ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ, ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻՑ ՀԵՏՈ, ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԲՌՆԱԿՈԹՈՒՄ

1975 թվականին Բռնակոթում կառուցվեց Մեծ եղեռնին նվիրված հուշակոթող, որը հանրապետությունում երկրորդն էր՝ Ծիծեռնակաբերդից հետո: Ինչպես եւ ովքեր կարողացան իրականացնել այն ժամանակների համար այդ հանդուգն արարքը եւ ինչպես գիշերը գաղտնի հուշակոթողը տեղադրեցին Բռնակոթի «Բուլվար» կոչվող տարածքում:

Զրուցում ենք նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Քաջիկ Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս ծնվեց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու գաղափարը, երբ այդ տարիներին բնակչության մեծամասնությունն ուղղակի տեղյակ չէր եղեռնից:

– Թե 1975 թվին, թե հիմա՝ 40 տարի անց, այն համոզմանն եմ, որ հատկապես Բռնակոթում պիտի դա լիներ: Մինչ այդ կառուցված էր միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Անդրանիկի արձանը՝ Ուջանում, եւ փոքրիկ մի խաչքար՝ Էջմիածնի սբ. Հռիփսիմե եկեղեցու բակում: Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված որեւէ ուրիշ հուշարձան կամ՝ հուշակոթող հանրապետությունում չկար: Բռնակոթում կառուցված հուշակոթողը երկրորդն էր՝ Ծիծեռնակբերդից հետո:

-Ինչո՞ւ՝ դուք՝ դու եւ Արգամ Բարսամյանը. կարո՞ղ էին այլ մարդիկ դառնալ նախաձեռնության հեղինակը:

-Չեմ բացառում, բայց պատահական էլ չի եղել, որ մենք դարձանք: Ուսանողական տարիներին ես ընկերություն էի անում այլախոհների հետ, իսկ գաղափարի հեղինակ Արգամ Բարսամյանը շատ հայրենասեր տոհից է, 1965-ին Երեւանում մասնակցել էր ղարաբաղյան առաջին ցույցերին, նրա քեռին՝ Գեւորգ Գասպարյանը, եղել է առաջին հանրապետության խորհրդարանի անդամ, հետագայում աքսորվել Սիբիր: Իսկ մոր՝ Օլիկի հայրական տանը իջեւանել են Նժդեհը եւ Անդրանիկը, եւ Օկո տատը միայն նրանց մասին էր խոսում:

-Ինչպե՞ս ծնվեց գաղափարը:DSC09536

– Բռնակոթում եղեռնի զոհերի հիշատակի կոթող կառուցելը, ինչպես ասում են, ծնվել է միանգամից, բայց ոչ՝ պատահական: Մինչ այդ արդեն Արգամ Բարսամյանի ջանքերով գուղում կանգնեցվել էր Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, եւ Բարսամյանը մտադիր է եղել նաեւ եղեռնի զոհերի հուշակոթող կառուցել: Մի անգամ մեզ՝ կուսկազմակերպության քարտուղար Արգամ Բարսամյանին եւ ինձ, ես էլ մշակույթի տան տնօրենն էի, հրավիրել էին Սիսիան՝ կուսշրջկոմի մի խորհրդակցության: Այլ հարցերի թվում ասվեց, որ Ուջան գյուղում, որտեղ տեղադրվել է Անդրանիկի արձանը, ողջ գյուղն է խնամում, պահպանում, մաքրում տարածքը, եւ որեւէ հակահասարակական արարք չի կատարվում այնտեղ: Երբ դուրս եկանք խորհրդակցությունից, Արգամ Բարսամյանին առաջարկեցի մեր գյուղում էլ եղեռնին նվիրված հուշակոթող կառուցել: Ասես այդ խոսքին էր սպասում…

Գնաց Երեւան, հանդիպեց մատենադարանի աշխատողների, մշակվեց ծրագիրը, նախագծի էսքիզը, ու այնպիսի նախագիծ ընտրվեց, որ հնարավորություն էր տալիս հավանական հետապնդումների պարագայում խուսանավել եւ ասել, որ ընդամենը Գրիգոր Խանջյանի՝ Կոմիտասին նվիրված նկարն ենք քանդակում…Կոմիտասն ընտրվեց որպես մեծ եղեռնի խորհրդանիշ…Իսկ հուշակոթողի երկրորդ քարը քանդակագործ, մեր համագյուղացի Լյովա Դիլանյանն ավելացրեց:

-Ի՞նչ միջոցներով է կառուցվել հուշակոթողը: 1975 թվականին, բնականաբար, բացառվում էր պետական կամ՝ որեւէ այլ հովանավորություն:

-Դրամահավաք կազմակերպվեց՝ կամավորության սկզբուքնով, յուրաքանչյուրից՝ միայն հինգ ռուբլի, համընդհանուր գործին՝ հավասար մասնակցություն. դա էր նպատակը: Արտաքին ճնշումներից պաշտպանելու «սեւ գործը» դրվեց կուսակազմակերպության քարտուղար Արգամ Բարսամյանի վրա, մնացած  աշխատանքները՝ ինձ: Բարսամյանին պիտի ամեն կերպ ապահովագրեինք, կուսքարտուղար էր, եւ անմիջական հարվածի տակ ինքն էր:DSC09535

Կոմիտասի արձան կառուցելու մասին լուրը շատ արագ տարածվեց ոչ միայն Բռնակոթում, այլեւ՝ երեւանաբնակ բռնակոթցիների, մանավանդ՝ ուսանողության շրջանում: Դրամահավաքին մասնակցեց 126 հոգի, հիմնականում՝ 18-36 տարեկան երիտասարդներ, կային նաեւ դպրոցականներ: Գործը սկսվեց անհավանական ու անասելի խանդավառությամբ…

-Ինչո՞վ եք բացատրում նման խանդավառությունը:

-Դա տասնամյակների արգելանքից ձերբազատված մի պոռթկում էր, արգելված պտղի իրողություն, հավանաբար: Դա երիտասարդության ձայնն էր, տարիների թմբիրից արթնանալու ընդվզումը:

Առաջին գումարները տվեցին Վովա Առաքելյանը, Հոկտիկ Գրիգորյանը, հետո գյուղացիները հերթ էին կանգնում՝ գումարը տալու համար: Հավաքվեց 665 ռուբլի: Բայց աշխատանքների գերակշիռ մասը կատարվել է անվճար, շաբաթօրյակների տեսքով, կային մարդիկ, որ եւ գումար էին տալիս, եւ կամավոր աշխատում էին: Ավելի քան 200 հոգի է մասնակցել այդ աշխատանքներին: Ի՜նչ խանդավառությամբ էին շաբաթօրյակներին մասնակցում ուսանողները, դպրոցականները: Աղջիկները գետից դույլերով էին ջուրը հասցնում բարձունք: Չեմ մոռանում Քնարիկ Ղեւոնդյանին, 5-րդ դասարանի աշակերտուհի Նվարդ Բալյանին, որ եւ շաբաթօրյակներին էր մասնացում, եւ 5 ռուբլի էր տվել: Ուսանողների ոգեւորությունն էր անասելի: Երեւանից գալիս էին շաբաթօրյակին մասնակցում-գնում: Հովակիմյան Գառնիկն ուսանող էր, եկել էր շաբաթօրյակին մասնակցելու, դու ցեխ մի արա, ասել էի, կոստյումով ես, հենց կոստյումով էլ պիտի ցեխ անեմ, պատասախանել էր…

-Երիտասարդների խանդավառությունը հասկանալի է, իսկ մեծահասակնե՞րն ինչպես էին վերաբերվում:

-Վախեցողներ էլ կային, ոչ մեկին չես մեղադրի, բայց գյուղում համատարած մթնոլորտն ու տրամադրությունը խանդավառությունն ու ոգեւորությունն էր: Գյուղի հովիվ Շահունիկ Աղայանը, որ արդեն տարիքով մարդ էր, 10 ռուբլի տվեց: Երբ հրաժարվեցինք վերցնել, քանի որ որոշված էր միայն 5 ռուբլի, ասաց, որ մյուս 5 ռուբլին էլ տալիս է 1905 թվի հայ-թուրքական կռիվների ժամանակ զոհված զորավար Ստեփանյանցի անունից, ում դին բռնակթոցիները ուսերի վրա են Խոտ գյուղից տեղափոխել Բռնակոթ: Նրանցից մեկն էլ եղել է իր հայրը: Ստեփանյանցին թաղել են եկեղեցու բակում: 60-ական թվականներին երբ զորավարի գերեզմանը ավերել են,  հովիվ մարդը նրա մասունքները հանել, տարել-թաղել է իրենց ընտանեկան գերեզմանում, քար դրել ու վրան գրել՝ Զորվար Ստեփանյանցին: Նման հուզիչ պատմություններ էլի են եղել:

Իսկ Ալբերտ Հայրապետյանը, որ երեխաներ չուներ, նույնպես 10 ռուբլի է տվել: «Որ երեխա ունենայի, 5 ռուբլի էլ նա կտար, ես տալիս եմ նաեւ նրա փոխարեն»,-ասել է Ալբերտը:

-Ամեն ինչ այդքան հա՞րթ էր ընթանում, բա ո՞ւր էին իշխանությունները, ՊԱԿ-ը…

-Առանց դրա չէր լինի, արդեն լուրը տարածվել էր, եւ Սիսիանի շրջկոմի երրորդ քարտուղար Նյուրադին Ալիեւը բողոքել էր, անհանգստացրել Սիսիանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Կիմ Հովհաննիսյանին, ով աչք էր փակում, չլսելու էր տալիս…Բայց երբ աղմուկը մեծ հնչեղություն էր ստացել, ռայկոմի բյուրո են արել, հարվիրել կոլվարչության ու գյուղխորհրդի նախագահներին, հանդիմանել՝ քնա՞ծ եք եղել ասելով, կուսկազմակերպության քարտուղար Բարսամյանին էլ «խնայել են»: Սակայն հետո անընդհատ կանչել են ռայկոմ՝ հարցրել ի՞նչ է կատարվում, նա էլ ասել է՝ ես տեղյակ չեմ, ջահելներն են անում: Ովքե՞ր հարցին պատասխանել է՝ բոլորը…

– Այդ միջադեպերն անդրադառնո՞ւմ էին ձեզ վրա, երբեւէ մտածե՞լ եք՝ դադարեցնել գործը:  

-Թեպետ հոգեբանորեն ճնշող էր, եւ անհանգստանում էինք կուսքարտուղարի համար, բայց մեկ վայրկյան իսկ չենք մտածել գործը տապալելու մասին: Հուշաքարը գաղտնի տեղում էինք սարքում, քանդակագործ Լյովա Դիլանյանը եկել- գյուղում էր աշխատում: Երբ աղմուկն ընկավ, 75 ամյա Հաբեթ Գասպարյանը, որ քարերն էր հղկում, ասաց՝ կասեք՝ ես եմ անում, 75 տարեկան եմ, Անդրանիկին տեսած մարդ, ինձ ի՞նչ պիտի անեն… Բայց երբ դժգոհությունները մեծացան, հուշակոթողի ճարտարապետ Նորիկ Պողոսյանը մեզ հուշեց՝ շինարարական աշխատանքների մեջ ընդգրկել նաեւ դպրոցականներին եւ … թուրքի:

-«Ինտերնացիոնալիզմը» ապահովելու նպատակո՞վ:DSC01168

-Նման մի բան. արտաքուստ ցույց տալու, իբր՝ ոչ թե Կոմիտասի արձան ենք կառուցում կամ՝ եղեռնի զոհերի հուշակոթող, այլ՝այգի ենք սարքում ճանապարհ ենք բացում: Շինտրեստի կառավարիչ Գրիշա Մարգարյանն իր աշխատող թուրք վարորդ կզլշաֆագցի Թաիր Մահմուդովին ուղարկեց, որ հարթեցնի հուշակոթողի տարածքի ճանապարհը: Երբ գործն ավարտեց, հաց տվեցինք, ու մեր տղաներից մեկը որոշեց նրա հոգու հետ խաղալ՝ ասելով, որ Անդրանիկի արձանն է դրվելու էստեղ: Թուրքը միանգամից այլայլվեց, գունատվեց, չոքեց ու կոկորդը բռնած աղերսում էր, որ հանկարծ իրենց մոլլոյին բան չասենք, իրեն կաքսորի: Այդ աշխատանքների համար, իհարկե, Մարգարյանը նրան մեծ աշխատավարձ էր գրել:

-Ե՞րբ տեղադրվեց հուշակոթողը:

-Դեպքերն այնքան արագ զարգացան, որ չէր բացառվում նաեւ հուշակոթողի ոչնչացումը: Երբ աղմուկն արդեն շատ էր մեծացել, եւ Ղափանից եկել էր ՊԱԿ-ի Ժոզեֆը, ազգանունը չեմ հիշում, իսկ կուսքարտուղարին ամեն օր կանչում էին հարցաքննության, շատ արագ, օգոստոսի 17-ի գիշերը հուշակոթողը կանգնեցրեցինք: Եթե այդ գիշեր չտեղադրեինք, շատ հավանական է, որ կքանդեին:

Ի դեպ, մի հետաքրքիր միջադեպ էլ եղավ, ինչը պատմում եմ առաջին անգամ. Երեւանում տղաները «առեւանգել էին» Կիմ Հովհաննիսյանի տղային, որ ուսանող էր, ստիպել զանգահարել հորը եւ ասել, որ եթե քանդվի հուշակթողը, սիսիանցի ուսանողները չեն թողնելու՝ ինքը Սիսիան մտնի…Կիմ Արմենակիչը ներքուստ մեծ համակրանք էր ցուցաբերում, բայց ի պաշտոնե պիտի «միջոցներ ձեռնարկեր»՝ լարվածությունը թուլացնելու համար: Որպես կուսկազմակերպության քարտուղար՝ հանձնարարեց Արգամ Բարսամյանին՝ իր ձեռքով ցեմենտել հուշակոթողի՝ ապրիլի 24 եւ 1915 փորագրությունները, ինչին պիտի ներկա գտնվեր Նյուրադին Ալիեւը: Բայց ասել էր՝ «Աղմուկը դադարելուց հետո կբացեք»: 10 տարի շարունակ, սակայն, ամեն ապրիլի 24-ին ոստիկաններն ու ռայկոմի հրահանգիչները հսկում էին հուշակոթողի տարածքը, որ մարդիկ չգնան, ծաղիկներ չդնեն: 10 տարի հետո միայն Արգամ Բարսամյանն իր ձեքով քերեց-մաքրեց ցեմենտը, որի հետքերը դռեւս երեւում են: Բայց շրջանի իշխանություններն էլ, գյուղի ղեկավարությունն էլ ներքուստ շատ խանդավառված էին, ու նրանք էլ գիշերն էին գաղտնի գնում-տեսնում հուշակոթողը:

Իսկ երբ 1976 թվականին Վլադիմիր Աբաջյանը ելույթ էր ունենում մեր մշակույթի տանը, համերգից հետո նրան առաջարկեցինք լինել Կոմիտասի հուշակթողի մոտ: Համաձայնվեց: Եվ երբ տեսավ՝ հիացմունքից բացականչեց՝ ես չեմ խմում, բայց այսօր պիտի հարբեմ…

Հետո կամաց-կամաց մարդիկ սովորեցին ապրիլի 24-ին բարձրանալ Բռնակոթի Բուլվար՝ հարգանքի տուրքը մատուցելու եղեռնի զոհերի հիշատակին: Գալիս էին նաեւ Սիսիանից, մինչեւ որ շատ տարիներ հետո Սիսիանում էլ արդեն կառուցվեց եղեռնի զոհերի հուշաքարը:

-Ասում են՝ ձեզ մոտ շատ խորհրդավոր մի գիրք էլ կա, որտեղ հանգամանալից գրված է հուշակոթողը կառուցելու բոլոր մանրամասնությունները, մեկ առ մեկ նշված է եւ գումար տվողների անուն-ազգանունները, եւ կատարաված յուրաքանչյուր աշխատանք՝ ամիս-ամսաթվով:

-Այո, կա, եւ երկար ժամանակ այն թաքուն է պահվել: Ու դրա մասին իմացել ենք միայն 3 հոգի՝ ես, Արգամ Բարսամյանը եւ Նորիկ Պողոսյանը, ով նվիրել էր գիրքը: Գրքի վրա գրված է՝ «Կոմիտասի հուշարձանի կառուցման պատմությունը. Բռնակոթ, 1975 թ.»: Յուրքանչյուր էջ մի խորագիր ունի՝ ընտրված «Անլռելի Զանգակատուն» պոեմի ղողանջներից: Երբ աղմուկն ընկել էր, Բարսամյանն առաջարկեց «վերացնել» գիրքը՝ հետքերը թաքցնելու եւ մարդկանց հարվածի տակ չդնելու համար: Ես էլ, իբր, վերացրեցի: Շատ տարիներ հետո միայն, երբ զրուցում էինք, Բարսամյանն ափսոսանքով խոսեց գրքի մասին, իսկ երբ ասացի, որ այն չեմ վերացրել, պահպանվում է, ուրախությունն անասելի էր… Հիմա այդ գիրքը ոչ միայն հուշագիրք է, այլեւ՝ մասունք, վկայարան: Անցել է 40 տարի, ու երբեմն նայում-թերթում եմ, կրկին ապրում ու վերապրում այն անբացատրելի տարերքը, որ համակել էր ողջ Բռնակոթին, երիտասարդների այն ոգին, այն խանդավառությունը, այն բերկրանքը եւ հպարտությունը, որ մասնակցում էին Կոմիտասի հուշակոթողի կառուցմանը:

-Արցախյան պատերազմից հետո Կոմիտասի հուշակթողի մատ հուղարկավորվեցին նաեւ բռնակոթցի 4 նահատակները, եւ «բուլվարը» կամաց-կամաց դարձավ…Պանթեոն:

-Դա մեծ խորհուրդ ունի. Հայոց մեծ եղեռնը եւ արցախյան ազատամարտը միմյանց շարունակությունն են, այդպես էլ պիտի լիներ: Հիմա այնտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Փառք ու պատիվ այն բռնակթոցիներին, որ վերակառուցում են տարածքը, վերականգնում լուսավորությունը, ցայտաղբյուրը:

-Մեծ եղեռնի 100 ամյա տարելիցի կապակցությամբ հիմա ամենուրեք խաչքարեր են տեղադրում…

-Թող տեղադրեն: Հայրենական պատերազմի հուշարձաններ կան բոլոր գյուղերում, թող եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարեր էլ լինեն, պիտի լինեն: Բարեբախտաբար եղեռնի չար ձեռքը չի հասել սիսիանցիներին, բայց ցավը համազգային է: Թող խաչքարեր տեղադրվեն, հուշակոթողներ, եւ ամեն երեխա, ով թեկուզ մեկ ծաղիկ կդնի այդ խաչքարին, խոնարհվի ու խնկարկի 1,5 միլիոն նահատակների հիշատակը, ինքն արդեն գենետիկ կապ կստեղծի այդ հիշողության հետ ու կդառնա նրա կրողը, հիշողը եւ, անշուշտ, պահանջատերը…

-Անցել է 40 տարի, ի՞նչ զգացողություն ունեք հիմա, երբ գրեթե ողջ աշխարհն է խոսում հայոց ցեղասպանությունը:

-Ծիծեռնակբերդից հետո հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երկրորդ հուշակոթողը կանգնեցվել է Բռնակոթում: Սա ամենամեծ եւ ամենախորը զգացողությունն է, որ համակում է: Մարդիկ, որ մասնակցել են դրան, հիմա 60-70 տարեկան են, բայց ամեն անգամ նույն խանդավառությամբ, նույն ոգեւորությամբ, նույն անբացատրելի ակնածանքով են խոսում այդ մասին, ու իրենց մեջ ապրեցում են բավականությունը, որ մասնակից են եղել այն տարիների համար հանդուգն իրողությանը: Իսկ Բռնակոթի նոր սերունդը անգիր գիտի այդ պատմությունը, հուշակոթողի բազմաթիվ սիմվոլների իմաստը, գաղտնագրերը, ինչը փոխանցվում է սերնդե սերունդ:

Զրույցը՝ Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ

23.04.2015

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *