ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԵՐԹ ՏՈՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Թեպետ հայոց պատմությունը հարուստ է հերոսական էջերով, սակայն մի առանձնակի իմաստավորում ու խորհուրդ ունեն մայիսյան հաղթերթ տոները, որոնք խորհրդանշում են մեր ոգու զարթոնքը, մեր անկոտրում կամքը եւ մեր հավաքական ուժի գիտակցումը:

Պատմագրորեն մայիսյան տոների սկիզբը Ավարայրում է, ժամանակագրորեն՝ Շուշիում: Հանգրվանում՝ Սարդարաբատն է՝ 600 տարվա ընդմիջված պետականության վերականգնմամբ:

Այս գիտակցումով եւ նոր սերնդին այս խորհրդին հաղորդակից դարձնելու նպատակով Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում համադպրոցական  միջոցառմամբ նշեցին մայիսյան հաղթերթ տոները:DSC09475

Մայիսյան բոլոր հաղթատոների ատաղձը «Մահ իմացյալն էր» …

Սկսելով մայիսքսանվեցյան Ավարայրով, «կանգ առնելով» մայիսքսանության Սարդարապատում, ոգեկոչվելով Մեծ հայրենականի մայիսի 9-ի հաղթական համազարկերով, միջոցառման մասնակիցները հայոց զենքի ու հայ ոգու հաղթերթը շարունակեցին Շուշիի ազատագրման իրողությամբ:

Ավարայրից Շուշի ընկած պատմական ժամանակահատվածում նորովի մեկնաբանվեցին Գարեգին Նժդեհի՝ «Եվ եթե Ավարայրը հզորագույն սատարիչը եղավ մեր աշխարհում, ապա Ղարաքիլիսան եւ Սարդարապատը՝ Հայաստանի հիմքը» խոսքերը:

DSC09452Իսկ Շուշիով սկզբնավորեցինք հայրենի կորսված տարածքների ազատագրման գործը: Շուշիի հաղթանակը սկիզբն է մեր հայրենատիրական պայքարի, որը պիտի սրտեր վառի ու կամքեր փոթորկի, որ վճռականորեն անցնենք միայն հայոց կամուրջները հանդուրժող Արաքսը:

Միջոցառման ժամանակ հնչած հայրենասիրական բանաստեղծություններն ու երգերն էլ ընտրված էին այս ոգով, հնչում էին այս համոզմունքով, ներկաներին համակում էին այս զգացողությամբ:

Թեպետ եւ մեր պատմությունը հարուստ է հաղթերթ տոներով, բայց…

Հենց սա նկատի ունենալով էր, որ դպրոցի տնօրեն Հովիիկ Ալեքսանյանը, շնորհավորելով մայիսյան հաղթական տոները, խրախուսելով միջոցառման մասնակիցներին, իր խոսքում անհրաժեշտ համարեց հիշատակել վիպասան Րաֆֆու խոսքերն այն մասին, որ մեծ հայրենասեր գրողը, միեւնույն է, չի օրհնել իր նախնյաց, չի հարգել նրանց հիշատակը, քանի որ նրանք հետագա սերունդներին թողել են բզկտված, մասնատված, հայաթափված ու հայրենաթափված հայրենիք:

Մեր հաղթերթը դեռ «ճամփա ունի անցնելու»…

Պատգամ, որ այսպես փոխանցվեց նոր սերնդին…

Աիդա ԱՌԱՔԵԼՅԱՆ

24.05.2014

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *