ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

2010_14

«Ճանաչենք մեր հայրենակիցներին» շարքի մտահղացման հեղինակն է «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության նախագահ Ժորա Խուրշուդյանը:
Հեղինակի նպատակը ոչ միայն թերթի միջոցով փոխադարձ կապի ամրապնդումն է հայրենի եզերքի հետ, ոչ միայն սիսիանյան իրադարձությունները երեւանաբնակ մեր հայրենակիցներին իրազեկել-հասցնելն է, այլեւ՝ երեւանաբնակ մեր նշանավոր հայրենակիցներին, մշակույթի, արվեստի, հանրային կյանքի երեւելիներին նաեւ Սիսիանում ճանաչելի դարձնելը:
Ինչ նվաճումների էլ հասնեն նրանք, ինչ ձեռքբերումներ էլ ունենան, նրանք խոնարհվել ու խոնարհվում են այն հողի առջեւ, այն բագինի առջեւ, որ ծննդավայրն է իրենց եւ ջանում են արժանավոր զավակը լինել նրա:2010_15
2009 թ.-ին գրականության եւ արվեստի բնագավառներում ստեղծած արժեքավոր գործերի համար ավելի քան մեկ տասնյակ գործիչներ 2010 թ.-ի հունվարի 21-ին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից ստացան պետական բարձր պարգեւներ: Ճարտարապետության եւ կերպարվեստի բնագավառներում պետական պարգեւը հանձնվեց ոչ թե անհատների, այլեւ` աշխատանքային խմբի: Կերպարվեստի ոլորտում նախապատվությունը տրվեց իր տեսակի մեջ եզակի` կոլեկտիվ տեսական աշխատությանը` «Հայ արվեստի պատմություն» գրքին, որի հեղինակներն են Արարատ Աղասյանը, Մուրադ Հասրաթյանը, Հրավարդ Հակոբյանը եւ Վիգեն Ղազարյանը: Նրանց հեղինակած մոտ 600 էջանոց գիրքը ներկայացնում է հայ արվեստի պատմությունը հնագույն շրջանից մինչեւ մեր օրերը: Ավելորդ չենք համարում եւս մեկ անգամ հիշեցնել, որ Արարատ Աղասյանը եւ Մուրադ Հասրաթյանը մեր հայրենակիցներն են` արմատներով Ախլաթյան գյուղից:

ՆԱԵՎ՝ ԱՅՍՊԻՍԻ ՄԱՐԴԻԿ


2010_16Մուրադ ՀԱՍՐԱԹՅԱՆ.- Բավական է ասել, որ նա զավակն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, «քայլող հանրագիտարան» անվանված Մորուս (Մարգար) Հասրաթյանի, որի մասին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեւորգ Ղարիբջանյանը հիշում է. «… հորեղբայրս` իրավաբան Արամայիս Ղարիբջանյանը, որն ապրում էր Մորուսի հարեւանությամբ, ինձ խորհուրդ էր տալիս լեզվաբանության հարցերում հետեւել Հրաչյա Աճառյանին, իսկ պատմության` Մորուսին»: Այս խոսքերը բավական են մեկ անգամ եւս համոզվելու, որ պտուղը ծառից հեռու չի ընկել: Այսօր Մուրադ Հասրաթյանը արժանապատվորեն շարունակում է քայլել հոր հետքերով, միաժամանակ` սեփական ճանապարհով՝ բազմապատկելով գիտական ժառանգության այն փառքը, որ ազգին է թողել պատմաբան, լեզվագետ, հայագետ, սայաթնովագետ մեծն Մորուս Հասրաթյանը:
1958թ.-ին գերազանց գնահատականներով ավարտելով Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժանմունքը` Մուրադ Հասրաթյանը աշխատանքի է անցել «Երեւաննախագիծ» ինստիտուտում: 1964թ.-ից մինչ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում  սկզբում որպես գիտաշխատող, ապա` գիտքարտուղար, 1979 թ.-ից հուշարձանների համահավաքի բաժնի վարիչ, 1988թ.-ից` ճարտարապետության բաժնի վարիչ: Զբաղվում է հայ ճարտարապետության պատմության հիմնախնդիրներով: Ուսումնասիրել եւ գիտական շրջանառության մեջ է դրել վաղ միջնադարյան մի շարք կարեւոր հուշարձաններ` Արցախի վանքային համալիրը, Թբիլիսիի հայկական եկեղեցիները եւ այլն: Առաջինն է հետազոտել եւ շարադրել ուշ միջնադարի հայկական ճարտարապետության պատմությունը: Զբաղվում է Հայաստանի եւ մերձակա երկրների ճարտարապետական առնչություններով: Մասնակցել է հայ արվեստին եւ մշակույթին նվիրված միջազգաին սիմպոզիումների: 2000թ.-ին հրավիրվել է Սորբոնի համալսարան (Փարիզ¤ վարելու «Հայ միջնադարյան ճարտարապետության» դասընթացը: Ընդգրկված է Երեւանի ճարտարապետա-շինարարական պետական համալսարանի` գիտական կոչումներ շնորհող հանձնախմբում: Նրա գրչին են պատկանում հայ ճարտարապետությանը նվիրված մի շարք գրքեր, այդ թվում` “Ереван”, “Архитектура Советской Армении”, Ketcharis (Milan 1982, Ketcharis (Milan 1982), Gandzasar (Milan 1987),  «Հայաստան, քրիստոնեական ճարտարապետության 1700 տարին», «Հայկական ճարտարապետության պատմություն» (6 հատորով): «Հայ արվեստի պատմություն» աշխատության համար 2009 թ.-ին ստացել է պետական մրցանակ:
Մուրադ Հասրաթյանը հայտնի է նաեւ իր նշանավոր մենագրություններով, որոնցից են «Սյունիքի 17-18-րդ դարերի ճարտարապետական համալիրները», «Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը», “Очерк армянской архитектуры”, “Армянская архитектура раннего христианства” եւ այլն: 1993 թ.-ին պաշտպանել է ատենախոսություն «Հայաստանի 15-19-րդ դարերի ճարտարապետությունը» թեմայով  եւ ստացել ՌԴ ճարտարապետական գիտական աստիճան, 2003-ին` պրոֆեսորի գիտական կոչում: 2006թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2007 թ.-ին արժանացել ՀՀ վաստակավոր ճարտարապետի կոչման: Ճարտարապետության ոլորտում բացառիկ գործունեության համար 1970 թ.-ին պարգեւատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով, նույն թվականին արժանացել ՀԼԿԵՄ մրցանակի: 1990 թ.-ին պարգեւատրվել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր դիպլոմով, 2005թ.-ին` ՀՀ ԳԱԱ Վաստակագրով: Այժմ դասավանդում է Երեւանի Պետական համալսարանում, Գեղարվեստի պետական ակադեմիայում, Ճարտարապետության ու շինարարության համալսարանում:


2010_17Արարատ ԱՂԱՍՅԱՆԸ  Հայաստանի Հանրապետության վաստակավոր տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, ՀՀ բանկային համակարգում մի շարք ղեկավար պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Աղասյանի որդին է: Նա իր աշխատանքային գործունեության ընթացքում հասել է զգալի հաջողությունների: 2007 թ.-ին արժանացել է արվեստագիտության դոկտոր-պրոֆեսորի, 2009-ին` ՀՀ վաստակավոր գործչի կոչումներին: 2003 թ.-ից մինչ օրս ղեկավարում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը: 1995 թ.-ից ընդգրկված է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արվեստագիտության գծով գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի կազմում, իսկ 2009թ.-ին դարձել է այդ խորհրդի նախագահի տեղակալը:
1997թ.-ից ՀՀ նկարիչների միության անդամ է: 2006 թ.-ին ընտրվել է հանրապետության նախագահի` մրցանակների շնորհման արվեստի հանձնախմբի կազմում, 2009 թ.-ին` գրականության եւ արվեստի բնագավառներում` արվեստի ոլորտի պետական մրցանակներ շնորհող հանձնախմբի կազմում:
Արարատ Աղասյանը 2009 թ.-ին ընտրվել է Սանկտ -Պետերբուրգի` Պետրոս Մեծի անվան գիտությունների եւ արվեստի ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակ է ավելի քան 100 գրքերի, մենագրությունների եւ գիտական հոդվածների, որոնք տպագրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Հունգարիայում, Լեհաստանում, Վրաստանում հրատարակվող գիտական ժողովածուներում եւ հանդեսներում: Արարատ Աղասյանի հեղինակած աշխատություններում առանձնանում են «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում» եւ«Հայ արվեստի պատմությունը» աշխատությունները, ինչի համար էլ 2009-ին արժանացավ ՀՀ պետական մրցանակի: Զեկուցումներով հանդես է եկել հանրապետության եւ միջազգային բազմաթիվ գիտաժողովներում: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 6 ատենախոսություն:
Ներկայումս դասավանդում է Երեւանի Պետական համալսարանում եւ Գեղարվեստի պետական ակադեմիայում:
«Սիսական» ՀԿ միությունը  եւ «Որոտան» թերթի խմբագրությունը սրտանց շնորհավորում են մեր հայրենակիցներին հանրապետության պետական բարձր մրցանակի արժանանալու առթիվ եւ ցանկանում նորանոր հաջողություններ հայ արվեստի զարգացման ոլորտում:

Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

 

333 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *