ՀՈՒՇԵՐ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

ՄՈՐՈՒՍ ՀԱՍՐԱԹՅԱՆ -110


HasratianՄորուս Հասրաթյանի ծննդյան 110  ամյակին ընդառաջ իր հուշերից պատառիկներ է մեզ տրամադրել բանաստեղծ, մեր հայրենակից Յուրի ՍԱՀԱԿՅԱՆԸ:

Մորուս Հասրաթյանը թույլ չէր տա իրեն` հանդիմանել որեւէ մեկին կամ` իր կածիքը պարտադրել որպես բացարձակ ճշմարտություն, թեեւ այդ ամենի համար ավելի քան իրական հիմքեր կային:
Հասրաթյանի արշավախմբի երիտասարդ, գրեթե` պատանի անդամներից ոմանք սկսել էին ծխել: Սկզբում ձգտում էին ծածուկ մնալ գիտնականի աչքից: Բայց, բնականաբար, այդ «թաքստոցային ծխելը» չէր կարող վրիպել հնագիտական արշավախմբի փորձառու ղեկավարի աչքից, թեեւ նա չնկատելու էր տալիս դա: Կարծում էինք` կզայրանա, կպահանջի անմիջապես «թողնել ծխելը… դեռ երեխա եք, աճող օրգանիզմ…»:
Չզայրացավ, բայց ավելի խոհուն դարձավ, հայացքը` ավելի մտահոգ: Հետո մտերմաբար ասաց. «Աշխատեք չծխել… ծխելու մեջ մի լավ բան չկա, բացի վնասից, քայքայում է առողջությունը, վատնում ֆինանսական միջոցները, մեծացնում է մարդու կախումը այդ թոնրածխից… բայց եթե ծխում եք, միայն` օրվա երկրորդ կեսին, ճաշից հետո: Երբեք չծխեք քաղցած վիճակում կամ աշխատանքի, շարժման մեջ: Նստեք, շունչ առեք, հետո միայն…եթե ծխելը այդքան փրկարար անհրաժեշտություն կհամարեք…»:
Ինքը ծխում էր ոչ հաճախ, շատ երկար դադարներից հետո… ծխում էր քայլելիս. ծխելը, քայլելը եւ խորհելը նրա վիճակի առանձնահատկություններից էր: Ուտելիս նույնպես չէր նստում. վերցնում էր ինչ-որ պետք է եւ քայլելու ժամանակ էլ ուտում էր: Եթե անհարժեշտ էր լինում, նորից էր մոտենում դաշտային սեղանին:
«Եթե ջուր չկա լվացվելու, կամ անհրաժեշտ է ջուրը խնայել, ձեռքերը «լվանալ» հացի խմորով»,-ասում էր նա,- «եթե մոռացել եք աղ վերցնել, ձուն կերեք պանրով», «մեկ ձվից ավելի չպետք է ուտել, օրգանիզմը ի վիճակի է մարսել միայն մեկ ձու»,- եւ այսպիսի ուրիշ խորհուրդներ, որ դարձան մեր դաշտային համալսարանականների սեփականությունը եւ պահպանվեցին ողջ կյանքի ընթացքում:
Ինչ մնում է ծխող տղաներին, մեծ մասը թողեց այդ սովորույթը, գտնելով, որ ամենքը չէ, որ կարող են ծխախոտ գնել, որ դա այնպիսի սովորույթ է, որ հարմար է գալիս միայն բարձր կարգի մարդուն եւ ամոթ է ժամանակից շատ շուտ առաջ ընկնելը` թե… ես ծխող եմ:
Տարիներ հետո Հայկական մանկավարժականի միջանցքներում, դասամիջոցին, Մ. Հասրաթյանին մոտեցավ ակադեմիկոս Արարատ Ղարիբյանը եւ իրեն հատուկ եռանդուն շարժումով դիմեց գործընկերոջը`
-Ծխո՞ւմ եք…
Հասրաթյանը, նույնպես ժպտադեմ, գլխով հաստատեց իր ծխելը` «տեսնում եք, էլի…»:
***
Ամռանը Սյունիքում, մասնավորապես` Սիսիանում, Մ. Հասրաթյանին սպասում էին անհամբերությամբ: Ինչպես շրջկենտրոնում, այնպես էլ` հայրենի Ախլաթյան եւ նույնքան հարազատ Լոր եւ մյուս գյուղերում նա անբացատրելի պատճառաբանությամբ սպասվող, կարելի է ասել` երեւույթ էր: Նրա ներկայությամբ Սիսիանի մտավորականության, եւ` ոչ միայն, կյանքը թարմանում-աշխուժանում էր, կուտակված հարցերը իրենց սպառիչ պատասխաններն էին ստանում, հասրաթյանական մտքերն ու մտորումները` պատմության, հնագիտության, սայաթնովագիտության, ճարտարապետության, լեզվաբանության, գրականության, բժշկության եւ առօրյա կյանքից բխող հարցերի մասին: Սիրում էր շփվել մարդկանց հետ եւ զրուցել որքան հնարավոր է…
Չհաշված կազմակերպվող դասախոսությունները, երեկոյան ժամերին, յուրատեսակ «շքախումբ հավաքած» իր սիրտն ու թանկագին մտքերն էր բացում հայրենակիցների առաջ: Այդ յուրատեսակ զրույց-դասախոսությունները Հասրաթյանի տարերքն էին, մարդկային զանգվածներին առնչվելու իր ամենասիրած եղանակը, գրավոր խոսքից «խուսափելը» արդարացնելու իր զորեղ կռվանը:
Ժամանակի առումով որքան հեռանում ենք Մ. Հասրաթյանից, այնքան ավելի թարմ ու արդիական են դառնում նրա մտքերն ու դատողությունները` մարդու մասին, նրա կեցվածքի, ապրելակերպի, գիտության, բանականության մասին, իսկ մեր օրերում նաեւ` բանավիճելու, փոխզիջումների գնալու անհրաժեշտության մասին:
***
Երբ առաջին անգամ լսարան մտավ, ծանոթությունից հետո, շարք առ շարք, մի քանի րոպե հայացքով «անցավ» վեց տասնյակից ավելի ուսանողների վրայով եւ հայտարարեց.
-Երեսուն զույգ, երեք կենտ… երկուսը չկան… որտե՞ղ են երկուսը:
Ուսանողները քարացան. այդպիսի հաշվառում առաջին անգամն էին տեսնում, եւ հետո` կասկած առաջացավ` այսպիսի պահանջկոտությո~ւն…
Հասրաթյանը երկար չպահեց այդ լարվածությունը, եւ, կռահելով ուսանողների տագնապները, մտահոգ ասաց.
-Ես չեմ ասում, թե ինչու չեն ներկայացել այս դասին… ես ասում եմ, թե ի՞նչ է պատահել, որտե՞ղ են նրանք, հիվանդ հո չե՞ն… Դուք գիտե՞ք նրանց տեղը… Մենք իրար տեղ պետք է իմանանք… ինչեր ասես, որ չեն պատահում…
Իսկ այն ժամանակ, իրոք, դեպքեր պատահում էին, ոչ այժմյան քանակով ու որակով, բայց եւ այնպես` պատահում էին…
Սայաթնովագիտությունից մեզ գրեթե ոչինչ չասաց, եթե հաշվի չառնենք այդ թեմայով զբաղվելու հանգամանքը. «բանտից եկա, գնացի քաղկոմ, գործ չտվեցին, գնացի կենտկոմ, գործ չտվեցին, ես էլ եկա ու այդ ծերուկի օձիքը բռնեցի…»:
Այդ առարկան մենք լսում էինք հայ հին գրականության մեր դասախոսներից: Ինքը մեզ կարդում էր, այսինքն` զրուցում էր «Հին արեւելքի պատմություն», բայց պատմում էր այն ամենի մասին, ինչ հետաքրքրում էր ուսանողներին, ով ինչ կցանկանար իմանալ: Իսկ Հասրաթյանը, գործընկերների լեզվով ասած` քայլող հանրագիտարանը, պատրաստ էր դրան: Բոլոր պարագաներում` պարզ ու հասարակ, բայց միշտ ազնվական ու հմայիչ վիճակում` խանդավառող խոսքով ու կեցվածքով:
***
Մի առիթով արցախցի պատմաբան, վիպասան Բագրատ Ուլուբաբյանը պատմեց հետեւյալը.
1962 թ.-ին նշվում-տոնվում էր Սայաթ-Նովայի ծննդյան 250 ամյակը: Ամբողջ Անդրկովկասում թեւածում էր բանաստեղծ-գուսանի շունչը: Բայց եզրափակիչ ակորդը պետք է տեղի ունենար «ազգերի եղբայրության ինտերնացիոնալ քաղաքում»: Եվ իրոք, Սայաթ-Նովային վայել եզրափակիչ-տոնախմբություն էր: Բաքուն հիանալի առիթ էր ստացել իրեն բնորոշ բոլոր ցուցամոլությունները դրսեւորելու համար. Սովետական Միության բոլոր հանրապետությունները, Մոսկվան իրենց արժանավայել ներկայացուցիչներն էին ապահովել բարեկամության եւ եղբայրության այդ համաժողովին: Միջոցառմանը մասնակցելու հնարավորություն էր տրվել նաեւ Լեռնային Ղարաբաղի ինքանվար մարզին: Բացման պաշտոնական արարողությունն ավարտելուց հետո նախագահը զեկուցման համար ձայնը տալիս է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթքակից անդամ Մորուս Հասրաթյանին: Հասրաթյանը ելնում է տեղից եւ հանդարտ ու ինքնավստահ քայլերով մոտենում է ամբիոնին. նա կաթնագույն կիտել ուներ հագին, հասարակ ու հանգիստ կոշիկներ, ձեռքին` ոչ թուղթ, ոչ` մատիտ, առավել եւս` թղթապանակ… Հասավ ամբիոնին, մի թափառ հայացք գցեց վիթխարի դահլիճին: Ինչ-որ մտքեր շողացին ու անցան մտքով…
Իսկ նա չէր շտապում: Դահլիճը զուսպ ալեկոծում-տարակուսանք ապրեց, մի պահ շշուկ-ստվեր ասես անցավ այդ տաք զանգվածի վրայով, որ պետք էր վերծանել այսպես` «Այս ո՞ւմ է բերել Հայսատանը…»: Հետո Հասրաթյանի հայացքը կենտրոնացավ, դարձավ արծվային, եւ նրա հոգու ողջ կրակն ու ջերմությունը քանդակվեց նրա ազնվազարմ դեմքին ու մարմին առավ նրա խորաթափանց խոսքի մեջ: Հասրաթյանի խոսքը` մերթ հայերեն, մերթ` վրացերեն, պարսկերեն, արաբերեն ու թուրքերեն, զարմանք ու ապշանք էր սփռել: Արագությամբ թռավ-անցավ մեկ ժամը, եւ զեկուցողը, ավարտելով իր խոսքը,  ձեռքերը կիսով չափ վեր բարձրացնելով, շրջվեց եւ միեւնույն հանդարտ քայլերով շարժվեց դեպի իր տեղը: Դահլիճը կարծես արթնացավ, ու պայթեց որոտընդոստ ծափերի օվացիան…
***
Մի առիթով ակադեմիկոս Ռուբեն Զարյանը այսպես արտահայտվեց. «Հայագետ Մորուս Հասրաթյանը պատմաբան էր, հնագետ, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, հռետոր, մի խոսքով` բազմակողմանի պատրաստության տեր մի անձ, մեր մոտիկ անցյալի հոգեւոր կյանքի լուսավոր դեմքերից, որին հիշելը ունի իր դաստիարակիչ դերը ներկա եւ գալիք սերունդների համար…
Ակնհայտ էր Մորուս Հասրաթյանի հմայքը, իմացությունը, քաղաքացիականությունը, հայրենասիրությունը, հայրենագիտությունը, նաեւ` արտիստական խառնվածքը»:
Նրա գործընկեր-դասախոսները առիթը բաց չէին թողնում հորդորել ուսանողներին` «Այս էլ քանի տարի մեզ չհաջողվեց նմանվել այս լուսավոր մարդուն. փորձեցեք, գուցե ձեզ հաջողվի…»:
Թող թույլ տրվի ակադեմիկոս Ռ. Զարյանի` միանգամայն իրավացի բնորոշմանը հավելել այն միքտը, որ Մ. Հասրաթյանը ոչ միայն «մեր մոտիկ անցյալի հոգեւոր կյանքի լուսավոր դեմքերից է», այլեւ` մեր եւ գալիք սերունդների լուսավոր ժամանակակիցը:

24.06.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *