ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ` ՍԻՍԻԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԻՆ

21616449_874863046014782_56701163585911787_n

Հունիսի 15-ի գիշերը հակառակորդի հետ հրաձգության ժամանակ Վահե Գրիգորյանի վիրավորվելու մասին լուրը շատ արագ տարածվել էր Սիսիանում: Հայրը` Սիսիանի ավագ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հրայր Գրիգորյանը պատմում է, որ երբ իմացել էր որդու վիրավորվելու մասին, սկզբում զայրացել էր, որ նա չէր հետեւել ռազմագիտության պարապմունքների ժամանակ տված իր խորհուրդներին, բայց երբ ավելի հանգամանալից է իմացել նրա վիրավորվելու մանրամասները, զգացել է, որ որդին այլ տարբերակ չի ունեցել: Հրայր Գրիգորյանը պատմում է, որ հետո հպարտության զգացում է ապրել, իմանալով, որ 19 ամյա տղան, վտանգելով իրեն, փրկել է 47 ամյա սպա Արթուրի կյանքը, եւ վիրավորվել նրան փրկելիս: Շարքային Վահե Գրիգորյանը շտապել է օգնության եւ ինքն էլ վիրավորվել ոտքից եւ ձեռքերից։ Հիմա Վահեն բուժում է ստանում հանրապետական հոսպիտալում:

Սեպտեմբերի 21-ին Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանը պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Վահեի հայրն ասում է, որ որդու արարքը անսպասելի չէր իր համար, քանի որ նա մեծացել եւ դաստիարակվել է մի ընտանիքում, ուր հայրենիքի մասին խոսում եւ լսում են ծնված օրվանց: Իսկ Վահե Գրիգորյանն ասում է, որ մեծացել է հորեղբոր` արցախյան ազատամարտի նվիրյալ, Շահեն Մեղրյանի զինակից եւ նրա հետ նույն ինքնաթիռում զոհված Գրիգոր Գրիգորյանի մասին ամեն օր լսած հերոսական պատմություններով, նրա կերպարով: «Հայրս ու հորեղբայրս կերտել են իմ հոգեբանությունը, մտածողությունը, բարոյական արժեքները, եւ հենց այնպես էլ պիտի վարվեի, ինչպես որ վարվել եմ ծառայությանս ընթացքում` կրակակետից դուրս հանելով վիրավոր կապիտանին»,-ասում է Վահեն: Դեռեւս մեկ տարին չի բոլորել, ինչ Վահեն կատարում է իր զինվորական պարտքը: Ծառայում է Թալիշում: Հայրենիքին մատուցած ծառայության մեդալով պարգեւատրվելու մասին էլ իմացել է հոսպիտալում: Ուրախ է, որ գնահատվել է, բայց կյանքը դեռ առջեւում է, իսկ ինքը լի է հայրենիքին ծառայելու վճռականությամբ եւ անսահման նվիրումով:

«Մեդալ կստանար, թե չէր ստանա, հիմա էական չէ,- ասում է հայրը, -կարեւորն այն է, որ զինվորը զինվորին վայել արարք է դրսեւորել, դա ինձ ավելի շատ է ուրախացնում»: Մեդալներ էլի կլինեն, ուրախ է, որ 19 տարեկանում Վահեն արդեն կայացած զինվոր է: Իսկ Մարտական ծառայության համար ստացած մեդալի մասին Վահեն ասում է, որ հորեղբայրը` Գրիգոր Գրիգորյանը եւ պապը` երջանկահիշատակ Ֆելիքս Գրիգորյանը երկնքից կտեսնեն ու կուրախանան, որ ինքը սրբորեն է կատարում նրանց տված ամենամեծ դասը` հայրենասիրության դասը:

«ՈՐՈՏԱՆ»

 

2,731 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *