ՄԱՅԻՍԻ 6-Ի ԶՈՒԼԱԼ ԱՌՎԱԿԸ ՉՊԵՏՔ Է ՊՂՏՈՐՎԻ

Սիրելի՛ Սիսիանցիներ,
Սեպտեմբերի 9-ին Սիսիան քաղաքում և տարածաշրջանի համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ազգային ժողովի ընտրություններին Ձեր կողմից ինձ տրված ձայների գերակշռությունը պարտավորեցնում է,  որպեսզի ես ներկայացնեմ իմ դիրքորոշումը:
Բոլոր համայնքներում էլ առկա են բազմաթիվ չլուծված և կուտակվող խնդիրներ և, ցավոք, ընտրական մեխանիզմները և ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտը ոչ միայն չեն նպաստում խնդիրների լուծմանը, ավելին, ավելի են խորացնում դրանք:  Ձեզ տրված է հնարավորություն ձևավորելու մարմիններ, որոնք իրենց լիազորությունների և հնարավորությունների սահմաններում պետք է քայլ առ քայլ, համախմբված, միասնաբար լուծեն այդ խնդիրները և բարելավեն Ձեր կյանքը:
Մեր երկիրը կանգնած է բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների առջև, և Ձեր ընտրությունից է կախված ոչ միայն Ձեր համայնքի, այլեւ` մեր երկրի ապագան: Հետևաբար, պետք է ընտրել այն անձանց, ովքեր ազնիվ են, արդար և համարձակ, հենվում են համայնքի բնակիչների կամքի և ցանկությունների վրա, գրագետ են և ինքնուրույն կարող են համայնքի շահերը պաշտպանել պետական կառավարման համակարգում:
Հասկանում եմ Ձեր արդարացի տարակուսանքը, որ միշտ չէ, որ հնարավոր է գտնել վերոնշյալ հատկանիշներով մարդկանց: Ցավոք, իրականության մեջ Դուք տեսնում եք, որ համայնքների ղեկավարների մեծ մասը այնքան են խորացել մութ գործարքների մեջ, որ ենթարկվում են նվաստացուցիչ ճնշումների և դրսեւորում են պատեհապաշտ ու անազնիվ կեցվածք: Սակայն, շարունակաբար կարելի է մաքրել կառավարման համակարգը, եթե յուրաքանչյուրդ ազատվեք ձեզ կաշկանդող կապանքներից և անձնական շահից և առաջնորդվեք բացառապես արդարության սկզբունքով: Դժվար չէ. որպես առաջին քայլ` պարզապես գնահատեք և միանշանակ մերժեք նրանց, ովքեր ստորաքարշ են և ուղղուրդվում են իրենց անձնական և կլանային շահերով:
Մայիսի 6-ին Դուք ցուցաբերեցիք քաղաքացիական հստակ կեցվածք, դիմակայեցիք ճնշումներին, մերժեցիք արտաքին միջամտությունը և փառավորեցիք Ձեր ոգին: Մենք միասին մի զուլալ առվակ գցեցինք, որը չպետք է պղտորվի: Սեպտեմբերի 9-ին մեծացրեք այդ առվակի հունը, և թող այն մաքրի Ձեր համայնքները կեղտից, որն առկա է ոչ միայն Ձեր ֆիզիկական միջավայրում, այլեւ` որոշ մարդկանց հոգիներում:
Միշտ հիշեք, որ միայն  արդար և օրինական ճանապարհով ընտրված ղեկավարները բարօրություն կբերեն Ձեզ և Ձեր զավակներին:

Ձեր` Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *