ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ԳԵՂԵՑԻԿ ԱՌԱՎՈՏ` ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

Աշոտ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի պետ

-Պարո՛ն Մինասյան, Դուք ՀՀԿ անդամ չեք, բայց Ձեզ վստահվեց ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի ղեկավարումը: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
-Ես պետության, պետականության զինվորն եմ, նաեւ` բանակի զինվորը: Այսպե՛ս կարող եմ ասել: Եվ եթե ինձ հանձնարարական է տրվում պետության, իշխանության կողմից, ես պարտավոր եմ ինձ վրա դրված պարտականությունները ճիշտ կատարել:
Ես անկուսակցական եմ, բայց միշտ եւ բոլոր ժամանակներում կանգնած եմ եղել պետության կողքին: Այդպես է եղել եւ 2003, 2008 թ.թ.-ին: Առճակատումների մեջ եմ մտել բազմաթիվ կուսակցությունների, կառույցների հետ, բայց միշտ կանգնած եմ մնացել պետության կողքին` ով էլ որ եղել է պետության ղեկին: Դա ինձ համար նշանակություն չունի, որովհետեւ ես պետությունը շատ ավելի բարձր եմ դասում կուսակցական եւ գերատեսչական շահերից:
Իսկ թե ինչու ինձ վստահվեց ղեկավարել ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբը, կարող եմ ենթադրել միայն, որ, գուցե իմ` ավելի շատ նվիրումն էր պետությանը: Չեմ ասում` ինձանից ավելի նվիրվածներ չկան: Կան շատ ավելի շատ նվիրվածներ, բայց ես, որպես անհատ, որպես Աշոտ Մինասյան, ունեմ նաեւ իմ թիմը, մարդիկ, որ բոլոր տարիների ընթացքում տեսել են իմ ապրած կյանքը, տեսել են, որ ես երբեք թեւից թեւ չեմ թռել, թիմից թիմ չեմ փախել` սկսած Շարժման սկզբից առ այսօր: Ես հավատարիմ եմ եղել իմ սկզբունքներին, հաստատակամ եւ շարունակում եմ այդպիսին մնալ առ այսօր: Բարձրաստիճան այրերը, ղեկավարները գուցե նաեւ դա են գնահատել եւ վստահել են ինձ այս ղեկը, եւ ես պարտավոր եմ սրբորեն կատարել իմ առջեւ դրված պարտականությունները:
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` տարածաշրջան կատարած այցը եւ աշխատանքային էր, եւ` քարոզչական: Տարածաշրջանային ի՞նչ խնդիրներ բարձրացվեցին նրա այցի ժամանակ:
-Խնդիրները բազում էին, նախագահը ինքը անձամբ տեսավ ճանապարհների այսօրվա անմխիթար վիճակը եւ խիստ հանձնարարականներ տվեց դրանք շատ արագ բարեկարգելու: Արձագանքը չուշացավ, եւ այսօր արդեն հունի մեջ են ու տեսանելի այս ուղղությամբ տարվող կոնկրետ աշխատանքները:
Հաջորդ` շատ կարեւոր հարցը 21-րդ դարում ապրող գյուղական շատ համայնքների գազիֆիկացման խնդիրն էր, որը նույնպես երկրի նախագահը հանձնարարեց արագորեն լուծել:
Բարձրացվեց Սպանդարյան ջրատարի հիմնանորոգման խնդիրը, որով 13 գյուղական համայնքներ կապահովվեն ոռոգման ջրով: Հնչեցվեց նաեւ խմելու ջրի հարց:
Մինչեւ տարեվերջ բարձրացված բոլոր հարցերը լուծված կլինեն, եւ արդյունքները` շատ արագ տեսանելի:
-Ցանկացած ընտրություն, առավել եւս` համապետական, տվյալ երկրում ժողովրդավարության հայելին է: Ինչպե՞ս եք իրականացնում ընտրապայքարը եւ ինչպե՞ս է ընթանալու բուն` քվեարկության գործընթացը:
-Սյունյաց ժողովուրդը, սիսիանցին պետականամետ ժողովուրդ է եւ գնահատում է այդ արժեքը: Եվ ընտրության մեկ օրով չի պայմանավորված նրա գիտակցական մակարդակը: Սյունեցին, սիսիանցին գիտի, որ հետո մայիսի 7 է գալու, եւ միմյանց աչքերի պիտի բաց նայել, պարզ ճակատով պիտի հանդիպել իրար, եւ, վստահ եմ, որ առճակատումներ չեն լինելու:
Ընտրապայքարը մնում է ընտրապայքար, եւ յուրաքանչյուրը ցանկանում է ավելի շատ ձայներ տանել իր կուսակցության օգտին, բայց գիտենք նաեւ, որ մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ բոլորս իրար ճանաչում ենք, եւ հարկավոր է մայիսի 7-ին իրար երեսի նայել պարզ ճակատով ու ժպիտով:
Իհարկե, քաղաքական կրքերը կբորբոքվեն, բայց մայիսի 7-ի լուսաբացը կլինի շատ մաքուր ու շատ գեղեցիկ;
-ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբը թիվ 37 ընտրատարածքում պաշտպանում է ՀՀԿ անդամ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը:
-Այո՛, դա քաղաքական որոշում է:
Ես ծանոթ եմ Հայկ Գրիգորյանին: Խելացի երիտասարդ է, խելացի մարդ, ժողովրդի ծոցից դուրս եկած, եւ ասելիք ունի մեր ժողովրդին:
Այսօր պետք է տեղ տալ երիտասարդությանը: Ինքս էլ կոչ եմ անում քվեարկել Հայկ Գրիգորյանի օգտին որպես բանիմաց երիտասարդ եւ խելացի մարդ:
-Որպես քաղաքական ազդեցիկ ուժի նախընտրական շտաբի պետ` ի՞նչ եք մաղթում սիսիանցի ընտրողին:
-Նախ, ամենակարեւորը, իմ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն, ցանկանում եմ, որ իմ գյուղը, իմ տարածաշրջանը, իմ մարզը, իմ Հայաստանի Հանրապետությունը  մայիսի 7-ը դիմավորեն գեղեցիկ լուսաբացով եւ հասկանանք, որ եկել է ներգաղթ ունենալու ժամանակը, հասկանանք, որ իշխանության ղեկը եւս մեկ անգամ տալիս ենք մի կուսակցության, մի կառավարության, որի մշակած օրենքներով է հնարավոր դառնալու ներգաղթը:
Իմ ժողովրդին մաղթում եմ միայն ու միայն բարեկեցություն եւ գեղեցիկ առավոտ` մայիսի 7-ին:

Համարի նյութերը եւ լուսանկարները
նախապատրաստվել են ՀՀԿ Սիսիանի
նախընտրական շտաբում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *