ՄԱՐԴԸ ՊԻՏԻ ԱՊՐԻ ԲԾԱԽՆԴՐՈՐԵՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄ

Մասնագիտությամբ պատմաբան Թաթուլ Սյունին 8-րդ տարին է` ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագի- տության ամբիոնում հայցորդ է եւ ուսումնասիրություն է կատարում հայ քաղաքական մշակույթի պատմության ոլորտում: Գտնում է, որ հարուստ եւ չուսումնասիրված նյութ կա, որի ուսումնասիրումը, հրապարակումը եւ իրազեկումը շատ բանով կօգնի ճիշտ դասեր քաղել պատմությունից եւ չկրկնել անցյալի սխալները, ձեւավորել նոր ժամանակների քաղաքական մշակույթը:

-Պարոն Սյունի, ի՞նչ ասել է քաղաքական մշակույթի պատմություն:
– Քաղաքական մշակույթը որեւէ  ժողովրդի, ազգի կամ սոցիալական խմբի  հատուկ պատկերացումների եւ վարքի քարացած մոդելն ու տեսակն է: Անկախ ժամանակաշրջանից` կա պատկերացումների մի համակարգ, որոնք չեն փոխվում, եւ հասարակությունը, ժողովուրդը այն ժառանգում է սերնդեսերունդ` գեների նման: Դրանք փոխանցվում են ժողովրդական, ագային հեքիաթների միջոցով, ժողովրդական բանահյուսության միջոցով, մշակութային արժեքների միջոցով:
– Մեր ազգային քաղաքական մշակույթը որեւէ առանձնահատկություն ունի՞:
– Ունի այնքանով, որքանով որ բացառիկ է մեր ժողովրդի պատմությունը այն իմաստով, որ, ունենալով թագավորություն, պետություն, ապրելով հայակական պետականության սահմաններում, այնուհետեւ կորցրել ենք այն եւ, դարեր շարունակ ապրելով օտարի դաժան տիրապետության տակ, հալածվելով, ճնշվելով, գաղթելով` ի վերջո հետ ենք նահանջել. պետության,  իշխանության, օրենքների մասին մեր պատկերացումների համակարգը, մեր գաղափարները ձեռք են բերել բացասական երանգավորում, որն այլ կերպ չէր էլ կարող լինել:
– Բայց այսօր ունենք անկախ պետականություն, այդ բացասական երանգավորումները չե՞ն հաղթահարվել:
– Անկախ պետականությունը դեռեւս չի նշանակում, որ մարդիկ միանգամից փոխվեցին, եւ ավանդական մտածելակերպը փոխվեց, որովհետեւ մեր անկախությունը  դեռեւս չենք նվաճել: Մեր անկախությունը հետեւանք էր ԽՍՀՄ-ի փլուզման, որի մեջ մենք առանձնապես էական դեր չենք կատարել: Ցույցերով, միտինգներով կայսրություն չի փլուզվում: Այն փլուզվել է ավելի մեծ` գեոպոլիտիկ առճակատումների պայքարի հետեւանքով եւ` երկրի ներսից, քանի որ կոմունիստական գաղափարախոսությունն ինքը խախուտ էր եւ կեղծ: Մենք պիտի վայելեինք մեր անկախությունը, բայց քանի որ պետականության եւ օրենքների ընկալումը մեզանում թույլ էր, մենք կանգնած ենք դժվարությունների առջեւ: Ես  երբեք 70 տարին քավության նոխազ չեմ դարձնում: Վերջին հաշվով` 600–700 տարի պետականություն չունենալն ավելի մեծ դեր է խաղացել եւ խաղում է մեր այսօրվա պատկերացումների ձեւավորման մեջ, քան` 70 տարին:
– Իսկ այդ պատկերացումները միտում չունե՞ն  դրական երանգավորում ստանալու:
-Ունե՛ն: Այլապես սարսափելի կլիներ եւ վտանգված մեր ազգի ապագան: Մեր խնդիրն այսօր ուղղակի ինքնաճանաչողության միջոցով այդ դժվարությունների հաղթահարումն է : Պետության, օրենքների, իշխանության, պետականություն ստեղծելու նկատմամբ մեր գիտական միտքը պիտի աշխատի եւ գիտակցել տա ժողովրդին` ինչ է պետություն, պետականություն, օրենք, իշխանություն ասվածը: Հիմա պետություն ասելով հասկանում ենք իշխանություն, փողկապով, կլոր փորով, սեւ մեքենայով, աշխատասենյակում նստած պաշտոնյա: Օրենքները, պետությունը, իշխանությունը նույնացնում ենք իրար, որը սխալ մոտեցում է: Պետությունը  քաղաքացիների ընդհանուր կազմակերպություն է, ոչ թե` անհատ կամ իշխանություն: Եթե շփվում ենք հարեւանի հետ, համայնքի բնակչի հետ, համայնքի ղեկավարի հետ, ընկերոջ հետ, ըստ էության շփվում ենք հայ ժողովրդի հետ: Եթե վնաս ենք տալիս նրանց, նշանակում է` վնաս ենք տալիս ազգին, եթե օգուտ ենք տալիս նրանց, նշանակում է` օգուտ ենք տալիս ազգին: Հասարակությունը պիտի կառավարվի, հասարակության մեջ պիտի իշխեն դրական, ժողովրդավարական, համամարդկային, քրիստոնեական արժեքներ:
-Իսկ ո՞րն է այսօրվա արժեքը որպես այդպիսին:
– Կան մեծ` համամարդկային արժեքներ, եւ կան փոքր` անհատական արժեքներ: Եթե ես ձգտում եմ ավտոմեքենա ունենալ, որ մյուսները նախանձեն, իմ արժեքային համակարգը նեղ է եւ նյութականացված, իսկ եթե ուզում եմ, որ Ղարաբաղի հարցը լուծվի, 15-ի ցեղասպանությունը ճանաչվի, ժողովուրդը լավ ապրի, որի մեջ ես էլ լավ կապրեմ, նշանակում է, որ ինձ համար ազգային արժեքը իմ անհատական արժեքների հետ ներդաշնակ է, եւ իմ կյանքը կապում եմ հայ ժողովրդի կյանքի հետ: Քիչ չեն մարդիկ, որ իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում եւ իրենց նեղ-անձնական նպատակը փորձում եմ ներկայացնել համաժողովրդական նպատակ, որը, սակայն, համոզիչ չէ: Կաշառք վերցնելը կրիմինալ մտածելակերպ է, որը անհամատեղելի է մտավոր բարձր ունակությունների հետ:
– Հասարակություն եւ անհատ փոխհարաբերությունն ի՞նչ մակարդակում է:
– Մեր  հասարակությունը հիմա կառավարման ճգնաժամի մեջ է, եւ դա անձերով չի պայմանավորված: Կա նաեւ մարդու ճգնաժամ` ընդհանրապես: Եթե մարդ մտածում է գողությամբ ապրել, դիպլոմ ձեռք բերել` առանց բուհում սովորելու, որպես ծնող` կաշառել իր երեխայի ուսուցչին, որ նրան գերազանց նշանակի, եթե մտածում է մի բան, բայց անում այլ բան, խոսում մի բանից, բայց մտածում ուրիշ բան, նշանակում է, որ նա ինքն արդեն ճգնաժամի մեջ է: Եթե հասարակության մեծաթիվ մարդիկ են այդպես մտածում, հասարակությունն է ճգնաժամի մեջ:
-Ճգնաժամից դուրս գալու ելքը ո՞րն է:
-Երբ անհատը փորձի իրեն դուրս բերել իր հարազատական, բարեկամական, անձնական, տեղային, բնակավայրային մտածողության շրջանակներից եւ մտածի պետության, օրենքների, համազգային արժեքներով, կհաղթահարի իր ճգնաժամը: Ամեն մարդ, ի վերջո, ինքն իրենից որոշակի ուժ է ներկայացնում իբրեւ անհատ, որը պիտի կարողանա ինքնաճանաչողությամբ, ինքնագիտակցությամբ հրաժարվել ավանդական մտածողությունից: Եթե նա դա չի կարողանում, պիտի անեն նրանք, ովքեր գիտակից են, ովքեր գնահատում են ճշմարտությունը, քրիստոնեական արժեքները, օրենքները, պետականությունը, ովքեր ապրում են ոչ միայն իրենց  համար, այլեւ` հասարակության, ովքեր սիրում են գիրը, լուսավորությունը, բարին: Անգրագետ մարդը չի կարող երկիր, քաղաք, գյուղ, կոլեկտիվ ղեկավարել, իսկ անգրագետը մտավոր եւ կամային թույլ հատկանիշներով մարդն է, որը չի կարող իր ուղեղի մեջ ներդաշնակել անհատական եւ հասարական շահերը, նրանք հասարակության զարգացման, ճգնաժամի հաղթահարման արգելք են համարվում:
– Ընտրությունը ի՞նչ դեր ունի հասարակության վրա:
– Ընտրությունը իշխանության ձեւավորման պրոցես է: Ուղակի հասարակության մեծ մասը պատրաստ չէ դրան, որովհետեւ ընտրության միջոցով չի կարողանում իր կյանքը բարելավել: Դրա համար մարդիկ ձայն են տալիս ոչ թե լավագույնին, այլ` իրավիճակին, իրադրությանը համապատասխան, ընկերական, բարեկամական կապերով, ոմանք` գումարով: Եվ միայն փոքր մասն է ինքն իրեն հավատարիմ` ցանկանում խնդիրներ լուծել ընտրության միջոցով: Բայց քանի որ ընտրությունը համընդհանուր բնույթ ունի, փոքրամասնության կամքով հարցեր չեն լուծվում:
-Ի՞նչ կարծիքի եք Սիսիանի` քաղաքականացված քաղաք լինելու մասին:
-Քաղաքականացված լինելը վատ երեւույթ չէ: Եթե իշխանության գործունեությունը դառնում է առավել շատ թվով մարդկանց ուշադրության առարկան, դա լավ է: Քաղաքական, քաղաքացիական ակտիվությունը շատ անհրաժեշտ պայման է  եւ կարեւոր նշանակություն ունի հասարակության համար: Եթե կարծիք են հայտնում, քննադատում, պիտի ուրախ լինել դրա համար:
– Եթե քաղաքական ու քաղաքացիական ակտիվություն լիներ Սիսիանում, տարիներ շարունակ  նման համայնքապետ կընտրվե՞ր:
-Քաղաքականության մասին խոսելը դեռեւս չի նշանակում քաղաքականացված լինել: Իսկ քաղաքականության մասին խոսելը զրույց է, ոչ թե` քաղաքականություն, կառավարում, մասնակցություն քաղաքականությանը:
– Ի՞նչ կավելացնեք մեր զրույցին;
-Երբեք չենք ձգտում լավ մարդ դառնալ, լինել բարի, լինել քրիստոնյա, ձգտում ենք ունենալ տներ, հողեր, մեքենաներ: Բարեգործություն անելու անվան տակ ժողովրդից գողացածն ենք տալիս, ինչը ազնիվ չէ, իսկ սեփական քրտինքով վաստակածը այդքան էլ հեշտ չէ ուրիշի տալը: Կարծում եմ` մարդը պիտի կարողանա ապրել բծախնդրորեն եւ պատասխանատվությամբ:

Զրույցը  վարեց Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *