ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆԱՆՔ, ՈՐ ՄԻ ԴՈՒՌ ԷԼ ՉԻ ՓԱԿՎԻ

Նոր ուսումնական տարվանից Սիսիանի թիվ 1 հատուկ գիշերօթիկ դպրոցն այլեւս չի գործելու իր «ավանդական» կարգավիճակով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ ներառական կրթության ծրագրով երեխաներն այլեւս կրթություն չեն ստանա եւ չեն գիշերի օժանդակ-գիշերօթիկ դպրոցներում:

Ծրագրի նպատակը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սեյրան Մակարյանը, երեխաներին ընտանիք «վերադարձնելն է», ընտանեկան հոգածության ներքո դաստիարակություն տալը:
«Ինչ սկսել է իրականացվել ներառական կրթության ծրագիրը, այդ ընթացքում մեր դպրոցի երեխաների մի մասին տարել են ընտանիքներ, տարել են դպրոցներ, բայց, որքան որ հետաքրքրվել ենք, այդ երեխաների մի մասը առավել ակտիվություն չի ցուցաբերել հանրակրթական դպրոցում: Ի տարբերություն հանրակրթական դպրոցների, օժանդակ դպրոցում ծրագրերը շատ պարզ են մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար , մատչելի, այստեղ կարողանում ենք երեխաներին ուսումնասիրել, հենվել նրանց առավելությունների վրա եւ այդ ուղղությամբ տանել նրա զարգացումը: Ներառական կրթությունը դեռ նոր է մեր հանրապետությունում, թե հետագայում ինչ արդյունքներ կունենա, դժվարանում եմ ասել, բայց, ինձ թվում է, որ այն պիտի ներդրվեր աստիճանաբար: Բացի դա՝ ունենք այնպիսի ընտանիքներ, որի երեխաներն ավելի լավ է մեր դպրոցում իրենց կրթությունն ու դաստիարակությունը ստանան, քան՝ իրենց ընտանիքներում: Կան՝ ծնողազուրկ, ամուսնալուծված ընտանիքներ, լքված երեխաներ, եւ ես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է լինի այդ ընտանիքների երեխաների ճակատագիրը:
Եթե ներառական կրթությունը ֆիզիկական սահմանափակ կորողություններով երեխաների համար կարող է դրական լինել, նույնը չի կարելի ասել մտավոր թերզարգացած երեխաների դեպքում՝ ոչ միայն կրթական ծրագրերում ներառվելու, այլեւ՝ ինտեգրվելու առումով: Եթե ներառական կրթության նպատակը նրանց ինտեգրելն է հասարակությանը, հավատացեք, նրանք ոչ իրենց միջավայրում ավելի են մեկուսանում, ամաչում, չի բացառվում մյուսների կողմից ծաղրի ենթարկվելը, ուսուցիչների կողմից նույնպես մեկուսացվելը, ինչից նրանք կայքնում ավելի խեղճ կմնան: Իսկ մեր դպրոցում նրանք հավասար դաշտում են, եւ երեխայի առավելությունը արագ բացահայտվում է, ինչի վրա էլ մենք տանում էինք նրա հետագա կրթությունն ու զարգացումը»:
Վերջին տարիներին հանրային գիտակցության մեջ նմանատիպ դպրոցների հանդեպ բացասական վերաբերմունք ու կարծիք ձեւավորվեց, ինչը նույնպես նպաստում է նման դպրոցներից «հարժարվելուն»: «Մյուս դպրոցների մասին՝ չգիտեմ, բայց մեր դպրոցի պարագայում բացառված են նման դեպքերն ու վերաբերմունքը սաների հանդեպ, ընդհանրապես որեւէ խնդիր մեր դպրոցը չի ունեցել»,- նշեց տնօրենը:
Օժանդակ-գիշերօթիկ դպրոցներից «հրաժարվելու» պատճառներից մեկն էլ, ըստ Սեյրան Մակարյանի, այդ դպրոցների այսպես ասած՝ «փակ» հաստատություն ներկայացնելն է. քանի որ երեխաները եւ սովորում, եւ գիշերում են դպրոցում, եւ, իբրեւ թե, մեկուսանում են աշխարհից, կյանքից, շրջապատից, միջավայրից: «Մեր դպրոցի պարագայում ասեմ, որ այդպես չէ: Տարիներ շարունակ այդ երեխաների հետ աշխատելը, ստեղծաված պայմանները, երեխաների նկատմամբ հոգատարությունը մեզ դարձրել է մեկ ընտանիք: Տարիների ընթացքում տարբեր ծրագրերով վերանոգել ենք շենքը, ննջարանները 2 երեխայի համար է, ունենք արհետանոցներ, դահլիճներ, համակարգչային դասարան, ինտերնետ կապ, համոզված չեմ, որ իրենց ընտանիքներում այս երեխաների համար կան այդ պայմանները»,- շեշտեց տնօրենը:
Եվ, այնուամնենայնիվ, ներառական կրթության ծրագիրն արդեն իրականանում է, իսկ ի՞նչ է լինելու օժանդակ դպրոցի հետագա ճակատագիրը մեր հարցին Սեյրան Մակարյանն ասաց, որ անցյալ տարի պատկան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է Սիսիանի օժանդակ-գիշերօթիկ դպրոցի վերակառուցման-վերափոխման հարցը:
Քանի որ այսօր դպրոցում առկա 29 երեխաներից ոչ բոլորն են ենթական հանրակրթական դպրոցներում ներառվելու, կան ծանր մտավոր թերզարգացած երեխաներ, հաստատությունը կշարունակի գործել, բայց՝ նոր կարգավիՃակով: «Ինձ չի թվում, թե դպրոցը միանգամից պիտի փակվի: Դպրոցը կունենա նոր կարգավիճակ, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, այն կարող է դառնալ ցերեկային խնամքի կամ՝ երեխաների գնահատման կենտրոն»:
Պատասխանելով օժանդակ-գիշերօթիկ դպրոցի ավելի քան 54 աշխատողների ճակատագրին վերաբերող մեր հարցին, տնօրենը նշեց, որ խնդրի քննարկման ժամանակ հավաստիացվել է, որ դպրոցի աշխատողներից որեւէ մեկը գործազուրկ չի դառնա, բոլորը կապահովվեն աշխատանքով նոր կարգավիճակում գործող կենտրոնում եւ դպրոցներում, որտեղ նախատեսվում է ներառական կրթության ուսուցչի օգնականի հաստիք:
Խոսելով օժանդակ-գիշերօթիկ դպրոցի շենքի ճակատագրի մասին Սեյրան Մակարյանը հույս հայտնեց, որ այն չի արժանանա Սիսիանի մյուս շենք-շինությունների՝ օտարման ճակատագրին, եւ «բախտ կունենա» ծառայել հանրային որեւէ այլ նպատակի:
«Հույս ունենանք, որ այս հաստատության դուռը չի փակվի, աշխատողներն էլ գործազուրկ չեն դառնա, աստված էլ տա, որ հանրակրթական դպրոց գնացող երեխաներն էլ հաջողությամբ ներառվեն հասրակությանը»,- ավելացրեց Սեյրան Մակարյանը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
20.05.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *