ՀՈՒՆՁՔՆ ԱՌԱՏ ԷՐ

Դպրոցականների`առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցած Սյունիքի մարզի 73 աշակերտներից 37-ը տուն են վերադարձել դիպլոմներով եւ պատվոգրերով:
Հունձքն առատ եւ արգասաբեր էր հատկապես սիսիանցի դպրոցականների համար: Հանրապետական օլիմպիադային 14 առարկայից մասնակցել է սիսիանցի 13 աշակերտ, մեկը` 2 առարկայից: Սյունիքի մարզից օլիմպիադայում շահած առաջին կարգի 6 դիպլոմներից 4-ի հասցեատերը սիսիանցիներն են: Եւս 2` երրորդ կարգի դիպլոմ:
Օլիմպիադայի պատմության մեջ առաջին անգամը լինելով` առաջին կարգի դիպլոմ բերվեց ռազմագիտություն առարկայից: Ռազմագիտության` անհատական առաջին կարգի դիպլոմը շահեց Սիսիանի թիվ 1 հիմն. դպրոցի աշակերտ Հայկ Խաչատրյանը (ուսուցիչ` Արսեն Մանուկյան):
Հայոց լեզու առարկայից առաջին կարգի դիպլոմին զուգահեռ թիվ 1 հիմն. դպրոցի աշակերտուհի Լիլիթ Դավթյանը վաստակեց նաեւ հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի  անդամ Դավիթ Գյուրջյանի` «բացառիկ օլիմպիական» գնահատականը (ուսուցչուհի` Գայանե Դավթյան):
Սիսիանի թիվ 5 հիմն. դպրոցի աշակերտուհի Գրետա Գեւորգյանի` հայոց պատմություն առարկայից վաստակած առաջին կարգի դիպլոմը, ինչպես հավաստիացնում է դիպլոմակիրը, իր ուսուցչուհու` Աիդա Առաքելյանի անմիջական վաստակն ու արդյունքն է: Իսկ թիվ 2 հիմն. դպրոցի աշակերտ  Վահե Հարությունյանը (ուսուցչուհի` Ֆլորա Ազոյան) աշխարհագրություն առարկայից վաստակած առաջին կարգի դիպլոմը  համարում է իր շնորհակալության վկայագիրը իր դպրոցին ու ուսուցիչներին:
Սիսիանի ավագ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Թունյանի եւ թիվ 4 հիմն. դպրոցի աշակերտ Լյովա Փարսյանի` կենսաբանություն եւ ռուսաց լեզու առարկաներից ստացած 3-րդ կարգի դիպլոմները (ուսուցիչներ` Հասմիկ Ենոքյան, Նաիրա Գրիգորյան)  հավաստում են, որ եթե կա կայուն հիմք եւ գիտելիք, դրանք մրցունակ են անգամ ամենաբարձր մրցույթներում:
Շնորհավորում ենք մեր դիպլոմակիրներին եւ նրանց ուսուցիչներին` Սիսիանի ու հարազատ դպրոցի պատիվը բարձր պահելու համար:

Լուսանկարում` դիպլոմակիրները` Սյունիքի մարզպետարանում
շնորհակալագրեր եւ նվերներ
ստանալիս:
Սեփ. լրատվություն 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *