ՀՐԱԺԵՇՏ ԴՊՐՈՑԻՆ

2012_88

Վերջին զանգ… վերջին ղողանջ… վերջին դաս… վերջին հրաժեշտ ու ծաղիկներ վերջի~ն, վերջի~ն…
Վերջին զանգի գեղեցիկ և յուրահատուկ տոնն այս տարի կրկին այցելեց հանրապետության բոլոր դպրոցները և շրջանավարտներին ճանապարհեց դեպի նոր կյանք, բարձունքները նվաճելու համար թռիչքի նոր թևեր տվեց նրանց: Վերջին զանգը կյանքում հիշվող ամենալավ և միևնույն ժամանակ հույզերով լի տոն է, որի հիշողություններն ուղեկցում են մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Հենց այդ օրն է, որ ասվում են այն բոլոր չասված խոսքերը, որոնք տարիներ շարունակ գաղտնի են պահվել, հենց այդ օրն է, որ ուսուցիչները միայն հաճելի խոսքեր են ասում իրենց սաներին, հուզվում և արտասվում նրանց հետ:
Սառնակունքի միջնակարգ դպրոցում ևս կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում: Շրջանավարտներն ուրախ էին, որ ավարտում են դպրոցը և որ իրենց կյանքում բացվելու է մի նոր էջ, բայց միևնույն ժամանակ տխուր էին, որ հրաժեշտ են տալիս սիրելի դպրոցին, ուսուցիչներին: Նրանք անցկացրեցին վերջին դասը` իրենց երախտիքի խոսքն ասելով ուսուցիչներին, դպրոցի տնօրեն Անուշավան Վարդանյանին և իրենց սիրելի դասղեկ  Նվարդ Աթայանին:
Շրջանավարտներին նոր կյանք մտնելու ճանապարհին  բարեմաղթանքի խոսքեր ասացին Սառնակունքի գյուղապետ  Մանուչար Մկրտչյանը, տնօրեն Ա. Վարդանյանը, փոխտնօրեն Լ. Ազիզյանը, կազմակերպչական գծով  փոխտնօրեն  Ա. Ավետիսյանը և առաջին դասարանի դասղեկ  Ա. Բաղդագուլյանը:
Իր սաներին  նորանոր նվաճումներ, վերելքի բազում ուղիներ և մեծ հաղթանակներ մաղթեց դասղեկ  Ն. Աթայանը:
Վերջին անգամ հնչեց դպրոցական զանգը և շրջանավարտներին ճանապարհեց դեպի նոր կյանք: Բարի երթ քե՛զ, սիրելի՛ շրջանավարտ:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

 

14,472 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *