐԻ համար

  1. admin says:

    Սիրելի Արևհատ և «Որոտան»: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Մաղթում ենք Ձեզ երկար ստեղծագործական կյանք և բարի լուրեր Ձեր սիրելի Հայրենիքից՝ Սիսիանից:
    Ձեզ միշտ սիրող և հարգող Ձեր կայքի թիմ:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *