Ճանաչենք մեր հայրենակիցներին. Միքայել Հովհաննեսի Աստվածատրյան. պրոֆեսոր, կարմիր բանակի նեւրոպաթոլոգ

Միքայել Ատվածատրյանը ծնվել է 1878 թ.-ին, Դերբենդ քաղաքում, Բռնակոթ գյուղից այստեղ վերաբնակության եկած Հովհաննեսի ընտանիքում: Կլասիկական գիմնազիան ավարտելուց հետո 1896 թ.-ին Միքայելն ընդունվել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկո-մաթեմատիկական ֆակուլտետը: 1900 թ.-ին համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է Յուրեւի համալսարանի բժշկական ֆակուլտետի 3-րդ կուրսը, իսկ հաջորդ տարի փոխադրվել Զինվորական-բժշկական ակադեմիա, որն ավարտել է 1904 թ.-ին: Զինվորական ակադեմիան ավարտելուց հետո, գիտական կատարելագործման համար, կոնկուրսի կարգով Աստվածատրյանին թողել են պրոֆեսոր Վ. Մ. Բեխտերեւի գլխավորած ներվային եւ հոգեկան հիվանդների կլինիկայում: 1908 թ.-ին բժշկական գիտության դոկտորի աստիճան ձեռք բերելու նպատակով դիսերտացիա պաշտպանելուց հետո Միքայել Աստվածատրյանը, որպես Վիլլերի թոշակառու, կատարելագործվելու համար երեք տարով գործուղվել է արտասահման: Արտասահմանից վերադառնալուն պես Միքայել Աստվածատրյանին տրվել է կլինիկական պրոֆեսորի կոչում:

1912 թ.-ին իբրեւ կոնսուլտանտ աշխատել է Վարշավայի զինվորական հոսպիտալում, իսկ 1914 թ.-ին` Պետերբուրգի զինվորական հոսպիտալում:

1916-1936 թ.թ.-ին Միքայել Աստվածատրյանը ղեկավարել է Ռազմաբժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնը:

Միքայել Աստվածատրյանը կարմիր բանակի կազմավորման առաջին իսկ օրերից մտել է նրա շարքերը: Մեծ գիտնականը մոտ 20 տարի իր տաղանդը, հմտությունն ու անսպառ եռանդը նվիրաբերել է կարմիր բանակի եւ ռազմա-ծովային նավատորմի բժշկական սպասարկումը գիտական բարձր աստիճանի վրա դնելու գործին:

Մ. Աստվածատրյանը Մեչնիկովի անվան հիվանդանոցի (ներկայում` 2-րդ բժշկական ինստիտուտի ներվային հիվանդությունների կլինիկա) ներվային բաժանմունքի կազմակերպիչն ու անփոփոխ ղեկավարն է եղել սկսած 1924 թ.-ից մինչեւ մահվան վերջին օրը:

Նրա բեղմնավոր գրչին են պատկանում ավելի քան 100 գիտական աշխատություն: Մ. Աստվածատրյանի գիտական գործունեության մեջ ամենաաչքի ընկնողը, որը նրան փառքով պսակեց նաեւ երկրի սահմաններից դուրս, Բեխտերեւից հետո ռուսական նեւրոպաթոլոգիան բարձրացավ մի նոր, էլ ավելի բարձր աստիճանի: Պրոֆեսոր Աստվածատրյանը ստեղծեց հոյակապ դպրոց, հանդիսանալով նեւրոպաթոլագիայի էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը  եւ համաշխարհային գիտության մեջ այդ ուղղության ականավոր ներկայացուցիչներից մեկը:

Բժշկական գործունեության ամբողջ ընթացքում Միքայել Աստվածատրյանը առանձնապես շատ է զբաղվել զինվորական նեւրոպաթոլագիայի հարցերով: Զինվորական նեւրոպաթոլոգիայի շուրջ ունեցած բազում աշխատություններից բացի նրա նախաձեռնությամբ եւ խմբագրմամբ լույս է տեսել «Զինվորական նեւրոպաթոլոգիայի մասին ուղեցույցը», որն ընդգրկում է խաղաղ եւ պատերազմի ժամանակաշրջանում նեւրոպաթոլոգիայի գերկարեւորագույն հարցերը:

Միքայել Աստվածատրյանը բազմակողմանիորեն զարգացած մարդ էր, կատարելապես տիրապետում էր մի քանի լեզուների, լավ գիտեր դասական գրականությունը: Մ. Աստվածատրյանի ողջ ստեղծագործությունը խորապես կապված է կյանքի հետ: Հեղինակը հաճախ կրկնել է, որ բժշկի համար լավագույն դպրոցը կլինիկան եւ հիվանդի մահճակալն է:

Մեծ գիտնականի հիշատանկը հավերժացնելու համար նրա մահից հետո 1936 թ.-ին Լենինգրադի ռազմական ակադեմիայի ներվային հիվանդությունների կլինիկան անվանակոչվել է նրա անունով: Թաղված է Լենինգրադում, Ալեքսանդր Նեւսկու վանքի գերեզմանատանը:

Սերո Խանզադյանը իր «Հայրենապատում» գրքում նրա մասին պատմում է հետեւյալը. «Հայտնի է, որ 1919 թ.-ի օգոստոսի 24-ին անգլիական գեներալ Շատերլոտը իր զորքով հեռացավ Բաքվից: Ադրբեջանի այն ժամանակվա  կառավարության պարագլուխ Ուսուբբեկովը պատվո ճաշ տվեց Ղարաբաղի դահիճ անգլիացուն: ճաշկերությի ժամանակ մեր բռնակոթցի Աստվածատրյանը մտնում է ներս եւ մաքուր անգլերեոնով Շատերլոտին ասում` հայ ժողովուրդը երբեք չպիտի մոռանա ձեր դավաճան արարքը հայոց Ղարաբաղի նկատմամբ: Ձեր ձեռքերը արյունոտ են, դուք ձեզ հետ տանում եք հայ ժողովրդի անեծքը»:

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *