ՃԱԿԱՏԱԳՐԻ ՍԻՆԴՐՈՄ: Երիտասարդ տղայի ճակատագիրը, ցավոք, հիմա ոչ թե իր ձեռքում է, այլ` ամենքիս եւ… Աստծո…

Վաղատինում բնակվող իր հաշմանդամ ընկերոջն օգնելու խնդրանքով խմբագրությանն էր դիմել Նաիրի Գեւորգյան անուն-ազգանունով մի երիտասարդ:
Հարգելով նրա խնդրանքը եւ փոքր-ինչ իրազեկվելով 31-ամյա Սասուն Գասպարյանի, նրա ճակատագրի եւ կյանքին սպառնացող հիվանդության մասին, օրերս հանդիպեցինք նրան:
Ինչպես ասում են` ճակատագիրը ոչ միայն շռայլ չի եղել Սասունի հանդեպ, այլեւ, մեղմ ասած, կարծես թե հատուկ դժվարին ու ծանր խնդիրներ է միայն նախատեսել նրա համար:
Ութ տարեկանում Սասունը կորցրել է հորը, մինչ այդ ծնողներն ամուսնալուծվել էին, իսկ խորթ մայրը հոր մահից հետո լքել էր իրեն եւ իրենից մեկ տարով փոքր եղբորը` թողնելով տատի խնամքին:
Դառնալով 15 տարեկան` Սասունը զգացել էր, որ աստիճանաբար դժվարանում է քայլել, ձեռքերը շարժել, ու հասկացել է, որ անծանոթ, անհայտ ու անհասկանալի հիվանդություն է բաժին ընկել իրեն: Չի նահանջել, պայքարել է ապրելու համար, կյանքում կայանալու, մասնագիտություն ստանալու եւ ոչ միայն իրեն, այլեւ` արդեն ծերացած տատին պահել-խնամելու համար: Սովորել է Սիսիանի հումանիտար քոլեջի նկարչության բաժնում, սիրում է նկարել եւ լավ էլ ստացվում է, չի բավարարվել միայն դրանով, ինքնուրույն սովորել է կոշկակարություն, երբեմն` վճարովի, երբեմն` խաթրով, նորոգում, կարում է համագյուղացիների կոշիկները, ու գոհանում մտքից, որ դեռ, անգամ նման անօգնական վիճակում, կարողանում է օգտակար լինել մարդկանց, լցնել իր օրը, փոքր-ինչ հետաքրքիր դարձնել իր առօրյան եւ կյանքը:
Սակայն, որքան էլ փորձում է, չի կարողանում հաղթահարել հիվանդությանը, քանի որ այն գնալով բարդանում է, խորանում:
Վերջերս էլ երկու նոր հարված ստացավ. մի քանի օր առաջ մահացավ իրենից մեկ տարով փոքր եղբայրը, ով դարձյալ հիվանդ էր, դրանից առաջ նրան լքել էր կինը, ում հետ ընդամենը մի քանի ամիս ապրեց, եւ ում հետ այնքան հույսեր էր կապում Անտիկ տատը, մտածելով, որ իրենից հետո Սասունի կինը կդառնա նրա կյանքի հենարանը եւ ապրելու իմաստը: «Ինձ նման հիվանդ մարդու հետ ո՞վ կցանկանա ապրել, որ կինս ապրեր, լքեց-գնաց»-, տխրամած ասում է նա` ցավացնելով ոչ միայն իր վիրավոր սիրտը, այլեւ` տատիկին:
«Բան չկա,-ասում է Անտիկ տատը, էլի մեկին գտիր, կսիրենք, կպահենք, թող էս տնից կյանքն ու մարդկային շունչը չվերանան»,- ասում է տատը ու այնպես հավատում, որ Աստված լսեց իրեն եւ կկատարի իր սրտի փափագը, միայն թե թոռը մի քիչ լավանա, միայն թե կարողանան բուժել նրան:
Սասունը պատմում է, որ դիմել են շատ բժիշկների, ոչ ոք չի համարձակվում վիրահատել, խորհուրդ են տալիս բուժումներ, ինչն էլ թանկ է, իսկ միայն նպաստի եւ երկրորդ կարգի հաշմանդամության թոշակի հույսին մնացած ընտանիքը որտեղի՞ց գտնի այդքան գումար` թանկ բուժումները գլուխ բերելու համար:
Վաղատինի գյուղապետ Շահեն Գրիգորյանը, ում հետ այցելել էինք Սասունին, խոստացավ կազմակերպել «Կարմիր խաչի» վերականգնողական կենտրոնում նրա բուժման գործընթացը` միաժամանակ ասաց, որ ինքը առանց դրա էլ աչքաթող չի արել երիտասարդին եւ այս ընտանիքին օգնել, օժանդակել է, ինչով որ կարողացել է:
Անտիկ տատն էլ էր շնորհակալ համայնքապետից. «էլի ինչ արել, նա է արել»,- ասաց նա:
Տատը հուզվեց նաեւ թոռան ընկերոջ` Նաիրիի նախաձեռնությունների համար, շնորհակալ եղավ եւ բարեմաղթանքներ ուղղեց նրան:
Սասունը հույսը չի կորցնում, որ կվերականգնվի առողջությունը, թեեւ` ոչ ամբողջությամբ, բայց` կվերականգնվի: Ախր 80-ամյա տատի հույսը իր վրա է, այս տան հույսը իր վրա է, տան մյուս անդամները` հորեղբայրները դրսում են, ինքն է տան շառավիղը ու տատի հույսը…
Ճակատագիրն ամեն օր մի փորձություն է մատուցում Սասունին, մի օր` վատ, մի օր` լավ, ու կարծես դրանից նրա կամքն ավելի է կոփվում, վարպետորեն թաքցնում է հոգու եւ մարմնի ցավը, որ… տատը չնկատի, չտանջվի: Միակ հենարանը հիմա 80-ամյա տատն է, խոցելի, փխրուն, վիրավոր սրտով տատը, որ չի հասկանում, թե ինչու է աստված այսքան ցավը հավաքել իր տանիքի տակ, հետո էլ ասում է` «ընտանիքի մեծը որ հեռացավ այս կյանքից (նկատի ուներ իր ամուսնուն), ասես մեր կյանքի անիվը շուռ եկավ ու այդպես գնում է մինչ օրս»: Անտիկ տատը պատմեց, որ իր որդին` Սամվելը, Սասունի հայրը, 1990-ին Ստավրոպոլից եկավ գյուղ, ընտանիքը բերեց, Արցախյան պատերազմն էլ սկսվել էր, ասաց, այնտեղ` Ստավրոպոլում անելիք չունի, իր գործն այստեղ է, եղբոր` Մանվելի (հայտնի` Աղալո) հետ պատերազմ կգնա, ընտանիքին թողեց, գնաց, որ իրերը բերի, վերադարձին Կազբեկում կամազով վթարի ենթարկվեց, մահացավ ու…
Նաիրի Գեւորգյանը Սասունի համակուրսեցին է, միասին են սովորել քոլեջում, գնահատում է ընկերոջ շնորհները, նկարելու ձիրքը, հավանում նրա կտավները եւ փորձում օգնել նրան` դիմելով հնարավոր բոլոր հասցեներով: Սասունը շոյված էր եւ մարդկայնորեն զգացված ընկերոջ նախաձեռնությունների համար:
Մինչ մենք կպատրաստեինք այս հոդվածը, տեղեկացանք, որ Նաիրի Գեւորգյանի ջանքերով բացվել է «Օգնություն երիտասարդ հաշմանդամ Սասուն Գասպարյանին» ֆեյսբուքյան էջ, որտեղ Նաիրին գրառել է`

Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, Սասուն Գասպարյանը ունի մեզանից յուրաքանչյուրի օգնության ու զորակցության կարիքը: Խնդրում ենք` անտարբեր չլինել և հնարավորության սահմաններում Աստծո կողմից մեր մարդասիրական համեստ ներդրումն ունենանք այս երիտասարդի հետագա կյանքը բարելավելու համար, որովհետև նա տառապում է “դեղծերեվի” հիվանդությամբ, որն արգելք է Սասունի աջակողմյան ձեռքի և ոտքի մկանները համապատասխան ոսկորների հետ զարգանալուն :
Այժմ հիվանդությունն այնքան է խորացել, որ երիտասարդը կարիք ունի շուտափույթ բուժման, որպեսզի խուսափի հավերժ սայլակին գամվելու ճակատագրից և վտանգից, որը կարող է վերջ դնել նրա կյանքին:
Սասուն Գասպարյանին օգնելու և աջակցելու համար բացվել է հաշվեհամար Արդշինինվեստ բանկում` 24700277636400, նրա ազգակցուհի Մարիամ Այդինյանի անունով:
Խնդրում ենք Ձեր համեստ ներդրումն ունենալ երիտասարդի շուտափույթ բուժման գործում, անտարբեր չլինենք, օգնենք մեր եղբորը:

Իսկապես, խոնարհումի է արժանի Նաիրի Գեւորգյանի նախաձեռնությունը, սրտացավությունը եւ մարդկային պարզ, անկեղծ վերաբերմունքը Սասունի հանդեպ, ում ճակատագիրը, ցավոք,հիմա ոչ թե իր ձեռքում է, այլ` ամենքիս եւ… Աստծո…

«ՈՐՈՏԱՆ»
14.08.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *