ՃԱՆԱՊԱՐՀԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ` ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ ՈՒ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ եւ Զանգեզուրի ՊՄ կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ֆինանսավորմամբ, օրերս իրականացվեցին Իշխանասարի խաչմերուկ-Սիսիան մոտ 4,5 կմ ճանապարհի վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքները, որը վստահվել էր «Ամարասշին» ՍՊԸ-ին  (տնօրեն` Արթուր Ալեքսանյան):
Ավելի քան 30 տարի ճանապարհաշինական տեխնիկայի «երես չտեսած» ճանապարհահատվածում վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներն անսովոր էին նաեւ երթեւեկող վարորդների, ուղեւորների ու մեր աչքի համար, քանի որ այն իրականացվում էր ոչ միայն նոր տեխնիկայով, այլեւ` նոր տեխնոլոգիայով:
Մեզ հետ զրույցում բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներն իրականացնող կազմակերպության գործադիր տնօրեն Վիկտոր Խաչատրյանը նշեց, որ, քանի որ երկրի պետական բյուջեի սղության պատճառով ճանապարհների վերանորոգման եւ շահագործման աշխատանքներ չեն կատարվել, կենսական նշանակության շատ ճանապարհներ ամբողջությամբ դարձել են անանցանելի եւ անմխիթար: Սակայն, շնորհիվ Սյունիքի մարզպետի եւ ԶՊՄ կոմբինատի տնօրենի, հնարավոր է դարձել վերանորոգել ու անցանելի դարձնել այս ճանապարհահատվածը, որից չափազանց շատ են դժգոհել հատկապես վարորդներն ու ուղեւորները:
Վիկտոր Խաչատրյանը նշեց, որ աշխատանքներն իրականացվում են ավստրիական  FENDT տեխնիկայով: Նոր տեխնիկայի եւ նոր տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ ոչ միայն դեն չի նետվում նախկին ասֆալտածածկը, ինչպես ավանդական ասֆալտապատման ժամանակ, այլեւ` դա վերամշակվում, աղվում, փռվում է, ամրացվում` դառնալով խճագրունտային նորմալ, անցանելի եւ բարեկարգ ճանապարհ, ինչի շահագործման ժամկետը նույնպես երաշխավորված է:2012_53
Ըստ Վիկտոր Խաչատրյանի` անանցանելի ու անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների շահագործման այս նոր տեխնոլոգիան տասնյակ անգամ ավելի էժան է, քան` ավանդական ասֆալտման եղանակը: Միաժամանակ այն կայուն հիմք կստեղծի ճանապարհը ապագայում ավանդական եղանակով ասֆալտապատելու համար:
Ճանապարհի շահագործման նոր տեխնոլոգիան հնարանորություն կտա շատ այլ համայնքներում անմխիթար եւ անանցանելի վիճակում գտնվող ճանապարհները դարձնել անցանելի ու բարենորոգ:

Համարի նյութերը եւ լուսանկարները
նախապատրաստվել են ՀՀԿ Սիսիանի
նախընտրական շտաբում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *