ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԻ ՇԱԲԱԹ

Մանկական գրքի շաբաթը, որն աշխարհում նշվում է 1944 թ.-ից, ավանդական է դարձել նաեւ Սիսիանի` Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործական կենտ-
րոնում:

Շաբաթը, որն ուղեկցվում է Ա. Նավոիի «Գրքից ավելի սիրելի բարեկամ աշխարհում չկա» կարգախոսով, նպատակ ուներ դպրոցականների գարնանային արձակուրդը դարձնել հագեցած եւ իմաստավոր, միաժամանակ` մեկ անգամ եւս հավաստել, որ մարդու անդավաճան ու ամենահավատարիմ բարեկամն ու ուղեկիցը մինչեւ ծերություն մնում է գիրքը:
Թեեւ հիմա էլեկտրոնային հաղորդակցությունը «կլանել է» սերնդին, եւ նա հեռացել է ու խորթացել է գրքից եւ քիչ է կարդում, այնուամենայնիվ, ինչպես նշեցին շաբաթի բացման մասնակիցները, գիրքը մնում է անփոխարինելի դաստիարակ եւ ուսուցիչ, հզոր զենք, մարդկության պատմության ստեղծած հրաշալիքներից մեկը:
Գրքի հետ նման շփումները գուցե եւ աստիճանաբար սերնդին վերադարձնեն կարդալու, գրքի հետ ներանձնանալու, գիրք կարդալու հմայքը հայտնաբերելու բանալին:
Թեեւ սառն էր մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճը, բայց օդը եւ մարդկանց հոգիները ջերմացան շաբաթի մասնակիցների խանդավառությունից, փոքրիկ փերի- հրեշտակի լուսավոր կերպարից, գրքերի տիեզերական-անեզր աշխարհը վերստին բացահայտելու չարենցյան հավատամքին հավատարիմ մնալու խոստումից:
Շաբաթի շրջանակներում անցկացվեցին նաեւ գրական խաղ-մրցույթներ, երաժշտական, պարային կատարումներ, Թումանյանին նվիրված փոքրիկ բեմականացումներ, մայրության եւ գեղեցկության միամսյակին ձոնված գեղարվեստական համարներ: Առավել աչքի ընկած եւ ակտիվ գրքասերներն արժանացան փոքրիկ նվերների:
Ինչ էլ լինի, կարծում ենք, գիրքը եղել եւ մնում է անփոխարինելի`անկախ գիտատեխնիկական բոլոր նվաճումներից:

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄՊՍԿ աշխատակից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *