ՄԱՐԴԻԿ ՎԱՐԿ ՈՒՆԵՆ, ԵՐԵԽԱՅԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁ ՈՒՆԵՆ, ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ…

Չորս տարի առաջ ՀՀ գյուղնախարարության անասնաբուժական տեսչության կառույցը վերակազամավորվել է՝ դառնալով սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ ներառելով անասնաբուժական, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի տեսչությունները:
Վերակազմավորման նպատակների, կատարված աշխատանքների եւ առկա խնդիրների մասին է մեր հարցազրույցը Սյունիքի մարզային կառույցի գլխավոր մասնագետ-տեսուչ Ժեւիկ Սանթրյանի հետ:

-Պարոն Սանթրյան, ի՞նչ փոփոխություններ են կատարվել վերակազմավորման արդյունքում եւ ո՞րն էր նպատակը:
-Վերակազմավորման հիմնական նպատակը սննդի անվտանգության ապահովումն ավելի արդյունավետ եւ հստակ կազմակերպելն էր:
Քանի որ սննդի անվտանգության ապահովումը կարեւոր եւ համալիր գործընթաց է, մի քանի կառույցների համատեղ աշխատանքը ավելի շոշափելի եւ արդյունավետ է դարձնում այդ աշխատանքների կազմակերպումը:
-Յուրաքանչյուր ոլորտ ունի իր կոնկրետ պատասխանատո՞ւն:
-Անպայման:
-Քանի որ Դուք զբաղվում եք անասնաբուժական ծառայությամբ, եկեք խոսենք ձեր ոլորտի խնդիրների շուրջ:
-Մեր աշխատանքը առաջին հեթին կապված է եւ կախված է  գյուղնախարարության անասնաբուժական ծառայություն մատուցող ՊՈԱԿ-ի անձնակազմի աշխատանքից. եթե նրանք ժամանակին  չկատարեն միջոցառումները, բավականին մեծ խնդիրներ կծագեն եւ հիվանդությունների առաջացման, եւ սննդի անվտանգության ապահովման աշխատանքների կազմակերպման առումով:
-Ինչպիսի՞:
-Յուրաքանչյուր տարի վարականյութի ներկրման եւ տրամադրման մրցույթ է կազմակերպվում հանրապետությունում: Այս տարի դեռ մրցույթ չի եղել, վարականյութը դեռ չկա, եւ ընթացիկ տարվա համար առայժմ որեւէ միջոցառում չենք իրականացրել, բացառությամբ՝ բրյուցելյոզի անտիգենի:
Անցյալ տարի նախատեսված բոլոր աշխատանքներն արվել-ավարտվել են, որեւէ վտանգ չկա պետպատվերով նախատեսված միջոցառումների մասով, կան որոշ հիվանդություններ, ինչպես՝ շների կատաղություն, հորթերի մկնատամ, այլ աղիքային հիվանդություններից վտանգի հնարավորություն, ինչը , սակայն, նախատեսված չէ պետպատվերի շրջանակներում, ուրիշ որեւէ այլ վտանգ չկա, եւ այդ վիճակը կպահպանվի մինչեւ ընթացիկ տարով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետի սկսելը;
Որպես անասնաբուժության տեսուչ, ես ինքս վերահսկում եմ անասնաբուժական ծառայության գործունեությունը Սիսիանի տարածաշրջանում եւ վստահաբար ասեմ, որ 2013 թ-ին նախատեսված պլանը կատարվել, անգամ՝ գերակատարվել է:
-Որեւէ արտառոց դեպք, վարակ չի՞ արձանագրվել:
-2013 թ-ին որեւէ սուր ինֆեկցիա չի արձանագրվել, սակայն խրոնիկ հիվանդություններ լինում են: Արձանագրվել է  50 գլուխ խոշորի բրյուցելյոզի դեպք, նախկինում ունենում էինք 300-400-ը, մանր եղջերավորիների՝ 27, տուբերկուլյոզի 6 դեպք: Սա լավ ցուցանիշ է:
-Հնարավոր է այդ ցածր չուցանիշը պայմանավորված լինի անասնագլխաքանակի նվազմա՞մբ:
-Ոչ, ընդհակառակը, մեր տարածաշրջանում անասնագլխաքանակի ավելացում ունենք, մեծ թիվ են կազմում անգամ համայնքներում գլխաքանակը թաքցնելու, չգրանցելու դեպքերը, ե դա բոլորը գիտեն, ինչը, բասացաբար է անդրադառնում ստացվելիք վանկցինայի քանակության վրա, քանի որ այն ստանում ենք ներկայացված գլխաքանակի համար, ուստի որոշակի գլխաքանակ, բնականաբար, դուրս է մնում վակցինավորումից, ինչն էլ կարող է վարակի հնարավոր աղբյուր համարվել:
-Ինչո՞վ է պայմանավորված՝ թաքցնելը՝  հարկուտուրքո՞վ:
-Ախր ոչ դա, ոչ արոտների վարձերը մեծ գումար էլ չեն, հանուն ինչի թաքցնեն, ցավալի է, բայց դա բոլոր ժամանակներում էլ եղել է: Մեր բոլոր համայնքների ղեկավարներին խնդրել ենք ճիշտ հաշվառում կատարել, անասնաբույժներին ներգրավել հաշվառման գործընթացում, խուսափել գլխաքանակ թաքցնելուց, ռեալ թիվ ցույց տալ, որ կարողանանք ճիշտ քանակությամբ վարականյութ ներկրել:
Մեր առավելությունն այն է, որ Սյունիքի մարզում առաջին անգամ պիլոտային ծրագրով կատարվել է խոշոր եւ մանր եղջերավոր անասնունների բրյուցելյոզի վակցինացիա: Մենք հոյակապ աշխատանք արեցինք, եւ նախարարությունը դա գնահատեց:
Տարվա մեջ երկու անգամ ստուգել ենք 17 հազար 239 գլուխ: Դա ահռելի աշխատանք էր:
-Իրականում արվե՞լ է, թե…
-Հարյուր %-ով: Սիսիանի անասնաբուժական ծառայության որակը եւ մակարդակը այնքան է բարձրացել, որ բոլոր խորհրդակցությունների ժամանակ ասվում է՝ հանրապետությունում վիճակը հասցնենք Սյունիքի, մասնավորաբար՝ Սիսիանի անասնաբուժական ծառայության աշխատանքի մակարդակին:
-Ինչո՞վ եք դա պայմանավորում:
-Նախ՝ անասնագլխաքանակով, Եւ Սիսիանում եւ Գորիսում այն մեծ թիվ է կազմում, եւ, անշուշտ, լավ ավանդույթների պահպանմամբ. անասնաբուժական գործը այստեղ միշտ ուժեղ է եղել: 25 տարի աշխատում եմ այս ոլորտում, եւ կարող եմ ասել, որ այստեղ լավ հիմքեր են դրված: Ճանաչված եւ համբավավոր անասնաբույժներ ունեինք շրջանում:
-Եղավ մի ժամանակ, որ խոսում էին ոլորտի՝ վատ ու բարձիթողի վիճակի մասին:
-Այո, դա էլ եղել, երբ որ պետպատվեր չկար, գումար չկար, աշխատավարձ չկար, անասնաբույժները հրաժարվում էին 20-30 հազար դրամով աշխատել: Աշխատավարձը պայմանավորված է գլխաքանակով, գլխաքանակի նվազում էլ եղավ այդ ժամանակ:
-Ամեն համայնք  ունի՞ անասնաբույժ:
-Ոչ, բավականին կրճատումներ են եղել: Հիմա ունենք 20-22 անասնաբույժ՝ 30-32 համայնքի համար: Այդ թիվն էլէ փոփոխվում: Մեկ գլուխ խոշորը սրսկելը 80 դրամ է,16 գլուխ մանրը՝ նույնքան, ինչը իսկի չարչարանքի, աղբի մեջ մտնելու գինը չէ:
Բայց այս տարի հարցը բարձրացվել է կառավարություն, որ յուրաքանչյուր գյուղում անպայման մեկ հաստիք լինի՝ պետականորեն սահմանված, որ անսանաբույժի անելիքը չավարտվի միայն պետպատվերի սահմաններում: Մնացած ծառայությունները նա պարտավոր չէ կատարել, բայց դա էլ է կատարում: Անասնաբույժը պիտի նույն գյուղում ապրի, որ անընդհատ տեղում լինի՝ խնդիրները լուծելու համար:
Դա կլինի պետական աջակցություն՝ անասնապահությունը զարգացնելու համար:
-Մասնագետնե՞ր են անասնաբույժները:
-Բոլորը: Սակայն բոլորն էլ նախկին սովետից եկած մասնագետներ են: Կադրերի հարցն է ցավալի: Մի քանի տարի հետո լուրջ խնդրի առջեւ կկանգնենք, քանի որ նրանցից շատերը արդեն թոշակառու են, իսկ փոխարինողներ, երիտասարդ մասնագետներ ոչ միայն չկան, այլեւ չեն ցանկանա նման ցածր աշխատավարձով աշխատել: Իսկ ովքեր էլ որ մնացել-աշխատում են, հավատացնում եմ, ուրիշ աշխատանք անել չեն կարող այլեւս:
-Ուրիշ ի՞նչ խնդիր ունեք:
-Օրերս կսկսենք սննդի հետ կապված բոլոր կառույցների՝ մթերային խանութներ, հասարակական սննդի օբյեկտներ, արտադրություններ, արտադրամասեր համատեղ հաշվառման գործընթացը:
Անցյալ տարի Սիսիանի նշված կառույցներում կատարել ենք մշտադիտարկում եւ ամբողջ քաղաքում հատուկենտ ժամկետանց սննդատեսակներ հայտնաբերել: Սպառողի եւ մատակարարի գիտակցությանը հասել է դրան: Ցավոք, առայժմ մշտադիտարկումից դուրս են մնացել գյուղերը:
-Շատ բարի, սակայն մի խնդրի մասին չեմ կարող հարցադրում չանել եւ շրջանցել. երբեմն հանդիպում է, որ շենքի բակում շորը փռած միս են վաճառում …թույլատրելի է՞, հակասանիտարական չէ՞:
-Սկսենք նրանից, որ Սիսիանում թեեւ ունենք մսի խանութներ, բայց՝ չունենք սպանդանոց  եւ շուկա, որ մարդը կանգնի եւ իր արտադրած միսը վաճառի: Գյուղացուն էլ ձեռ չի տալիս, որ միսը հանձնի խանութին, ով ավելի թանկ է վերավաճառում: Կապանի սպանդանոց տանելն էլ հեռավորության պատճառով սիսիանցու համար ձեռնտու չի: Որպես տեսուչներ՝ մենք տեղյակ ենք խնդրին, նման դեպքեր լինում են հատկապես տոնական օրերի նախօրյակներին, ամանորին, բայց, մեղմ ասած, աչք ենք փակում, մտածելով, որ մարդը տանջվել-չարչարվել է, արտադրել, որ վաճառի, մի քիչ եկամուտ ունենա, վարկ ունի, երեխայի ուսման վարձ ունի, հազար ու մի խդիր ունի…Սակայն եթե նա ունի միսը վաճառելու անասնաբուժական վկայական, կարող է վաճառել:
Չնայած, նորից եմ ասում, դա խախտում է: Բայց եթե, ասենք, խիղճը կորցնենք ու այդ մարդուն տուգանենք մի 100 հազար դրամ, իսկ նրա անասունից գոյացել է մի 40-50 հազար, էլ ո՞նց ձեռքդ կգնա տուգանել:
-Բայց վատ դեպքը, ինչպես ասում են, մեկ անգամ  է լինում:
-Ճիշտ եք, սակայն խնդրին նաեւ այսպես նայենք. մենք գիտենք, որ անցյալ տարի բարձր որակով կատարել ենք մեր միջոցառումները, վակցինացիան, եւ վստահ ենք, որ վարակի աղբյուր չկա, ուրեմն եւ սուր ինֆեկցիա հնարավոր չէ, որ լինի Սիսիանում:
Ու, քանի որ սուր ինֆեկցիան բացառվում է, «աչք ենք փակում» նման դեպքերի վրա:
-Պարոն Սանթրյան, արոտային շրջանը հեռու չէ, ինչպե՞ս եք նախապատրաստվում:
-Մենք գտնվում ենք բարձր գոտում, մեր ժամանակահատվածը հնարավորում է երկրորդ եռամսյակը ներառյալ ավարտել մեր բոլոր միջոցառումները՝ մինչեւ սեզոնի սկսելը:
-Ի՞նչ կավելացնեք մեր զրույցին:
-Սա ոչ թե սեզոնային, այլ՝ ամենօրյա հետեւողական աշխատանք է, մենք էլ մեր աշխատանքը փորձում ենք կատարել՝ հավատարիմ  մեր մասնագիտությանը:

Զրույցը վարեց`
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

13.02.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *