ՄԱՅԻՍԻ 28- Ը ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ Է ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաղթական տոներով եւ պատմական հիշարժան իրադարձություններով հարուստ մայիս ամիսն ավարտվում է մեր տոների թագ ու պսակ` Առաջին հանրապետության տոնի` Մայիսի 28-ի հաղթատոնով:
Ավարտվում է` նորոգված իմաստով, նորովի արժեւորմամբ ու գնահատմամբ, եւ նրա տված դասերի` նորովի իմաստավորմամբ:
Դա է հավաստում նաեւ այսօր Սիսիանի կենտրոնական հրապարակում Առաջին Հանրապետության տոնին նվիրված զինվորական միտինգը, որին մասնակցում էին Սիսիանի զորամասի զինվորները, հրամանատարական եւ սպայական կազմը: Շնորհավորելով զինակից ընկերներին, ծառայակիցներին, սիսիանցիներին ու ողջ հայությանը առաջին հանրապետության տոնի առթիվ` Սիսիանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ժիրայր Ամիրջանյանը մասնավորապես նշեց 20-րդ դարի հայոց պատմության մեջ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերի կարեւորությունը, որից ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:
DSC01355«Մայիսի 22-28-ի մարտերը հերոսական ջանքերի արդյունք էին: Դրանք ունեցան հիրավի պատմական նշանակություն: Այդ հերոսամարտերի շնորհիվ արեւելահայությունը ոչ միայն չջնջվեց ֆիզիկական բնաջնջումից, այլեւ թուրքերը ստիպված եղան հաշվի նստել հայ ժողովրդի` պետականություն ստեղծելու կամքի հետ: Այս ճակատամարտերի շնորհիվ հայ ժողովուրդը ձեռք բերեց անկախ առաջին հանրապետությունը, որն այսօր իրավամբ անվանակոչվել է Հանրապետության տոն: 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի դասերը կրկին անգամ հուշում են մեզ, որ հայ ժողովուրդը պարտավոր է միշտ ունենալ ուժեղ, անպարտելի ոգով տոգորված, լավ կազմակերպված եւ սպառազինված, ապաքաղաքականացված, կանոնավոր ու մարտունակ բանակ, որը սատար լինի հայ ժողովրդի պետական, ազգային շահերի պաշտպանությանը, նպաստի միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը, տարածաշրջանում նրա դերի եւ դիրքերի ամրապնդմանը: Ու թեեւ այսօր իրադրությունը որոշակի փոխվել է, միջազգային ընկերակցությունը, միջազգային նորմերի միջոցով զսպում է ագրեսորներին, սակայն զսպման լավագույն միջոց է մնում հակառակորդին ջախջախիչ հակահարված հասցնելու միշտ պատրաստ ազգային բանակը»,-նշեց նա:
DSC01371Օրվա առթիվ իր շնորհավորանքի խոսքն ասաց ազատամարտիկ Նեկտար Օհանյան, նշելով, որ հենց այնպես չի, որ այն տոն է, այն հայության հաղթանակների տոնն է: Խոսք հղելով միտինգին մասնակից զինվորներին, Նեկտար Օհանյանն ասաց`«Դուք այդ հաղթանակների սերուցքն եք, սիրելի զինվորներ, պետք է պահպանեք ու պաշտպանեք այդ հաղթանակները, որովհետեւ դրանք ձեռք բերվեցին արյան գնով: Եղեք զգոն եւ զգույշ, պաշտպանեք եւ պահպանեք մեր հայրենիքի սահմանները»:
Սիսիանի քաղաքապետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը, շնորհավորելով տոնի առթիվ, ասաց` «Ուժն է ծնում իրավունք, եւ դա ապացուցվել է բազմիցս, երկար տարիների ընթացքում: Հայության այդ հաղթանակները ձեռք ենք բերել ուժի եւ կամքի արդյունքում, շնորհավորում եմ բոլորիդ, խաղաղ երկինք եւ երկար ապագա մեր հանրապետությանը»:
«Անկախությունը եւ պետականությունը հեշտ չի տրվել մեր ժողովրդին,-ասաց Սիսիանի զորամասի սարկավագ Գեւորգ Հակոբյան: -Դա եղել է հայության ազատամարտի շնորհիվ, եւ հայ առաքելական եկեղեցին իր մեծ ներդրումն է ունեցել այդ հաղթանակների մեջ»: Ապա Գեւորգ սարկավագը հիշեց Գեւորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսի հետ կապված այն պատմությունը, երբ այդ ծանր եւ օրհասական պահին հայոց իշխանությունը նրան առաջարկել է տեղափոխվել Սեւանա վանք` ավելի ապահով լինելու համար, սակայն Վեհափառ Հայրապետը հրաժարվել է` պատասխանելով, որ մեր դարավոր սրբությունը` սուրբ Մայր Աթոռը երբեք չի հանձնի թշնամուն: DSC01388Դիմելով միտինգի մասնակիցներին` Գեւորգ սարկավագն ասաց` «Այսօր թվով երրորդ հանրապետությունն է, եւ առաջին հանրապետությունը հիմք հանդիսացավ այսօրվա մեր հանրապետության: Այսօրվա պետականության կերտողներն ու պահպանողները մենք ենք` մեկը` զինվոր, մեկը` ուսուցիչ, մյուսը` քաղաքական լավ գործիչ: Թող որ աստված պահի եւ պահպանի բոլորին, Սիսիան քաղաքը, նրա բնակիչներին»: Օրհնելով ներկաներին` Գեւորգ սարկավագը պահպանիչ աղթոք կարդաց` աստծո հովանավորություն ցանկալով բոլորին:
Տպավորիչ էր օրը հատկապես երեխաների համար, ովքեր մեծ հետաքրքրությամբ էին անցնում Սիսական փողոցում ցուցադրվող մարտական տեխնիկայի կողքով:
Մայիսի 28-ը կրկնակի տոն է Սիսիանի եւ սիսիանցիների համար: Այն ծննդյան օրն է նաեւ արցախյան ազատամարտի հրամանատար, մեծ նահատակ Վուրգ Ոսկանյանի, ում ապրած ողջ կյանքն ու անցած մարտական հերոսական ուղին համահնչում եւ նույնացվում է մեր անկախությանը եւ հանրապետության տոնին: Օրվա տոնական տրամադրությունն ու հաղթական ակորդը նրա հուշարձանի մոտ էր:
«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *