ՁԵՌՔՍ ԴՐԵԼ ԵՄ ՀՈՐՍ ՇԻՐՄԱՔԱՐԻՆ ՈՒ ԵՐԴՎԵԼ ՄԻՆՉԵՎ ԿՅԱՆՔԻՍ ՎԵՐՋ ՄՆԱԼ ԻՄ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ

– Հորս չեմ հիշում, բայց նրա ներկայությունը միշտ ինձ հետ է։ Նրա հիշատակը միշտ կենդանի է մեր տանը: Մայրս շատ է պատմել հորս մասին: Նրա հետ կապված բոլոր պատմություններն անգիր գիտեմ, -ասում է Իշխան Փանյանը:
Իշխանը զոհված ազատամարտիկ Արամայիս Փանյանի տղան է:
Չորս տարեկան եմ եղել, երբ հայրս զոհվել է: Վաղ մանկության տարիներս գրեթե չեմ հիշում: Հորս հիշում եմ իմ երազներից: Նա կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Միակ երազանքը ազատ, անկախ ու միասնական հայրենիք ունենալն է եղել:
Արամայիս Փանյանը ծնվել է Սիսիանի Անգեղակոթ գյուղում: Մասնակցել է Արցախյան գոյամարտին և զոհվել: Առանց երկմտելու մեկնել է ռազմաճակատ` թողնելով կնոջը`  երեք մանկահասակ երեխաների հետ:
Իշխանը  հայացքը հառած մի կետի ասում է, որ  միշտ էլ զգացել է հոր բացակայությունը եւ փորձել է ստեղծել երեւակայական կերպար, իբրեւ` հայրը կողքին է:
-Ամենավճռորոշ պահերին կողքիս է, անգամ` զրուցում եմ հետը։ Դա անբացատրելի զգացողություն է։ Այդ կապը խոսքերով չեմ կարող նկարագրել։
Նրա համոզմամբ՝  հայրենիքի նկատմամբ սերը հորից ժառանգաբար է անցել, եւ ի տարբերություն իր հասակակիցների, որոնք մտածում են մեր երկրից գնալու մասին, Իշխանը մտադիր է մնալ հարազատ գյուղում.
Ուրիշ տեղ գնալ չեմ կարող, հայրս այստեղ է`  իմ աչքի առաջ: Ձեռքս դրել եմ հորս գերեզմանին և երդվել մինչև կյանքիս վերջը մնալ իմ ծննդավայրում, հորս ծննդավայրում: Իմ գյուղն իմ պատմությունն է, իմ հավատքն ու հպարտությունը, ցավն ու ծիծաղը, հույսը, -ասում է Իշխանը:
Հողը երբեք հեշտությամբ չեն նվաճում: Անտեսելով ամեն վտանգ`   հայ քաջերը նետվել են անողորմ մարտի: Հայրս հերոս է: Ես միշտ հպարտությամբ ամեն տեղ ասում եմ, որ իմ հայրը մասնակցել է Արցախյան գոյամարտին և մարտական գործողությունների  ժամանակ զոհվել: Մինչև օրս էլ չեմ կարողանում առանց արցունքների ու հուզմունքի խոսել նրա մասին: Ես հպարտեմ, որ նրա որդին եմ, նա իմ մեջ ապրում է, ես չեմ համակերպվել, որ նա չկա, եթե համակերպվեի այդ մտքին, չգիտեմ ինչ կլիներ ինձ հետ: Ամեն քայլից առաջ ես նայում եմ հայրիկիս նկարին ու խորհրդակցում նրա հետ:
2016 թվականի հունվարի 1-ին Արամայիս Փանյանը կդառնար 52 տարեկան: Այսօր մենք ունենք միասնական ու պաշտպանված հայրենիք հայոց քաջարիների շնորհիվ: Իշխանի հայրը նրանցից մեկն էր:
Եթե հայրս կենդան իլիներ, իմ կյանքում ամեն ինչ այլ կերպ կլիներ: Տխուր է ապրել առանց հոր, առանց նրա կյանքը անգույն է, անհետաքրքիր և ձանձրալի: Ամեն օր ժամանակ եմ գտնում, վազում եմ հորս մոտ` Պանթեոն և ասում, որ ամեն ինչ կարգին է, թեկուզ` դժվարությամբ, բայց կարողանում ենք մեր փոքրիկ նավակը ջրի երեսին պահել
Իշխանն ասում է, որ երբ խոսում է հոր մասին, աչքերն արցունքով են լցվում, իսկ կոկորդում ինչ-որ բան է շարժվում և հպարտության հետ մեկտեղ անասելի ցավ է զգում…
-Հայրս ուրախ, կյանքով լեցուն մարդ է եղել։ Սիրել է երգն ու երաժշտությունը: Նա  կարողացել է հուզել շրջապատի մարդկանց: Պատմում են, որ հենց պատերազմի ժամանակ նվագել է, երգել է, եւ իր անուշ ձայնով ոգեշնչել մարտական ընկերներին:  
Երաժշտական ունակությունները հորից է ժառանգել, վստահեցնում է Իշխանը: Գյուղի բոլոր քեֆ-ուրախությունների երաժշտությունը Իշխանին է վստահվում: Մինչ օրս աչքի լույսի պես է պահում հայրիկի ակորդեոնը, իսկ նվագելիս միշտ հուզվում է:
Կար մի պահ, որ անգիտակցաբար ուզում էի հայրս կողքիս լիներ, զգում էի հորս կարիքը… Մեկմեկ մտածում եմ` իսկ մենք կկարողանայի՞նք անցնել նույն ճանապարհը, որով իրենք են                               անցել,-ինքն իրեն մտրում է Իշխանը:
…Ասում են, որ օձերն անգամ իրենց սահմանների տարածքների համար արյունարբու կռիվներ են մղում: Հեշտչ էր լինի թուրք բարբարոսի ձեռքից խլել հողը, թեկուզ և` ոչ իրենցը:
Իշխանը խռիվ հոնքերի տակ առանց լացի թաց աչքերով մերթ հուզվում է, մերթ խաղաղվում` օդում պատկերելով հոր դիմագծերը, պատին փակցված նկարից մտապահած:
– Նայում եմ հորս բարի դիմանկարին ու զգում եմ, որ վայրի ու անանուն կարոտը խեղդում է ինձ: Այնպես կուզեի վայելել հորս ներկայությունը, վայելել ամեն մի վայրկյանը, ամեն ակնթարթը…ու երբեք չկորցնել նրան,-ասում է Իշխանը:
-Եթե միայն իմանայի~ր…
՞նչը, Իշխան…
-Ամենացանկալի ու ամենաթանկ ընծան իմ կյանքում հորս ներկայությունը կլիներ…
Անսովոր է …

Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ
25.01.2016

Մեկ Արձագանքման ՁԵՌՔՍ ԴՐԵԼ ԵՄ ՀՈՐՍ ՇԻՐՄԱՔԱՐԻՆ ՈՒ ԵՐԴՎԵԼ ՄԻՆՉԵՎ ԿՅԱՆՔԻՍ ՎԵՐՋ ՄՆԱԼ ԻՄ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ համար

  1. Ցավով և հպարտությամբ հիշում եմ Արմոյին, մարդ որ կարողացավ զենքով ու երգով հաղթել, ու զոհվել այդ հողի համար: Ցավալին այն է որ որդիները հայրենիքը չլքելու համար արդեն երդվում են շիրիմների վրա: Պինդ եղիր:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *