ՄԱՅՐԵՆԻԻ ՄՇԱԿԸ ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Սիսիանայն իրականության մեջ  կա ուսուցիչների` արդեն դասական դարձած մի սերունդ, որը սահմանել է ուսուցչի, մանկավարժի հանրային ընկալման այնպիսի բարձր մի նշաձող, որը չափանիշ ու չափորոշիչ է: Ինքս չասեմ, բայց փորձեք մտովի կամ բարձրաձայն թվարկել այդ անունները, ինչը կհամոզի, որ ուսուցիչն էլ կարող է լինել… դասական:
Գուցե մի քիչ սուբյեկտիվ լինեմ որպես բանասեր, բայց ինձ համար մի առանձին հարթության վրա են հայոց լեզվի եւ հայ գրականության, պատմության ուսուցիչները` հասկանալիորեն: Որեւէ մեկին չարժեզրկեով` պիտի նաեւ ներողություն խնդրեմ մյուսներից` այսպես մտածելուս համար:

Հայոց լեզվի եւ հայ գրականության` իմ կարծիքով` դասականի կոչումը վաստակած ուսուցիչների շարքում պիտի դասեմ Սելբերտ Շաբանյանին, ում հետ ամենապարզ զրույցն անգամ պոեզիա է ու բանաստեղծություն, ում հետ զրուցելիս հայերենը ականջիդ մեղեդի է թվում, հայոց բառ ու բանը` ոսկեծնծղա, շարականաշուք ու աստվածահաղորդ: Ու հորդում է տողը հայոց մեծաց, ու բացվում է հայերենը` ոսկեղենիկ, ծաղկանկար, ու ափսոսում ես միայն, որ փողեղեն, նյութապաշտ, գրեթե` կռապաշտ դարձող մերօրյա սերունդը, ինչքին, նյութին գերի դարձաձ, որքա՜ն անհաղորդ է մնում վայելչական խոսքին, մեղեդային տողին, վեհասքանչ բառ ու բանին, լեզվին, լեզու, որը Բայրոնը համարել է աստծո հետ հաղորդակցվելու միակ լեզուն:
Սելբերտ Շաբանյանը չի կիսում սերնդի` հայոց լեզվից ու հայ գրականությունից խորթանալու իմ մտահոգությունը: «Եթե այսօրվա սերունդը կորցնում է այդ կապը, մեղավորը նա չէ, մեղավորը մենք ենք, լրատվամիջոցներն են, քարոզչամիջոցները, որ ամենուր եւ ամենուրեք հնչեցնում են ոչ թե արքայական խոսքը մեր, այլ… Բարբառն անգամ աղավաղվել է: Պիտի ասել, այնքան ասել, այնքան լսեցնել հայերենը, հայ մեղեդային պոեզիան, հայոց մեծերի վարքը, որ` դա՛ դառնա արժեք»: Ով`ով, նա ուրիշներին չի դատում, մեղքն իրենց վիզը: Ինքը շարունակում է հայոց լեզուն եւ հայ գրականությունը դիտել հայ հոգու եւ մտածողության մերան ու դասը վարում է նույն խանդավառությամբ, նույն նվիրումով, պատվասիրությամբ, ինչ` 44 տարի առաջ, երբ առաջին անգամ դպրոց մտավ: «Հիմա ավելի լավ ուսուցիչ եմ,- ասում է նա,- առաջ եթե նաեւ կազմակերպիչ էի, մեթոդիստ էի, ուսմասվար էի, տնօրեն էի, հիմա միայն ուսուցիչ եմ: Ուսուցիչ եմ ծնվել, ուսուցիչ եմ մեռնելու»:
Իմ սերունդը, գոնե, իր ուսուցչին սիրելով, սիրում էր նրա դասավանդած առարկան եւ փորձում էր նմանվել նրան կամ` հակառակը: Հարցնում եմ` հիմա՞ էլ այդպես է: Սելբերտ Շաբանյանն այս հարցում էլ չի դժգոհում եւ չի տրտնջում, ասելով, որ թե՛ Սիսիանում, թե՛ հանրապետության ամենահեղինակավոր հաստատություններում հաջողությամբ աշխատում են իր նախկին սաները: Դա իր վարձն ու վարձատրությունն է, ուրիշ էլ ի՞նչ է պետք:
Արդար սերմնացանի, հայրենիի մշակի իր պարտքը կատարել է: «Ալյուրը մաղել, մաղը կախել եմ»,-ասում է: Սրանով չի համարում, թե` տալիքը` տվել, առնելիքն` առել, անելիք չունի: Հիմա` ավելի շատ: Հիմա` բոլորանվեր է ուսուցիչ: «Ամեն դասին մի շալակ գիրք եմ տանում դասարան: Թող աշակերտի աչքը սովորի գրքին, չօտարանա»: Դեմ չէ ժամանակակից տեխնոլոգիաներին, ինտերնետին, բայց գրքի հմայքը, գրքի հոտը, տողի մեղեդին, բառի կախարդանքը պիտի աշակերտին հաղորդել անընդհատ, անվերջ, միշտ, որ նա արմատից չկտրվի, որ Մաշտոցից, Կոմիտասից, Խորենացուց, Տերյանից, Սահյանից, Թումանյանից, Բակունցից չխորթանա, չօտարանա: Հա` Բակունցից: Որպես տարիների քրտնաջան աշխատանքի վաստակ` Բակունցի անվան մեդալ ստացավ վերջերս, ինչը համարում է իր` բակունցապաշտության փոխհատուցում, նրա գրականության նկատմամբ տածած մեծ սիրո եւ խոնարհումի գնահատական:
Ի դեպ, նաեւ «Որոտանի» ամենաուշադիր, բծախնդիր ընթերցողներից է ու ամենաանաչառ գնահատողը: Ուղղագրական սխալ էր հայտնաբերել հոդվածներից մեկում: Կլինի, ասում եմ, պատահում է, տեխնիկա է, թեպետ համոզվում է, բայց չի արդարացնում մի լրատվամիջոցի համար, որը նույնպես ճանապարհ է անցել` հարազատ ու հավատարիմ մնալով հայ մտքին ու մտածողությանը: «Ես` քեզ համար եմ, քոնը` հասարակության համար: Հենց առաջին անգամ իջար, գլորվում ես, վաստակածը չպետք է կորցնել: Ճանաչված լինելը մեծ պատասխանատվություն է,- ասում է ոչ այն է` ինձ, ոչ այն է` իր համար:- Չէ՞ որ դա հանրահայտ բանաձեւ է, իմաստավորում: Ամենամեծ արժեւորողը հասարակությունն է, նա է ճանաչում, զգում, որակում եւ նա միշտ ճիշտ է»: Պատասխանատվության եւս մի ծանր տոննա էլ ավելացրեց մեր ուսերին պարոն Շաբանյանը` մայրենիի, հայերենի, իր, լրատվամիջոցի, ընթերցողի նկատմամբ:
Թեեւ արդեն թոշակառու է, բայց տարիքից բավականաչափ երիտասարդ է երեւում, միշտ` կոկիկ, միշտ` ձիգ: Փորձում եմ պատճառը ինքս վերծանել, ու, կարծում եմ, չեմ սխալվում. հոգու անսպառ հարստությունից է: Էդքան պոեզիա, էդքան մեղեդի, «գրաբար», էդքան բանաստեղծություն, տաղ ու հանգ, գանձ ու շարական, Մաշտոց ու Նարեկ ո՞ւմ հոգում լինի, որ հոգուց լույս չճառագի: «Դասն էլ սիրո նման բան է, չի ավարտվում, չի սպառվում, չի պակասում»,- ասում է ուսուցիչը ու բառը ուսուցչապետ հնչեցնում: Անհամեստություն չէ, կարծում եմ, եւ ոչ էլ արդեն վաղուց կայացած, ճանաչված, վաստակած մարդու համար` ձեւականություն: «Քայլող հանրագիտարան» են ասում շրջապատում: Թվում է` ամեն ինչ գիտի: Չէ՛, ինքն այդ կարծիքին չէ, այդպես ո՛նց կլինի: Այսօրվա պահանջն ուրիշ է: Բայց ուսուցիչն իրավունք չունի չիմանալ աշակերտի` անգամ ժամանակակից համակարգչին ու տեխնիկային վերաբերող հարցի խատասխանը: Դա պատիվ չէ ուսուցչին: Մասնագիտական «մեջլիսներում» հաստատ չի պարտվի, ժամանակից հաստատ ետ չի մնա, սաներին եւ հասարակությանը դեռ տալիք ունի, ունի այնքան, ինչքան որ վերցրել է իմաստության, գրքի, մեր քերթողների անծեր-անհատակ ծով մատյաններից:
Սելբերտ Շաբանյանի հետ մեր զրույցն էլ «մեջլիս» էր` հայոց տաղ ու գանձի, բառ ու բանի մասին, ու ականջս անգամ «նախանձոտ» եղավ, ունկս` ծարավ, ու ես` բանասերս, ափսոսացի ու «խանդեցի», որ բանասիրությունը փոխել եմ լրագրության հետ:
Մայրենիի մշակը մեծ առաքելություն ունի, ու օրինակը նորից «մոր ծոցահոտ ու հացահոտ, երկնքահոտ ու հողահոտ», «ժամանակի երկինքները հանց աստղալույս կտրած» մայրենիի անսպառ շտեմարանից է բերում` վկայակոչելով Լորաձորի Նահապետին` Ես աշխարհ եկա, որ օրհնաբանեմ խորհուրդը հասկի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *