ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՇՐՋԱՆ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Հարցազրույց Սիսիանի պետական քոլեջի տնօրեն Վարոս ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ

 Պարոն Սիմոնյան, թեեւ ուստարվա արձակուրդային շրջանն է, բայց Սիսիանի պետական քոլեջի դռները բաց են…

-Հենց հիմա մեզ մոտ կատարում ենք դիմորդների ընդունելություն: Քոլեջում այժմ ուսումն ամբողջովին անվճար է, պետպատվերով 97 անվճար տեղ է հատկացվել, չնայած մեր դիմորդների թիվը հանում է մոտ հարյուրի, մինչեւ ուսումնական տարվա սկիզբ այդ թիվը կավելանա:

-Մեր իրականության մեջ նույնիսկ բարձրագույն կրթության արժեքը մի տեսակ խաթարված է, էլ ուր մնաց… քոլեջայինը:

-Դա հետեւանք է, ոչ թե՝ պատճառ: Իսկ պատճառն այն է, որ մեր երկրում բուհական կրթություն են ստանում շրջանավարտների 70 %-ը, մինչդեռ՝  հակառակը պիտի լինի, 70 %-ը պիտի մասնագիտական կամ՝ արհեստագործական կրթություն ստանա: Այդ անհամասնությունն է բերել նրան, որ բուհի շրջանավարտը չի կարողանում աշխատանք գտնել, իսկ կյանքը օրեցօր առաջարկում է լավ, որակյալ, պրոֆեսիոնալ արհեստավորի պահանջ:

-Բայց, կարծես, միշտ հպարտացել ենք մեր լավ վարպետներով, արհեստավորներով…

-Ձեր մատնանշած լավ, որակյալ արհետավաորները վաղուց արդեն առաջացած տարիքում են, որոշ մասը՝ իր «ոսկե ձեռքերն օգտագործում է» արտերկրում, իսկ հերթափոխ չկա, քանի որ մոդա դարձած բուհական կրթությունը կտրեց հերթախոխ սերնդին արհեստից, արհեստագործական որակյալ եւ պրոֆեսիոնալ կրթություն ստանալուց, ասպարեզը թողնելով այսպես ասած՝ փինաչիներին…

-Բայց որակյալ եւ պրոֆեսիոնալ արհեստագործի պահանջ եւ կարիք միշտ էլ կա:

-Դրա համար Սիսիանի պետական քոլեջը իր ռազմավարությունը մշակում է հենց այդ պահանջներից ելնելով, եւ իր հիմնական մասնագիտացումների շարքում ավելացնում նաեւ այնպիսիք, որի պահանջն այսօր շուկան է դնում:

Այս ուսումնական տարվանից կգործի նոր՝ արհեստագործական բաժինը, որտեղ կպատրաստենք զոդողներ, որմնադիրներ, ծեփագործներ, երեսպատողներ, քարտաշներ:

-Դրանով փոխվո՞ւմ է պետական քոլեջի ուղղվածությունը…դեպի արհեստագործական ուսումնարան:

-Բնավ: Քոլեջը պահպանում է միջնակարգ մասնագիտական կրթություն տալու իր կոչումը, միաժամանակ ապահովում շուկայի նոր՝ արհետագործներ պատրաստելու պահանջարկը:

Քոլեջային կրթությամբ աշխատանք գտնելն ավելի՞ հեշտ է…

-Քոլեջային կրթության ընձեռած հնարավորություններն են ավելի շատ: Ունենք անգամ բուհավարտ այնպիսի ուսնողներ, որ իրենց բուհական կրթությամբ չեն կարողանում աշխատաքն գտնել, եւ եկել են քոլեջ սովորելու: Իսկ այսօր աշխատանքը ընտանիք պահելու հիմնական միջոցն է:

 -Ընդունելությունն ինչպե՞ս եք ապահովում: Բոլորովին այլ արժեքների սովոր եւ այլ արժեքներ կրող նոր սերնդին ինչպե՞ս եք «համոզում» քոլեջային կամ՝ արհեստագործական կրթության առավելությունն  ու անհրաժեշտությունը…

-Մենք չենք համոզում, այլ՝ կյանքն ու շուկան, մեզ մնում է նրանց միայն բացատրել, որ եթե բարձր առաջադիմությամբ դպրոցում չեն սովորելու եւ գերազանց բարձրագույն կրթություն չեն ստանալու, երեք տարի անտեղի ժամանակ պետք չէ վատնել դպրոցում: Մինչդեռ՝ այդ երեք տարին կարող են սովորել քոլեջում, ստանալ մասնագիտություն, դառանալ որակյալ արհեստագործ, իսկ ժողովրական խոսքն ասում է չէ, արհեստավորը մինչեւ կեսօր է սոված մնում…

Հիմա շուկան որակյալ արհեստագործի պահանջ է դնում, կյանքը փոխվել է, առաջադիմել, եւ ինքնուս «արհեստավորը» դուրս է մնում պահանջարկից: «Արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ» ժողովրդական իմաստությունը երբեք չի կորցնում իր նշանակությունն ու արդիականությունը:

Միաժամանակ ուսումնառության այս շրջանը լայն հնարավորություն է տալիս պատանուն կամ երիտասարդին ձեւավորվել որպես ինքնուրույն անհատ, կայանալ, ճանաչել ու բացահայտել իրեն: Գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողին տրված է  հարցազրույցով բուհ ընդունվելու հնարավորություն:

-Մարդու կյանքում մի առանձնահատուկ շրջան է ուսանողական կյանքը…

– Երիտասարդի կամ՝ դպրոցի շրջանավարտի մեջ քոլեջի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու հրապույրներից մեկն էլ ուսանողական կյանք հասկացողությունն է, որը անմոռաց է մնում ու թողնում է իր հետքը: Քոլեջում կան բոլոր հնարավարությունները ուսանողական կյանքը կազմակերպելու այնպես, ինչպես հարկն է: Ինքս էլ ինձ դուրս չեմ պահում դրանից, եւ շատ հաճախ ես էլ նրանց հետ մասնակցում եմ սպորտային խաղերի, մրցումների:

-Ի՞նչ կավելացնեք մեր զրույցին:

-Եթե մարդը չի հաջողում գիտության մեջ, ժամանակակից զարգացած տեխնոլոգիաների ասպարեզում, ապա միայն իր ոսկե ձեռքերով կարող է մրցակցել եւ ունենալ ոչ պակաս կարեւր ձեռքբերումներ…

Զրույցը՝ Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ
16.08.2014

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *