ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Է

Երեւան-Գորիս-Մեղրի մայրուղու 182-րդ կմ-ի (Ծղուկ գյուղի մերձակա տարածք) փլուզված ճանապարհահատվածը ավելի քան 2 տարի լուրջ անհանգստություն պատճառեց վարորդներին եւ ուղեւորներին: Բայց ահա, ի ուրախություն նրանց, սեպտեմբերի 1-ից սկսվեցին ճանապարհի վթարված` 500 մետր հատվածի վերականգնման աշխատանքները, որն իրականացնում է «Սիսիանի ճանշին» ՍՊԸ-ն:

Ինչպես մեզ տեղեկացրեց ՍՊԸ-ի տնօրեն Հրաչիկ Գաբրիելյանը, ոչ թե հիմնանորոգվում, այլ` գրեթե ամբողջությամբ նոր ճանապարհահատված է կառուցվում: Նա մասնավորապես նշեց, որ փլուզման պատճառ է հանդիսացել ճանապարհի տակով անցնող ջրանցույց 3 քառանկյուն խողովակների գլխամասերի ջարդվելը, ինչի հետեւանքով հողային լիցքը հոսել է գետակի մեջ` ճանապարհի վրա առաջացնելով մեծ ու վտանգավոր փոս:
Անդրադառնալով կատարվող աշխատանքներին, Հրաչ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ տեղանքն ինքնին բարդ է շինարարական աշխատանքների առումով, ինչին խանգարում է նաեւ հոսող գետակը: Խնդիրը բարդացել է նաեւ նրանով, որ, լինելով միակ անցուղին, պիտի չդադարեցվեր նաեւ երթեւեկությունը, ինչի համար, շինարարության ընթացքում, ճանապարհի աջ եւ ձախ կողմերի վրա լրացուցիչ անցուղիներ են պատրաստվել` ապահովելով անխափան երթեւեկություն: Երկու տարի էլ վթարված մնալու հետեւանքով, ինչպես ավելացրեց նա, ձնհալի եւ անձրեւաջրերը քայքայել-թուլացրել են հողային լիցքը, որը նույնպես պիտի վերականգնվի: «Մինչեւ 17 մետր բարձրության հողային լիցք պիտի կատարվի, նախկին հողը վերածվել է ցեխի եւ այլեւս պիտանի չէ, ճանապարհի` առայժմ այս իջած մակերեւույթը պիտի բարձրանա մինչեւ բանուկ հատվածի մակարդակին: Ճանապարհահատվածը, նախկինի համեմատ, նաեւ 12 մետրով տեղափոխվելու է ձախ: Տեղադրվելու է 4/3-ի վրա 64 գծամետր երկարությամբ երկաթբետոնե քառակուսի խողովակ: Կատարվելու է 8,60 սմ լայնության ասֆալտապատում, ճանապարհը երկու կողմերի վրա կունենա 2,20 սմ լայնության կողնակներ: Բետոնային աշխատանքների ծավալը կկազմի հազար մետր խորանարդ: Կվերականգնվի ընդհանուր 500 մետր ճանապարհահատված»: Հրաչ Գաբրիելյանն իրազեկեց, որ ճանապարհահատվածի վերականգնումն իրականացվում է պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացված 250 մլն դրամ ֆինանսավորման արդյունքում: Աշխատանքների իրականացման պատվիրատուն ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունն է:
«Իսկ որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչ ծավալի, ինչ բարդության եւ ինչ դժվարության աշխատանք է կատարվում, բերենք միայն մեկ փաստ. կատարվում է 35 հազար մետր խորանարդ հողային լիցք»,- ասաց աշխատանքների տեխնիկական վերահսկման` «Աստիճան» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վաչիկ Մարտիրոսյանը` հավելելով, որ աշխատանքները կատարվում են որակով, հուսալի, ամուր, պահպանվում են բետոնային աշխատանքների տեխնոլոգիաները:
Թեեւ եղանակային պայմաններն արդեն խանգարում են, ցուրտն իրեն զգալ է տալիս մանավանդ` «փոսում», բայց, Հրաչ Գաբրիելյանի հավաստմամբ, աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` նոյեմբերի 20-ին: «Մենք իրավունք չունենք մեկ օր անգամ ուշացնել նախատեսված ժամկետից: Բացի այն, որ դրա համար մեծ տուգանք կվճարենք, ի վերջո, նաեւ ճանապարհաշինարարի հեղինակության խնդիր կա»,- եզրափակեց նա:
Ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներում ընդգրկված են 20 աշխատող, 10-ից ավելի ճանապարհաշինական տեխնիկա, որոնք աշխատում են չափազանց վտանգավոր եւ աշխարհագրական բարդ դիրք ունեցող տեղանքում: Մեր հարցին, թե ում կառանձնացներ որպես լավ աշխատող, Հրաչ Գաբրիելյանը դժվարացավ պատասխանել, ասելով, որ այս պայմաններում բոլորի աշխատանքն էլ խրախուսելի եւ գովելի է, մասնավորապես` «փոսում» աշխատողներինը: Եվ, այնուամենայնիվ, առանձնացրեց աշխղեկներ Հովնան Խաչատրյանին, Սամվել Այվազյանին, բանվորներ Սերգո Ավետիսյանին, Համլետ Հովհաննիսյանին, Գալուստ Գեւորգյանին, ովքեր աշխատում են պարզապես առանց իրենց խնայելու:2010_110
Այս աշխատանքներին զուգահեռ` «Սիսիանի ճանշին» ՍՊԸ-ն իրականացնում է նաեւ Սիսիան-Աղիտու մոտ 5 կմ ճանապարհի 2,180 մետր հատվածի հիմնանորոգումը: Մյուս հատվածը հիմնանորոգում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն: Հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի` 270 մլն դրամ ֆինանսավորմամբ` կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգման ծրագրով: Այն սկսվում է Սիսիան քաղաքի` Սյունիք թաղամասի բնակելի տների սկզբնամասից եւ ավարտվում Աղիտու համայնքում գտնվող զինվորական հոսպիտալի տարածքում: Ավելորդ չէ ասել այս ճանապարհի հիմնանորոգան կարեւորությունը, քանի որ արդեն ժողովրդի մեջ տարածվել էր «մինչեւ հիվանդը հոսպիտալ հասնի, ճանապարհին կմահանա» դառը հումորը:
Թերեւս արժե նշել նաեւ, որ նման որակի եւ նման տիպի ճանապարհ, Սիսիանի տարածաշրջանում,  գոնե մինչ այժմ, չի կառուցվել: Ափսոս միայն, որ այն Ձորեր չի հասնում, ինչի անհրաժեշտությունը նույնպես հրամայական է:
Մեզ հետ զրույցում ճանապարհի հիմնանորոգման տեխնիկական վերահսկումն իրականացնող «Ճաննախագիծ» ՍՊԸ պատասխանատու Մարտին Մանուկյանը նշեց, որ ամբողջությամբ պահպանվում են նախագծով նախատեսված աշխատանքները եւ որպես դրա հավաստումն առանձնացրեց հատկապես երթեւեկության անվտանգությունն ապահովող բետոնյա արգելապատնեշի` պարապերի կառուցումը, ճանապարհի պահպանության եւ ասֆալտածածկի երկարակեցությունը երաշխավորող եւ ապահովող` ջրահեռացման կառույցի` երկաթբետոնյա վաքերի տեղադրումը, մայթերի եւ բնակիչների առանձնատների մուտքերի` իջատեղերի ասֆալտապատումն ու բարեկարգումը, ճանապարհի 2 հատվածներում 1,5 սմ լայնքով կողնակների, մայթերի կառուցումը, ինչը նաեւ գեղեցկացնում է շրջապատը:
Աշխատանքները կավարտվեն նոյեմբեր ամսվա վերջին: «Ջուրը, որ ցանկաված որակի ասֆալտի ոխերիմ թշնամին է, այլեւս այս հատվածում սպառնալիք չի լինի, քանի որ ջրահեռացման համար նախատեսված երկաթբետոնյա վաքերն արդեն փորձարկել ենք վերջերս տեղացած հորդառատ անձրեւով»,- ասաց Մարտին Մանուկյանը:
Իսկ Հրաչ Գաբրիելյանը, ի պատասխան այն հարցին, որ մեր վարորդները դժգոհում են սիսիանցիների կատարած ասֆալտի վատ որակից, այն համեմատելով վայքեցիների կատարած ասֆալտի հետ, ասաց, որ այս աշխատանքների որակը տեսնելուց հետո նրանք այլեւս նման համեմատություն չեն անի եւ իր ասածը երաշխավորեց ճանապարհաշինարարի իր խոստմամբ եւ ժամանակի փորձությունով:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ  

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *