ՀՐՈՎ ԼԻՆԻ, ՍՐՈՎ ԼԻՆԻ, ՊԻՏԻ ԳՆԱՆՔ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ…

123

Ամեն ապրիլի 24-ին, նորոգելով մեր ցավը, մեր բոլոր ճամփաները մեզ տանում են դեպի մեր նահատակաց սրբատեղիներ` խոնարհվելու, խնկարկելու, ոգեկոչվելու, նաեւ` ժառանգորդի մեր իրավունքը հաստատելու:
Ու զանազան միջոցառումներով արտահայտում ենք մեր ցավը, մեր բողոքը, մեր հոգու պարտքը մեր անմեղ ու անմեռ զոհերի հիշատակին:
Սիսիանի` Ա. Մինասյանի անվան ՄՊՍԿ-ում կազմակերպված միջոցառումը դրանցից մեկը լինելով, նաեւ` ինքնատիպ էր ու տպավորիչ:
Կենտրոնի` տեւական ժամանակ պատանիների եւ մանուկների ելույթներին կարոտ բեմահարթակը խորան էր հիշեցնում, իսկ այնտեղ տեղադրված ամեն խորհրդանիշ խորհրդանշում էր թե մեր կորուստը, թե` մշտամորմոք ցավը` դեռեւս արյունածոր, թե մեր ապրելու տենչը` նռնանման, թե` հարատեւումը` սյունախոյանք:
Ու այս ֆոնին` կենտրոնի սաների հույզն է, խռովքը, ցասումը, ընդվզումը, բողոքը, բայց եւ` երդումը` «Հրով լինի, սրով լինի, խաչով լինի, գրչով լինի, պիտի գնանք վաղ թե` ուշ…»:
Միջոցառման կազմակերպիչ Մարինե Մարտիրոսյանը, աջակցության համար շնորհակալություն հայտնելով երաժշտական եւ արվեստի դպրոցների տնօրեններին, Սիսիանի զորամասին, կենտրոնի ուսմասվար Զ. Համբարձումյանին, նշեց, որ իր հոգու պարտքը ինքն էլ այդպես էր որոշել հատուցել` դրան հաղորդակից, մասնակից դարձնելով ոչ միայն կենտրոնի սաներին, այլեւ` համաքաղաքացիներին, զինվորա321կանների, պատանի երկրապահների, ովքեր քար լռությամբ` ունկնդիրն ու ակնդիրն էին բեմահարթակ-խորանում ծավալող «իրադարձությունների»:
Միջոցառման «հերոսները»` Վիկան, Աննան, Լիլիթը, Մարիամը, Նարինեն, բոլորը, նույն կերպ ապրում էին ցավն ու մորմոքը, վրեժխնդրությունն ու ցասումը եւ ոգեկոչվում ու ոգեկոչում: Իսկ օրվա «հայտնություն» Հասմիկ Հարությունյանը, ում երգը մերթ մորմոք էր` որպես «Դլե յաման» ու «Կռունկ», մերթ` հույսի, ցասման զորականչ` «Պիտի գնանք վաղ թե ուշ»-ի կոչնակով, վկայեց, որ սերունդը, հիրավի, կրողն ու ժառանգորդն է իր ազգային պահանջատիրության:
Ապրիլի 24-ին նույն միջոցառման մի քանի հատված կրկնվեց նաեւ Սիսիանի Պանթեոնի տարածքում կառուցված եղեռնի զոհերի հուշաքրի մոտ կազմակերպված ոգեկոչման սգերթի ժամանակ:

Սեփ. լրատվություն
25.04.2013

 

526 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *