ՃԱԿԱՏԸ ՀԱՄԲՈՒՐԵԼԻ ՍԻՍԻԱՆ. ՄԵԴԱԼԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԸ

Սեպտեմբերի 3-ին երկու լուր ցնցեց Սիսիանը: Թե դրանցից առավելապես որն էր որից կարեւոր, սուբյեկտիվ տարր կարող է իր մեջ պարունակել, բայց որ երկուսն էլ միանշանակ կարեւոր էին Սիսիանի համար, երկրորդ կարծիք լինել չի կարող:
Սեպտեմբերի 3-ին Սիսիանը Ճանաչվեց  2014 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք  մրցույթի հաղթող:
Սեպտեմբերի 3-ին տարածվեց Սիսիանի քաղաքապետարանի դեմ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու մեղադրանքով քրեական գործ հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազության մամլո հաղորդագրությունը:
Եւ Սիսիանի քաղաքապետարանը սեպտեմբերի 4-ին ստիպված եղավ չեղյալ համարել երիտասարդական մայրաքաղաք դառնալու առթիվ նախապես հայտարարված ու նախապատրաստված տոնական միջոցառումը:
Գուցե պատահականություն էր, գուցե՝ զուգադիպություն, գուցե՝ օրինաչափություն Սիսիանի համար այս երկու կարեւոր իրադարձությունների՝ միաժամանակյա հրապարակումը, բայց, ինչպես ասում են, կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում:
Սրանով, իհարկե, բնավ չստվերվեց Սիսիանի՝ երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու ցնծությունը, ընդհակառակը, առաջին անգամը լինելով, այն անջինջ մնաց նաեւ մրցույթի տարեգրության եւ Սիսիանի պատմության մեջ՝ ինչպես վիճակված է բոլոր առաջիններին, բայց եւ մի տեսակ «կծկվեց»  ցավի  այն ճնշող զգացողության առաջ, որ հանրապետությունում Սիսիանի քաղաքապետարանը բացառիկներից է, ում նկատմամբ արդեն երկրորդ անգամ քրեական գործ է հարուցվում նույն քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում՝ գրեթե նույն հոդվածներով:vorotan07092013-1
Բայց նաեւ, որքան էլ տարօրինակ լինի, առաջին անգամ Սիսիանի պատմության մեջ Սիսիանի «բախտը բերեց»՝ հաղթել ներկայանալի մի մրցույթում այսքան անմխիթար, այսքան քարուքանդ, այսքան՝ անտեսված ու արհամարհված, այսքան մեռած լինելու «պատճառով», ինչի հետեւանքը եւ ապացույցը, միանշանակ, քրեական գործի հարուցումն էր:
Իհարկե, քվեարկության ողջ ընթացքում տեսանելի, ակնհայտ դարձավ այն անվիճարկելի կռվանը, այն առհավատչյան, ինչի համար եւ Սիսիանը պիտի դառնար մրցույթի հաղթող. դա սիսիանցիների անսահման սերը եւ անհուն ցավն էր իրենց քաղաքի հանդեպ, ինչն էլ երաշխավորեց Սիսիանի հաղթանակը  անհավասար ուժերի այդ մրցույթում:
Անսահման սերը եւ անհուն ցավը: Ու՝ ցավը սիրուց էր, ու՝ սերը՝ ցավից էր:
Հանուն Սիսիանի հաղթանակի քվեարկող սիսիանցիներն ու ոչ սիսիանցիները, բնականաբար, չգիտեին, որ քվեարկության ընթացքում Սիսիանի քաղաքապետարանում ընթանում էին քրեական գործ հարուցելու վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունները (չնայած՝ այն ավելի վաղ էր սկսված, եւ զուգադիպեց նաեւ քվեարկության ժամանակահատվածին), բայց հանուն Սիսիանի հաղթանակի քվեարկելով, Սիսիանի համար ցավալով՝ նրանք նաեւ իրենց մտահոգություններն ու մտավախություններն էին հայտնում հաղթելուց հետո Սիսիանում որեւէ բան փոխելու առումով եւ իրենց մեկնաբանություններն էին թողնում մրցույթին վերաբերող գրեթե բոլոր հրապարակումների տակ, ինչը շարունակվեց անգամ հաղթանակի բերկրալի լուրն առնելուց հետո: Եվ շատ շատերը, շնորհավորելով միմյանց ու Սիսիանին, չէին կարողանում թոթափել իրենց համակած այդ մեծ անվստահությունը  հաղթանակը «տնօրինողի»՝ քաղաքային իշախնության եւ քաղաքապետարանի նկատմամբ:
Լիա ՍՏԵՓԱՆԻՆ, հաղթանակի լուրն առնելուց հետո իր էջում գրել է.   «Կեցցեք: Ուղղակի վախենամ՝ այս փոփոխությունն  էլ մի քանի հոգու համար լինի, ու էլի հասարակ ժողովրդի, ի դեմս երիտասարդների, համար ոչինչ չփոխվի: Տեսնենք»:
Սուսաննա ԱԶՈՅԱՆԸ գրել է. «Շնորհավորում եմ բոլոր սիսիանցիներին: Սիրելի երիտասարդներ, աշխատեք ՏԵՐ լինել ձեր հաղթանակին ու պահպանել այն»:
Սոնա ԱՎԱԿԻՄՅԱՆ. «կատարյալ, փայլուն հաղթանակ էր, ինչը սիսիանցու արդար աշխատանքի, նվիրվածության, մեծ հույսերի վառ արտացոլանքն էր, ՀՈՒՅՍԵՐ, որոնք , հուսով եմ, ՉԵՆ ԽՈՐՏԱԿՎԻԻԻԻԻԻ ագահության, ստորության, ընչաքաղցության ամենակուլ վիհերում… Մենք ունենք հիանալի բնություն, պատմամշակութային հիանալի կոթողներ, որոնք արժանի են ամենամեծ ուշադրության և քիչ թե շատ վայելում են այդ ուշադրությունը: Բայց միայն բնությունն իր կախարդական հրաշքներով դեռ բավական չէ, քանի որ բնությամբ հիանալուց հետո, երբ նայում ենք քաղաքի անմխիթար տեսքին , հրաշալի պատկերն ու տպավորությունը աղճատվում են…. սիսիանցինե՜ր, … սա մոռացված, ծերացած, ժամանակի փոշու մեջ կորած, բայց միևնույն ժամանակ դրախտային գողտրիկ անկյուն ՄԵՐ Սիսիանի հաղթանակն էր…»:
Արուս ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ. «Մնում է , որ տեր կանգնենք մեր հաղթանակներին, գոնե մի անգամ չհիասթափվենք ու չհայտնվենք կոտրված տաշտակի մոտ կոտրված հույսերով: Կոչ եմ անում մեր պատկան մարմիններին՝ վեր կանգնել իրենց անձնական շահերից և ներդրվելիք միջոցները ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ուղղորդել ՄԵՐ քաղաքի այնքան անմխիթար վիճակը բարելավելուն, որպեսզի սիսիանցին ունենա բարեկեցիկ քաղաք, գեղեցիկ զբոսայգիններ, ապահով կարուսելներ, ժամանակակից ժամանցի վայրեր և ասֆալտապատ ճանապարհներ: Տա Աստված և ոչ միայն Աստված…»:
Սիսիանը անսահման սիրելու եւ Սիսիանի համար անհունորեն ցավալու նման բազում եւ բազմաթիվ օրինակներ էլի կարելի է բերել, բայց եղածն էլ բավարար է ասել՝ ճակատը համբուրելի սիսիանցիներ… անկեղծ, շիտակ, անկողմնակալ եւ անկաշառ  երիտասարդներ…
Բայց  այս Սիսիանին ու այս սիսիանցիներին ղեկավարում, նրանց ճակատագիրն ու բախտը տնօրինում են մարդիկ, ում չեն վստահում ու չեն հավատում սիսիանցիները, եւ դրա հիմքերը ունեն, քանի որ հենց նրանց հանդեպ է պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական կեղծիքներ կատարելու համար երկրորդ անգամ քրեական գործ հարուցվում:
Եղան, իհարկե, նաեւ պատեհապաշտական, քծնական, կեղծ, պրիմիտիվ ու տեղային հայրենասիրական, Սիսիանի «ցավով տոգորված»՝ Սիսիանի իրական պատկերը մրցույթում միայն «գունավոր ակնոցներով» ներկայացնելու ջատագովներ՝ հանուն «քարոզչահնարքների», ինչը միայն հեգնանք առաջացրեց. ո՞ւմ աչքերը կապելու կարիքը կար…
Իսկ Սիսիանի քաղաքապետի դուստրը՝ Հասմիկ Հակոբջանյանն էլ զարմացական այսպիսի մի գրառում էր թողել Սիսիանը ոչ թե գունավոր ակնոցներով, այլ՝ ռեալ ներկայացրած  մեկ ուրիշի գրառման տակ.  du karcumes vo Sisian@ tarec tarec heta gnum?…
Հ. Գ. Եթե իրենք «տարեց տարեց» բարգավաճում են, ուրեմն՝ Սիսիանը «տարեց տարեց» առա՞ջ է գնում… Ապացույցն էլ  Աղասու ղեկավարությամբ «աշխատող» Սիսիանի քաղաքապետարանի դեմ հարուցված քրեական գո՞րծերն են երեւի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
07.09.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *