ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԻՆ

Երբ աղբյուր-հուշարձան է կանգնեցվում մանկավարժի պատվին ու հիշատակին, հավաստիանում ես, որ այս ժողովրդի մեջ ոչ միայն չի մարել ուսուցչի, մանկավարժի, դպրոցի, դպրության նկատմամբ հարգանքը, այլեւ` երաշխավորված ես համարում սերնդի ապագան, ազգի ճակատագիրը, հարատեւումի իմաստը:
Ահա այսպիսի խորհուրդ ուներ վաստակաշատ մանկավարժ Ռաֆիկ Լալայան-Վասիլյանի պատվին ու հիշատակին Շենաթաղ գյուղում կառուցված աղբյուր-հուշարձանը, որ որդիական երախտագիտությամբ, մանկավարժ հոր ավանդը վառ պահելու հավատամքով կյանքի էին կոչել նրա զավակները` Տիգրան եւ Ռոբերտ Վասիլյանները, ում համար իրենց հայրը ծնող լինելուց առաջ եւ հետո նաեւ իրենց ուսուցիչն էր:
Այսօրինակ աղբյուր-հուշարձանի բացումը թերեւս մի գեղեցիկ առիթ էր վերստին ու կրկին մեծարելու ուսուցչին, մանկավարժին, ինչը եւ արժանիությամբ ու ակնածանքով կատարվեց:
Ռաֆիկ Լալայան մանկավարժի, մարդու, հոր, ընկերոջ, կոլեգայի մասին հնչած անկեղծ ու ջերմ խոսքերը վկայեցին, որ այնքան էլ հեշտ չի վաստակվել այդ սերն ու հարգանքը: Այն տարիների, տասնամյակների նվիրական, անմնացորդ աշխատանքի արգասիք է, ինչին եւ արժանացել է Ռաֆիկ Լալայանը իր երկարատեւ մանկավարժական աշխատանքի ընթացքում:
Որպես ուսուցիչ, որպես տնօրեն, որպես մանկավարժ եւ հանրության հարգարժան անդամ կայացել է Լծենի ութնամյա դպրոցում` այնտեղ աշխատելով ավելի քան 30 տարի: ՈՒ բնավ պատահական չէր, որ երախտիքի ու երախտագիտության ամենաջերմ ու ամենաշնորհակալ խոսքերը հենց հնչեցին լծենցի նրա նախկին սաների ու կոլեգաների կողմից:
Ավելի քան 25 տարի Լծենի դպրուցում նրա հետ աշխատած Հրանտ Մինսյանը մեծ պատիվ համարեց իր համար Ռաֆիկ Լալայանի պես մարդու, մանկավարժի, տնօրենի, ընկերոջ հետ աշխատելը, ում թողած ավանդն ու ներդրումը անուրանալի է ոչ միայն Լծենի դպրոցի համար, այլեւ` Լծենի հանրային ու համայնքային կյանքում, ուր մինչ օրս էլ ջերմ ու ակնածանքով են հիշում ու խոսում նրա մասին:
Հանրությանն այսօր քաջածանոթ Աշոտ Մինասյանն իր կայացման ճանապարհը խաչեց Ռաֆիկ Լալայանի անուրանալի ավանդի հետ, ինչի հետեւանքով մինչեւ այժմ էլ շարունակվում են իր եւ նրա ընտանիքների բարեկամությունն ու անցյալի լույսով ու շաղախով հունցված կապը:
Երախտապարտ աշակերտի եւ նրա նախկին սանի իր խոսքում «Որոտան» թերթր խմբագիր Արեւհատ Ամիրյանը մասնավորաբար կարեւորելով ուսուցչի դերը իր եւ գյուղի կյանքում, շեշտեց, որ նրանք ժամանակը կերտողներն էին, ժամանակի կշիռն ու կշեռքն էին, ու` սերնդի կայացման դարբինը: Փառք տալով մանկավարժ հորն այսպես մեծարող զավակին, երիցս փառաբանեց այն ծնողին, ով ծնող-ուսուցիչ է եղել նաեւ այլոց համար: Ծնողին մեծարելով` զավակները մեծարեցին ուսուցիչ արժեքը, ուսուցիչ կոչումը, ուսուցիչ գաղափարը:
Ռաֆիկ Լալայանի հետ աշխատանքի բերումով ավելի քան 30 տարի բարեկամություն արած Շչորս Դավթյանն իր խոսքում նշեց կարեւոր այն հանգամանքը, որ գերեզմաններ զարդարել սիրող մեր ազգի մոտ այս նախադեպը սկիզբ կդնի նոր ավանդության` զարդարելով գյուղի մի հատվածը` այն հանգստի գեղեցիկ անկյուն դարձնել, այսպես պատվելով ծնողի ու մանկավարժի հիշատակը:
Իսկ Ռ. Լալայանի սերնդակից Լազր Մակարյանը անհրաժեշտ համարեց չմոռանալ, որ ետպատերազմյան երկիրը ոտքի կանգնեց եւ զարգացավ այս սերնդի ուսուցիչների ու մտավորականների ուսերին ու ջանքերով, եւ այսօրվա արդյունքը համարեց նրանց ստեղծած այն ամուր հողը, որի վրա կառուցվում է այսօրվա կյանքը:
Հայոց հնավանդ սովորույթի համաձայն` Սյունյաց թեմի հոգեւոր սպասավոր տեր Ընծան օծեց աղբյուր-հուշարձանը, օրվա խորհրդին համահունչ` իրենց նախկին տնօրենի վառ հիշատակին բանաստեղծական տողեր ձոնեցին Շենաթաղի հիմնական դպրոցի սաները, իրենց լուսածիր պապի հիշատակն իրենցով շարունակող թոռները հավաստեցին, որ մանկավարժի ու ծնողի նրա ցանած սերմերը պարատ ու ապահով հողում են ընկել:
Եվ թող անդադար հոսի մանկավարժի պատվին կառուցված հուշբյուրի ջուրը` զովացնելու բոլոր-բոլոր պապակ սրտերը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *