ՄԵԾԵՐԻ ԴԱՍԸ ԱՄԵՆ ՕՐ Է, ԱՄԵՆ ԺԱՄ

Մեծերը միայն ծննդյան վկայագիր են ունենում…

Իսկ անմահության վկայագիրը տալիս է …ժամանակը:

Ամենազոր եւ ամենաանողոք ժամանակը անմահության իր վկայագիրը տվել է Պարույր Սեւակին: Եվ հարահոս ու հարափոխ ժամանակի մեջ ոչ միայն չի պակասում նրա պոեզիայի սիրահարների թիվը, չի խոտակալում նրա գերեզման տանող ճանապարհը, այլեւ՝ ամեն տարի նոր սերունդ է այցի գնում նրա հիշատակը խնկարկելու, նրա գերեզմանը դարձնելու երդումի խորան, նրա մահվան օրը վերածելու պոեզիայի տոնի ու երբեւէ չավարտվող եւ վերջին զանգ չազդարարող բաց դասի…

Եվ արդեն քանի տարի այդ խնկարկումին իր մասնակցությունն է ունենում նաեւ սիսիանյան պատվիրակությունը: «Եթե ամեն տարի թեկուզ մի քանի դպրոցական էլ հաղորդակից դառնա սեւակյան պոեզիային, ես բավարարված կզգամ,- ասում է Գեւորգ Ասատրյանը, ով արդեն ավանդույթ դարձած նախանձախնդրությամբ Պարույր Սեւակի մահվան օրը կազմակերպում է սիսիանցի դպրոցականների այցելություն բանաստեղծի տուն-թանգարան: Սիսիանցի դպրոցականներն էլ են միանում բանաստեղծի գերեզմանի շուրջն ընթացող պոեզիայի տոնին, հնչեցնում իրենց սիրած բանաստեղծությունները, ունկնդրում մյուսներին, դառնում օրվա խորհրդի մասնակիցն ու ականատեսը:DSC09840

Սիսիանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Աննա Ամիրխանյանն ասաց, որ առաջին անգամն է մասնակցում նմանատիպ միջոցառման, այն շատ հետաքրքիր է, լավ տպավորություններով, դրական լիցքերով լի, նրան մասնավորաբար տպավորել էին  թանգարանի իրերը. «Այդ իրերի աշխարհում դու տեսնում ես մի ամբողջ կյանք՝ Սեւակի կյանքը ու  մոտիկից ծանոթանում այդ աշխարհին, ինչը շատ մտերմիկ մթնոլորտ էր ստեղծել: Սեւակ քիչ եմ կարդացել, բայց սրանից հետո շատ կկարդամ: Քիչ կարդալ՝ նշանակում է լինել՝ շատ աղքատ: Իսկ ինչպես նշեցին ավագները, այս այցը ստիպում է ավելի շատ կարդալ եւ ավելի շատ իմանալ նրա պոեզիան»-ավելացրեց նա:

Մեզ հետ կիսելով իր տպավորություններն ու հիացմունքը՝ Լիլիթ Իշխանյանը նշեց, որ Պարույր Սեւակի պոեզիայի սիրահարներից է եւ նրան համարում է հայ պեսզիայի աստվածը: «Տպտավորություններս հրաշալի են, ամեն ինչ շատ մտերմիկ էր, ինձ շատ դուր եկավ, շատ նոր բաներ սովորեցի: Ինչքան էլ ուսումնասիրես, նա անսպառ է: Կարծես ինքս իմ մտքում զրուցում էի Սեւակի հետ նրա գերեզմանի մոտ: Երբ վերադառանաք Սիսիան, դասընկերներիս կասեմ՝ երանի ինձ, որ ներկա էի պոեզիայի այս տոնին, շատ շնորհակալություն կազմակերպիչնեևրին, որ մեզ տվեց այս հնարավորությունը»:

«Սեւակի մասին, իհարկե, լսել ենք, կարդացել, սովորել նրա բանաստեղծությունները, բայց շատ կարեւոր էր տեսնել այս ամենը, տպավորություննրս հիանալի են:Սիրտս արագ էր բաբախում նրա գերեզմանաքարի շուրջը, խորհուրդ կտամ իմ ընկերներին ՝ իրենք էլ գան-տեսնեն, որ ավելի մոտ գտնվեն այն ամենին, ինչը ես տեսա: Այս այցը առիթ հանդիսացավ, որ նորովի ընկալեմ Սեւակի պոեզիան»,-ասաց 12-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Դավթյանը:

…Օրը դրանով չավարտվեց, եւ տպավորությունները դրանով չսպառվեցին: Օրը գնաց դառնալու այս աշակերտների կենսագրության մի անմոռաց էջը եւ անլռելի մի ղողանջը…

Իսկ մեծերի դասը մեկ օրվա եւ մեկ ժամվա համար չէ, այն ամեն օր է եւ ամեն ժամ:

 

Հ.Գ. Տարվա ցանկացած եղանակի եւ ցանկացած ժամանակ Պարույր Սեւակի վթարի վայրում կառուցված հուշակոթողին թարմ ծաղիկներ են: Սիրտդ բերկրում է…

Հետո … բերկրանք ապրող  սիրտդ ուզում է պայթել վիրավորանքից, որ մեզ համար արդեն սրբատեղի դարձած այդ վայրում, ուղիղ «Եղիցի լույսի…» կողքին փառավորապես կայանում-հանգրվանում են պարսկական հսկա բեռնատարները՝ տեր ու տիրական…DSC09420

Գուցե՝ պարսիկ վարորդները չգիտե՞ն՝ ինչ տեղ է, գուցե՝ իջեւանելու-մի փոքր դադար առնելու համար հարմա՞ր տեղանք է՝ երկար ճանապարհ կտրելիս, բայց տեսարանը անհարգալից է, տրամադրությունը՝ ցավեցնող, մեքենաներից թափցած յուղի եւ բենզինի հետքերը՝ ավտոհավաքակայանի տպավորությամբ:

Չգիտեմ՝ ում դիմել՝ «ավտոկայանատեղին այստեղից հավաքելու» հորդոր-խնդրանքով. ՀՀ մշակույթի, տրանսպորտի նախարարությունների՞ն, Արարատի մարզպետարա՞ն…

Բայց…վիրավորական է՝ շատ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
18.06.2014թ.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *