ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ԲՈՍՏԱՆ ՎԱՐԵԼՈՒՆ ՀԱՍՏԱՏ ՉԻ ԽԱՆԳԱՐԻ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեզ վերստին համոզեց, թե որքան «պինդ» ժողովուրդ ենք` այսքան տարի ճգնաժամի մեջ լինելով: Գործազուրկների թիվը կմեծանա, եւ շատերը նորից հույսը կդնեն գործազրկության նպաստի վրա` լուծելու մի կտոր չոր հացի խնդիրը:
Գործազրկության նպաստից բացի նրանց ինչ է առաջարկում զբաղվածության տարածքային կենտրոնը, ինչ խնդիրներ է փորձում լուծել` աշխատանքի շուկայում գործազուրկներին եւ աշխատանք փնտրողներին մրցունակ դարձնելու համար:
Մեր զրույցը Սիսիանի տարածքային զբաղվածության կենտրոնի տնօրեն Ֆլորա Արմենակյանի հետ է:

-Կենտրոնում գրանցված է 1558 աշխատանք փնտրող, որից 201 հոգին ստանում է գործազուրկի նպաստ: Նվազագույն աշխատավարձի չափի բարձրացման հետ այս տարի բարձրացել է նաեւ գործազրկության նպաստի չափը` 15 հազարից  դառնալով 18 հազար դրամ:
-Կարողանու՞մ եք աշխատանք փնտրողներին տեղավորել աշխատանքում:
-Քանի որ ողջ հանրապետության աշխատաշուկայում առաջարկի եւ պահանջարկի անհամամասնություն կա, Սիսիանը դուրս չի կարող լինել այդ իրողությունից: Գործատուն, բնականաբար, նախապատվությունը տալիս է որակյալ եւ աշխատաշուկայում մրցունակ մասնագետների, իսկ մյուսները, քանի որ ետ են մնում ժամանակակից պահանջներից ու չափանիշներից, չեն կարողանում բավարարել գործատուի չափանիշները, դուրս են մնում մրցակցությունից եւ համալրում գործազուրկների շարքը:
– Իսկ պետությունն ի՞նչ է անում նրանց պաշտպանելու համար, բացի գործազուրկի նպաստ տալուց:
– Բազմաթիվ ծրագրեր են իրականացվում նրանց համար, բազմաթիվ արտոնություններ կան խոցելի խմբերի` մեզ մոտ հաշվառված աշխատանք փնտրողների համար, նաեւ` այն գործատուների համար, ովքեր աշխատանքի կտեղավորեն այս կարգի գործազուրկների եւ աշխատանք փնտրողների:
Սակայն աշխատաշուկայի ուսումնասիրությունը, վերլուծությունը եւ կանխատեսումը մեզ բերել է այն եզրակացության, որ վերանայել ենք մեր գործունեության առաջնահերթությունը եւ մշակել նոր հստակ քաղաքականություն` ուշադրությունը կենտրոնացնելով նոր մասնագիտությունների ուսուցման վրա` աշխատաշուկայում նրանց մրցունակ դարձնելու համար: Հանդիպել ենք 50 գործատուի հետ, զրուցել եւ եկել այն համոզման, որ որակյալ մասնագետի կարիք աշխատաշուկան, իսկապես, ունի:
Աշխատանք փնտրողներին ուսուցման մեթոդով աշխատաշուկայում մրցունակ դարձնելուն մղել է նաեւ այն, որ նախկին պրոֆտեխուսումնարանների փակվելուց հետո տնտեսությանը, շինարարությանն անհրաժեշտ որոշ մասնագիտություններ ընդհանրապես չեն ուսուցանվում, իսկ նախկինում մասնագիտություն ձեռք բերած մարդիկ էլ ծերանում են, եւ նրանց փոխարինող չկա: Ահա դրա համար իրականացնում ենք նման մասնագիտությունների ուսուցման ծրագրեր, որը շատ ավելի ձեռնտու է թե՛ գործատուին, թե՛ գործազուրկին եւ թե՛ մեր ծառայությանը:
– Ի՞նչ մեխանիզմով եւ սկզբունքով եք դա իրականացնում:
– Նախապես հանդիպում ենք գործատուին, ճշտում նրա պահանջները եւ հենց գործատուի միջոցով իրականացնում իրեն անհրաժեշտ մասնագետների ուսուցումը, որոնք էլ տեղավորվում են աշխատանքի նույն գործատուի մոտ: Ընդ որում` սովորողը նաեւ կրթաթոշակ է ստանում: Նման ուսուցման ծրագրեր ենք իրականացրել քարերի մշակման գործարանի հետ` քար կտրող մեքենաների օպերատորի, «Ավետիս եւ Մինգա»  ՍՊԸ-ի հետ` հացթուխների, «Դոմինանտ» ՍՊԸ-ի հետ` կահույքագործ-շոկոգրաֆների մասնագիտությունների ուսուցման նպատակով: 25 աշխատանք փնտրող մասնակցել է այս ուսուցման ծրագրերին, 16 հոգին տեղավորվել են աշխատանքում այդ կազմակերպություններում: «Ինֆոէլեկտրոն» ՍՊԸ-ի հետ իրականացրել ենք էքսկուրսավարների ուսուցման ծրագիր: Այստեղ հաջողությունը այնքան էլ մեծ չէր, գուցե շտապեցինք էքսկուրսավարներ պատրաստելում, քանի որ դրա պահանջարկը թեեւ կար, բայց աշխատանքով ապահովումը չկայացավ:
– Ըստ աշխատաշուկայի ուսումնասիրության Ձեր տվյալների` ի՞նչ մասնագիտությունների պահանջարկ կա Սիսիանի աշխատաշուկայում:
– Մասնագիտություների լայն սպեկտր չի առաջարկում սիսիանյան փոքր աշխատաշուկան իր փոքր պահանջարկով: Աշխատաշուկան այսօր պետք ունի շինարարների, մեխանիզատորների, բանվորական մասնագիտությունների, որի նկատմաբ էլ հարգանքն է պակասել հատկապես երիտասարդության շրջանում: Աշխատանք փնտրող երիտասարդը իր քիչ կենսափորձով, նվազ գիտելիքներով նախապատվությունը տալիս է ավելի հեշտ, թեթեւ մասնագիտությունների, որը, սակայն, նրա համար կենսապահովման միջոց չի դառնում: Վատ չէ, որ երիտասարդները ձգտում են նոր, ժամանակակից մասնագիտությունների, բայց երբ դա նրանց կենսամիջոցը չի ապահովում, չեն փորձում նոր մասնագիտություններ ստանալ: Նվազագույն` հացի խնդրի լուծմամբ բավարարվում են, եւ ավելիին ձգտումը չկա:
– Այնպիսի տպավորություն կա, որ մարդիկ նաեւ ետ են վարժվել աշխատելուց եւ պարապ մնալը նախընտրում են այսօրվա սիսիանյան աշխատաշուկայի առաջարկած աշխատանքներից:
– Այո՛, ցավոք, մարդիկ նախընտրում են գործազուրկի 18 հազար դրամ նպաստը, քան` աշխատանքը:
– Ինչու՞:
– Մարդուն գնահատելու չափանիշները փոխվել են մեր հասարակության մեջ: Աչքի առաջ աշխատանքի հերոսը չկա, նրա կերպարը չկա, որը ոգեշնչի, դաստիարակի սերնդին: Այսօրվա «հերոսը» հեշտ ճանապարհով փողատեր դարձածն է, որին ձգտում են հատկապես երիտասարդները: Առավելապես չեմ կարողանում հասկանալ նրանց ծնողների, որոնք, գոնե, աշխատել են, նման ընկալումը: Երբ մի ծնողի իր զավակի համար առաջարկեցինք մեխանիզատորի աշխատանք, վիրավորված ասաց. «ավելի լավ է իմ տղան մեր բոստանը մշակի, բերքը վաճառի, քան գնա մեխանիզատոր աշխատի»: Սոցիալական խորը փոփոխությունների է ենթարկվել մեր հասարակությունը աշխատանքի նկատմամբ իր վերաբերմունքով: Կարծում եմ` այստեղ շատ կարեւոր դեր ու խնդիր ունեն դպրոցները, լրատվամիջոցները, մեր ծառայությունը, այլք` վերականգնելու հարգանքը աշխատանքի նկատմամբ: Չեմ ուզում տխուր նոտայով ավարտվի մեր զրույցը եւ ուզում եմ հիշեցնել ժողովրդական իմաստությունը` «Անահիտը» հեքիաթի օրինակով. թագաժառանգ լինելուց բացի հեքիաթի հերոսը նաեւ արհեստ ուներ, որն էլ դարձավ նրա փրկությունը: Ես հավատում եմ մեր ժողովրդի` աշխատելու եւ աշխատանք սիրելու ներքին ուժին, որն էլ նրան կհանի այս ճգնաժամից:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *