ՁԵՌՔ ԲԵՐԱԾԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ


Ձեռք բերածը պահպանելը շատ ավելի կարեւոր է , քան` նոր ձեռքբերումները, որովհետեւ նոր ձեռքբերումների խթանիչ ուժը արդեն ձեռք բերածի հարուցած խանդավառությունն է: Ուստի ամեն մի մարդ նախորդի աշակերտն է, իսկ եթե նա նաեւ կյանքի փորձ ունի, ուրեմն` առավել իմաստնացած է:
Այսպես կարելի է բնութագրել ու այսպես ճանաչե նաեւ Էդվարդ Հակոբյանին, մի մարդ, որ  կայանալու, աշխատանքում հմտանալու եւ կյանքում իմաստնանալու իր ակունքը համարում է Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը թե նրա, թե նրա սերնդակիցների եւ շատ շատերի համար դարձել էր իսկական դպրոց:
1951 թ.-ին ընդունվելով հենց նոր ծնունդ առած Դաստակերտի պմ կոմբինատ` Էդվարդ Հակոբյանը դարձավ նրա համբավի եւ հաջողությունների մեծացման նվիրյալներից մեկը ու մինչ այժմ էլ, երբ ոչ կոմբինատը կա, ոչ նրա հետքը, իրեն համարում է դաստակերտյան սերունդ, թեեւ հետո աշխատանքային գործունեությունը շարունակել է Զոդի ոսկու հանքերի նորակառույց կոմբինատում: 1959 թ.ին Դաստակերտի պմ կոմբինատում աշխատելիս է ընտրվել ՀՍՍՀ Գերագույն խորհրդի 6-րդ գումարման պատգամավոր` բազմիցս հանդես գալով ելույթներով, հետաքրքիր առաջարկություններով, որոնցից հիշարժան են կառավարության առջեւ բարձրացրած` Շինուհայր-Դաստակերտ բարձրավոլտ (110 հազար կվ) էլեկտրահաղորդման գծի, Սիսիան քաղաքում նոր հիվանդանոցի կառուցման, բնակարանային, կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարության համար նոր միջոցների հատկացման, գյուղամիջյան ճանապարհների եւ խմելու ջրի ջրագծերի անցկացման եւ վերանորոգման, գյուղական վայրերում բնակարանային շինարարության խթանման համար շինանյութի հատկացման եւ շրջանի համար օգտակար այլ առաջարկություններ: Աշխատանքի ընթացքում կիրառած բազմաթիվ նորարարությունների համար արժանացել է ՍՍՀՄ գունավոր մետալուրգիայի նախարարության եւ միութենական նորարարների ու գյուտարարների խորհրդի պատվոգրերի:
Հետագայում աշխատել է Զոդի ոսկու կորզման, Ավանի աղի հանքերում, աչքի ընկել վարպետությամբ, վաստակել սեր ու հարգանք, արժանացել պատվոգրերի, բայց երբեք չի մոռացել, որ իր հետագա բոլոր ձեռքբերումների համար պարտական է դաստակերտյան դպրոցին:
Էդվադ Հակոբյանը հիմա էլ ակտիվ է ու երիտասարդական ավյունով լի, նրա ջանքերով ու նախաձեռնությամբ էր, որ 2009 թ.-ին ծննդավայր Աշոտավան գյուղում կանգնեցվեց արցախյան պատերազմում նահատակված աշոտավանցի ազատամարտիկների հիշատակը հավերժացնեղ հուշակոթող:
Ճիշտ է ասված` ձեռք բերածը պահպանելը շատ ավելի կարեւոր է , քան` նոր ձեռքբերումները, որովհետեւ նոր ձեռքբերումների խթանիչ ուժը արդեն ձեռք բերածի հարուցած խանդավառությունն է: Ուստի ամեն մի մարդ նախորդի աշակերտն է, իսկ եթե նա նաեւ կյանքի փորձ ունի, ուրեմն` առավել իմաստնացած է: Այս ճշմարտությունը նաեւ մեր հայրենակրց, «Սիսական» հայրենակցական միության վարչության անդամ Էդվարդ Հակոբյանի մասին է ասված:

Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
«Սիսական» ՀԿ նախագահ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *