ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵԼԸ ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ

Անակնկալ զրույց Սիսիանի պետական քոլեջի ուսանողուհի Լիլիթ Արիստակեսյանի հետ

-Լիլիթ ջան, երբ քեզ տեսա ուսանողների հետ, մտածեցի, որ քոլեջի դասախոսներից ես, բայց… պարզվում է՝ ուսանող ես, ինչը հաճելիորեն նաեւ զարմացրեց:

-Դուք չեք սխալվել, որովհետեւ 36 տարեկան ուսանող այնքան էլ հաճախ չեք հանդիպի: Սիսիանի պետական քոլեջում սովորում եմ՝ երկրորդ մասնագիտություն ստանալու համար:

-Այսինքն՝ մասնագիտություն ունես, բայց չես բավարարվել դրանով եւ որոշել ես ստանալ երկրո՞րդ մասնագիտությունը:

-Այո: Բնույթով ես պրպտող, հետաքրքրվող եմ եւ միշտ էլ սովորելու ձգտում եմ ունեցել: 2000 թվականին կարմիր դիպլոմով ավարտել եմ Սիսիանի հումանիտար քոլեջի անգլերենի բաժինը, մի քանի տարի անգլերենի ուսուցչուհի աշխատել Որոտան գյուղի դպրոցում: Բայց ամուսինս զինվորական է, ծառայության բերումով ապրել ենք տարբեր բնակավայրերում, ուստի դուրս եմ եկել դպրոցից: Սակայն մեկեւկես տարի առաջ կրկին վերահաստատվեցինք Սիսիանում, ու զգացի, որ ազատ ժամանակ շատ եմ ունենում, եւ որոշեցի այն նորից նվիրել սովորելուն, դրա համար էլ ընդունվեցի Սիսիանի պետական քոլեջ: Սովորում եմ հաշվապահական հաշվառում եւ աուդիտ բաժնի առաջին կուրսում:

-Այդքան երկար դադարից հետո կրկին սովորելը, նոր մասնագիտություն ստանալը դժվար չէ՞:

-Դժվարությունը ստեղծված է հաղթահարելու համար: Իսկ ես ոչ միայն հաճույքով եմ գալիս դասերի, շատերն են ոգեւորվում իմ եռանդից, իմ ձգտումից, իմ պարտաճանաչությունից: Իմ օրինակով շատերն են համոզվում, որ մասնագիտություն ստանալու համար երբեք էլ ուշ չէ…

-Իսկ ինչո՞ւ հաշվապահական հաշվառում եւ աուդիտ բաժինը:

-Հիմա այնքան էլ հեշտ չէ աշխատանք գտնելը: Բայց ցանկացած իրավաբանական կառույց, տնտեսություն վարող կազմակերպություն հաշվապահի կարիք է ունենում, ես հաճելին մեկտեղել եմ օգտակարի հետ. այս մասնագիտությամբ աշխատանք գտնելու հավանականությունը մեծ է: Մասնագիտությունը սովորելը կօգնի թեկուզ սեփական տնտեսությունը ճիշտ վարելուն:

-Ընտանիքի հոգսը, երկու երեխաների դաստիարակությունը չե՞ն խանգարում ուսմանը:

-Բնավ: Ես ամեն ինչ հասցնում եմ: Հայտնի խոսք կա չէ՝ կինն ինչքան էլ շատ զբաղված լինի, ամեն ինչ հասցնում է:

-Նորից քննություն հանձնել, նորից…

-Ոչ, ոչ, ես առանց քննության եմ ընդունվել պետական քոլեջ, որովհետեւ կարմիր դիպլոմով էի ավարտել մյուս քոլեջը: Հիմա էլ եմ սովորում գերազանց եւ մտադրություն ունեմ կրթությունս շարունակել քոլեջի հետ շարունակական կրթության պայմանագիր ստորագրած բուհերից մեկում:

-Ուսումնառությանդ առաջին տարին ավարտվում է, տեւական ընդմիջումից հետո կրկին ուսանող լինելու՝ քո պարագայում ինչպիսի՞ն էր այն:

-Ես ամեն օր մեծ սիրով, մեծ պատասխանատվությամբ, մեծ ջանադրությամբ եմ շտապել դասի: Հաճելի է լավ կուրսընկերներ, լավ դասախոսներ ունենալը, լավ միջավայրում սովորելու զգացողությունը, ինչպես նաեւ՝ նոր գիտելիքներ ստանալու մղումը:

«ՈՐՈՏԱՆ»

21.05.2015

 

Մեկ Արձագանքման ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵԼԸ ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ համար

  1. ERBEQ USH CHI EV SHAAAT EL GOVELI E, APREQ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *