ՁՈՐԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՂԻՏՈՒՅՈՎ

16

Բայց, համեմատած Ձորերի գյուղերի, Աղիտուն շահեկանորեն տարբերվում է նրանցից: Սիսիանն էլ մոտ է: Զինվորական հոսպիտալն էլ գյուղում է, ու ելումուտն է շատ այստեղ: Բայց, ի տարբերություն Ձորերի հնավանդ ու ավանդաշատ գյուղերի, Աղիտուն իր առանձնահատկությունն ունի, որի շուրջ է մեր զրույցը Աղիտուի համայնքապետ Քաջիկ Հայրապետյանի հետ:

-Աղիտուն 18 տարվա գյուղ է, ունի 530 բնակիչ: Ո՛չ նրա հիշարժան պատմությունը հաշվենք, ո՛չ էլ` ոչ հեռու անցյալը: Որպես հայկական գյուղ իր նիստուկացով, որպես նոր համայնք սկսեց գոյություն ունենալ միայն 18 տարի առաջ, երբ այստեղ բնավորվեցին թե՛ Բաքվի, Սումգայիթի փախստականները, թե՛ շատ սիսիանցիներ ու նորավանցիներ: Փախստականներից շատերը չհարմարվեցին, հատկապես` երիտասարդները եւ հեռացան, իսկ տարեց եւ միայնակ փախստականները մնացին եւ դարձան համայնքի  իսկական բնակիչ: 78 թոշակառու ունենք:
… Հետո առաջին նորածինը ծնվեց, հետո առաջին գերեզմանը փորվեց, հետո առաջին ամուսնությունը եղավ, զինվոր ճամփեցինք բանակ: Դպրոցում հիմա սովորում է 60 աշակերտ, 20-նն էլ` Սիսիանի տարբեր դպրոցներում, 22 մանկապարտեզահասակ երեխա ունենք: Հիմա համայնքը փորձում է ոտք գցել վաղուց կայացած համայնքների հետ եւ … կարողանում է:
-18 տարիների ընթացքում համայնքի հիմնական ձեռքբերումը ո՞րն եք համարում:
– Նախ` հայաբնակ ու հայաշունչ դառնալը, սահմանների հստակեցումն ու ճշգրտումը, հետո միայն այն բազմաթիվ աշխատանքները, որ կատարվել ու կատարվում են: Գյուղը չի ունեցել դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ, ՈՒյծի  պոմպակայանի` շահագործումից դուրս գալուց հետո` խմելու եւ ոռոգման ջուր:
2001թ-ին 53 մլն 370 հազար դրամ արժեքով կառուցվել է 120 տեղանոց դպրոցի նոր շենքը, որի գումարի 45% -ը հատկացրել է ՄԱԿ-ի` փախստականների հայաստանյան գրասենյակը, 45%-ը` Սոցներդրումների հիմնադրամը, 10%-ը` համայնքը: «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության կողմից 2007թ.–ին վերանորոգվել է բուժկետը` 1մլն 116 հազար դրամ արժողությամբ,  ապահովվել բոլոր հարմարություններով եւ անհրաժեշտ սարքավորումներով: Հենց այս պահին ԻՖԱԴ-ի  ծրագրով 50 մլն դրամ արժողությամբ իրականացվում է Զորզոր-Աղիտու 7 կմ-ոց ջրատարի անցկացումը, որի աշխատանքները կատարում է «Հիդրոարտադրական» կոոպերատիվը: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով էլ 7,5 մլն դրամ արժողությամբ կիրականացվի ներքին ցանցի կառուցումը, որով համայնքը կապահովվի թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրով: Ընթացքի մեջ է մանկապարտեզի շենքի վերանորոգումը. պահանջվող գումարի 6 մլն դրամը հատկացրել է Զանգեզուրի ՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, 3 մլն դրամը` «Վորլդ Վիժնը», 10% ներդրումը կկատարի գյուղապետարանը: Ընդհանրապես «Վորլդ Վիժնը» շատ բան է անում համայնքի համար: Ֆուտբոլի դաշտ պատրաստեց, նորածիններին նվերներ է տալիս, 100 ոչխար է տվել մոտ 14 անապահով ընտանիքի, իսկ ծնված գառները կտրամադրվեն այլ անապահովների, 28 մեղվաընտանիք տվեց գյուղացիներին, իսկ մեղրի գումարով մարվեց դպրոցականների` գրքերի գումարները, երեխաներին ճամբար է ուղարկում…Չէ՛, դուրս չենք ընդհանուր ուշադրությունից:
-Իսկ համայնքի կողմից ի՞նչ է արվում:
-Ինը տարի շարունակ, ինչ ես համայնքապետ եմ, անապահով ընտանիքների երեխաների գրքերի գումարի 50%-ը գյուղապետարանն է վճարում, ամեն սեպտեմբերի 1-ի բոլոր դպրոցականներին գրենական պիտույքներ ենք նվիրում, յուրաքանչյուր տոնական օրվա առթիվ` նվերներ, նաեւ` ուսուցիչներին, որպես խրախուսանք` 2005թ-ից բուհ ընդունվող յուրաքանչյուր ուսանողի ուսման վարձի 50%-ը գյուղապետարանն է վճարում. արդեն 4 ուսանողի վարձ ենք վճարել:
– Ինչպես է կատարվում համայնքի բյուջեն: Բնակիչը կարողանու՞մ է հարկերը վճարել:
– Համայնքն ունի 600 հա հող, սեփականաշնորհված է 150 հա-ը, մնացածը` 20-25 տարի ժամկետով տրված է վարձակալության, եւ համայնքային բյուջեն գոյանում է հիմնականում վարձակալած հողերից: Հարկ վճարել չկարողացող գյուղացուն, ասում են, դատի տուր: Ո՞նց դատի տաս, կամ` տանն ի՞նչ ունի, որ հարկի դիմաց առգրավվի. սեւ-սպիտակ հեռուստացու՞յցը: Կարծում եմ` պիտի գյուղացու, հողագործի նկատմամբ վերաբերմունքը փոխվի:
– Ի՞նչ եք ակնկալում` փոխվի ասելով:
– Սոլյարկան թանկ է, մեխանիզմ չունենք, վարել- ցանելը թանկ է, հնձելը թանկ է, պարարտանյութը թանկ է, պահեստամասերը թանկ են, գյուղացին ցորենը էժան ծախում է, հացը եռակի թանկ գնում, բերքը-միրգը չի կարողանում վաճառել, գնորդ չկա, էլ ո՞նց հարկ տան, վարձ տան, եկամուտ էլ ստանան: Պարտքով ցանքս է արել, որ պետության 35 հազար դրամ փոխհատուցումը ստանա, պարտքը մարի, բա որ տարին էլ երաշտ լինի՞…
Հարկ հավաքելուց բացի համայնքապետը կարծես որեւէ այլ իրավունք չունի: Այս տարի կադաստրում մոտ 500-600 հազար դրամի աշխատանք է կատարվել մեր հողերին, մեր տարածքներին վերաբերող, բայց դրանից մեր համայնքին ի՞նչ օգուտ: Գործարքը համայնքապետարանը կատարեր, գումարն էլ` համայնքին մնար, համայնքն էլ իր հարցերը կհոգար:
Մենակ Երեւանը սիրունացնելով բան դուրս չի գա: Կառավարությունը պետք է վերաբերմունքը փոխի:
-Որո՞նք են համայնքի այսօրվա հիմնախնդիրները:
-Հիմնախնդիրները շատ են, բայց ես կառանձնացնեմ մեկ-երկուսը: Նախ` գազիֆիկացումը: Աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, եւ այս տարի այն իրականություն կդառնա: Կարեւորում եմ դպրոցը  միջնակարգ դարձնելը, որը հնարավորում են թե՛ շենքային պայմանները, թե՛ աշակերտների թիվը. 20 աշակերտ հաճախում է Սիսիանի տարբեր դպրոցներ, չնայած նրանց երթեւեկության ծախսը փոխհատուցվում է: Նամակներ ենք ուղարկել կառավարություն, հույս ունենք, որ խնդիրը կլուծվի:
Գյուղի համար հիմնախնդիր է նաեւ որեւէ գյուղտեխնիկա չունենալը:
-Իսկ Աղիտուի աղբանո՞ցը:
-Այն ՈՒյծի տարածքի մեջ է, բայց` Աղիտուի աղբանոց են ասում, որովհետեւ Աղիտուի քթի տակ է, եւ ծուխը Աղիտուն է շնչում, աղբն էլ քամու հետ Աղիտուի դաշտերն է լցվում, իսկ գարշահոտ աղբանոցի մոտով ոչ միայն Ձորերի բնակիչներն են անցնում, այլեւ տասնյակ այն մարդիկ, ովքեր հոսպիտալ են գալիս: Դիմել եմ Սիսիանի քաղաքապետին` աղբանոցը գոնե պատշաճ պահպանության տակ վերցնելու:
-Ասում եք` Աղիտուն 18 տարվա համայնք է: Շա՞տ է, թե՞ քիչ` կայուն համայնք դառնալու համար:
-Մյուս համայնքների հետ համեմատած` քիչ է, բայց կատարած ու կատարվելիք գործերի համեմատ` բավարար, եւ Աղիտուն այսօր տարածաշրջանի աչքի ընկնող համայնքներից է թե՛ որպես համայնք, թե՛ որպես բնակավայր: Իսկ ընդհանրապես` նման է բոլոր գյուղական, ծայրամասային համայնքներին, ուր գյուղացին արյուն-քրտինքով է իր օրվա հացը վաստակում եւ ապրում վաղվա լավ օրվա հույսով:
Զրույցը վարեց

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

 

221 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *