ՄԵԾ ԵՂԵՌՆ-98

DSC00892

Սա համարձակության խնդիր չէ, սա խղճի խնդիր է


Իր մայրամուտն ապրող Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին քառորդից պետական քաղաքականություն հռչակվեց հայերի ցեղասպանությունը` որպես հայկական հարցի լուծման թուրքական եղանակ:
Թեպետ Հայոց ցեղասպանության պատմության շուրջ և՚ մեզանում, և՚ արտասահմանում ստեղծվել է հսկայածավալ գրականություն, բայց այսօր էլ թեմայի համակողմանի լուսաբանումը խիստ արդիական է :
Երբ աշխարհի տարբեր մասերում այսօր էլ շարունակվում են ազգային հողի վրա կատարվող հանցագործությունները, քաղաքական արդիական նշանակություն ունի Հայոց ցեղասպանության հանգամանքների գիտական լուսաբանումը, որն աներկբա ցույց է տալիս, թե ինչպիսի ողբերգական արդյունքների կարող է հանգեցնել ազգայնամոլական գաղափարախոսությունը:
Պատմության դասերը ցույց են տալիս, որ ժողովուրդները շատ ծանր են հատուցել, երբ մոռացության են տրվել մարդկության դեմ կատարված հանցագործությունները:
Ժողովրդի թվաքանակի չափն այստեղ ոչ մի նշանակություն չունի, երբ պետական քաղաքականության մակարդակի վրա է բարձրացվում ցեղապաշտական տեսությունը:
Որո՞նք էին Հայոց ցեղասպանության պատճառները
Հարցադրումն արդիական է և կարևորվում է նրանով, որ ժամանակակից  Թուրքիայում մշակվել է Հայոց ցեղասպանության  և Հայկական հարցի ժխտման պետական կոնցեպցիա, որը հանգում է հետևյալ կարծիքներին.
ա)Հայերն, իբր, սեփական մշակույթից զուրկ եկվոր ժողովուրդ են: Հայաստանը երբեք ինքնուրույն պետություն չի եղել և հայերը նրանում, մասնավորապես Արևմտյան Հայաստանում, փոքրամասնություն են կազմել:
բ) Թուրքերն, իբր, իրենց գրաված երկրներին բերում էին խաղաղություն և փրկություն: Օսմանյան կայսրությունը եղել է ամենաառաջավոր, քաղաքակրթված և հումանիստական հասարակությունը, որտեղ հայերը լավ էին ապրում, նրանցից շատերը բարձր պաշտոններ էին զբաղեցնում, <<նույնիսկ օգտվում էին ինքնավարությունից>>:
գ) Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանություն, իբր, տեղի չի ունեցել, այլ, ընդամենը, պատերազմական գոտում եղել է հայերի տեղահանում` ըստ 1915թ. մայիսի  14-ի <<Տեղահանման մասին>> օրենքի,  որը հետևանք էր այն բանի, որ Ռուսաստանի հետ սահմանակից մարզերում Թուրքիայի անվտանգությունը սպառնալիքի տակ էր գտնվում: Կառավարությունը չի մշակել ջարդի ծրագիր, այլ ստիպված դիմել է որոշ պաշտոնական քայլերի, որոնց ընթացքում հայերն ունեցել են առանձին մարդկային կորուստներ:
Այսպիսով` թուրքական  պետական հայեցակարգը մերժում է ցեղասպանության բուն իսկ փաստը, դրա նախապես ծրագրավորված և կանխատեսված բնույթը:
Ցեղասպանության արմատները պետք է փնտրել Օսմանյան կայսրության բուն էության մեջ: Լինելով եկվոր ցեղեր և զավթողական պատերազմներով հաստատվելով օտար երկրներում` թուրքերի համար գերխնդիր էր դարձել նվաճած ժողովուրդների հայրենիքների թուրքացումը, թուրքական նոր հայրենիքի ստեղծումը:
Ցեղասպանության հիմնական պատճառներից մեկը Հայկական հարցի վերացումն էր. Չկան հայեր, հետևաբար` չկա նաև Հայկական հարց. այս էր հայկական հարցի լուծման թուրքական եղանակի էությունը:
Ցեղասպանության պատճառների շարքում որոշակի դեր է խաղացել տնտեսական գործոնը: Չնայած անբարենպաստ պայմաններին, հայ արդյունաբերողներն ու դրամատերերը, իրենց ձեռներեցության ու բնական տաղանդի շնորհիվ կարողացել էին դրամական խոշոր կուտակումներ ստեղծել: <<Թուրքերը,-գրել է անգլիացի պատմաբան Վ.Գոտլիբը,- նախանձով էին նայում իրենցից կուլտուրապես ու տնտեսապես ավելի ուժեղ այդ եռանդուն ժողովրդին>>: Հայերի բնաջնջմամբ թուրքերը հնարավորություն էին ստանում տիրանալու նրանց հարստություններին, տնտեսական կարողություններին, վերացնելու թուրքական բարձրացող բուրժուազիայի պոտենցիալ և ահեղ մրցակցին:
1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո հայ ժողովրդի ազգային-քաղաքական անկախության վերականգնման հարցը դադարեց միայն հայերի ներքին հարցը լինելուց: Եվրոպական տերությունների ջանքերով  <<Հայկական հարց>> անունով այն բարձրացվեց միջազգային դիվանագիտության մակարդակ և դարձավ Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը:
Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածը մնաց օդում կախված: Սուլթան Աբդուլ Համիդը, խոստացած բարենորոգումների փոխարեն, ուժեղացրեց հայերի հալածանքներն ու ճնշումները: Արհեստական թշնամանք էր սերմանվում մի կողմից հայերի, մյուս կողմից` մահմեդական ժողովուրդների միջև: Խստագույն հսկողություն սահմանվեց հայկական դպրոցների վրա, արգելվեց հայոց պատմության դասավանդումը: Հայկական շարժումների դեմ պայքարելու համար ստեղծվեցին քրդական համիդիե հեծելագնդերը:
Թուրքական կառավարությունը 1870-ական թթ. վերջերից Արևմտյան Հայաստանում վարում էր մի քաղաքականություն, որի էությունն էր` Հայաստանն առանց հայերի:
19-րդ դարի 90-ական թթ. կեսերից թուրքական պետությունն անցնում է արևմտահայերի զանգվածային բնաջնջման քաղաքականությանը:
Ճիշտ է, հայերը որոշ վայրերում դիմեցին ինքնապաշտպանության, սակայն հսկայական էին կորուստները:
90-ական թթ. զանգվածային կոտորածներից հետո ամայացան Արևմտյան Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր, սուլթանական իշխանություններն ավելի սաստկացրեցին հայերի ազգային ու կրոնական հալածանքները: Հայ ազատագրական շարժումները բնում խեղդելու համար Արևմտյան Հայաստանի բազմաթիվ վայրերում ստեղծվեցին ամրացված զորանոցներ:
Սուլթան Աբդուլ Համիդի քաղաքականությունը շարունակվեց հաջորդ վարչակարգի` երիտթուրքերի կողմից, որն իշխանության էր եկել 1908թ.:
Երկար չտևեց երիտթուրքական այսպես կոչված հեղափոխության մեղրամիսը: Իրադարձությունների հետագա հոլովույթը ցույց տվեց, որ հանձին երիտթուրքերի, իշխանության գլուխ են անցել մեծապետական շովինիստներ և պանթուրքիստներ:
Երիտթուրքական արկածախնդիրների ճանապարհին, որպես մեծ խոչընդոտ, ընկած էր հայ ժողովուրդը, որի հայրենիքը սեպի նման խրված էր մի կողմից` Թուրքիայի, մյուս կողմից` Ռուսաստանի և Պարսկաստանի թուրքախոս երկրամասերի միջև: Նախ հարկավոր էր վերացնել հայկական այդ սեպը` հայ ժողովրդին գլխովին բնաջնջելու, Հայաստանն իսպառ հայաթափ անելու միջոցով:
Երիտթուրքերը համաշխարհային պատերազմը լավագույն առիթը համարեցին իրենց ծրագրերի իրագործման համար: Հայերի ցեղասպանության ծրագրի գործադրությունն սկսվեց պատերազմի մեջ Թուրքիայի մտնելու առաջին օրերից: Այդ դիվային ծրագիրն առանց ցնցումների իրագործելու համար մեկուսացվեց եւ ոչնչացվեց արևմտահայության ռազմունակ հատվածը:
Ծրագրի գործադրման երկրորդ փուլը հայ ժողովրդի մտավոր ուժի գլխատումն էր: Ապրիլի 24-ին ոստիկանությունը Կ. Պոլսում ձերբակալեց  235 անվանի հայ մտավորականների: Մինչև ապրիլի 29-ը ձերբակալված մտավորականների թիվը հասավ 800-ի, որոնք անլուր տանջանքներից հետո, բարբարոսաբար ոչնչացվեցին:
Ձեռնատելով և գլխատելով բովանդակ արևմտահայությանը, նրան մեկուսացնելով արտաքին աշխարհից, թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկրորդ քայլին, այն է`անպաշտպան և անօգնական կանանց, ծերունիների, երեխաների զանգվածային ջարդերի և բռնագաղթին: Սա իր դաժանությամբ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ցեղասպանություն էր, որին զոհ գնաց 1,5  մլն մարդ:
Զանգվածային ջարդերից փրկված արևմտահայերը ցաք ու ցրիվ եղան: Նրանց մի հատվածը, հիմնականում կանայք ու երեխաներ, մնացին բուն երկրում և մահմեդականացվեցին: Արաբական տարածքներ քշված հայերը կուտակվեցին Միջագետքի անապատի հյուսիսային և արևելյան շրջաններում` Ռաս ուլ- Այն, Դեյր Զոր, Ռաքքա, Մեսքենե, Պապ, Մոսուլ և այլ վայրերում, որտեղ ստեղծվել էին համակենտրոնացման ճամբարներ: Շուտով կենտրոնից Թալիաթի ստորագրությամբ նոր հրամաններ եկան բռնագաղթվածներին ոչնչացնելու մասին:
Սակայն հայոց Մեծ  եղեռնը ունի նաև մյուս էջը` հերոսապատումի էջը: Հակառակ թուրք պետության կողմից ամենայն բծախնդրությամբ նախապատրաստված ցեղասպանության ծրագրի,այնուամենայնիվ, Արևմտյան Հայաստանում և կայսրության որոշ հայկական բնակավայրերում ջարդարարները հանդիպեցին ուժգին դիմադրության: Վանում, Շապին Գարահիսարում, Մուսա լեռան վրա, Ուրֆայում  և այլուր դիմադրական մարտերի արդյունքն այն եղավ, որ տասնյակ հազարավոր հայեր փրկվեցին մահից: Զենքի դիմաց հայերն իրենց գիտակցված մահով փրկում և սրբագործում էին հայ ցեղի արժանապատվությունը:
Ցեղասպանության ծանրագույն հետևանքը հայազրկումն էր Հայաստանի մեծագույն մասի` Արևմտյան Հայաստանի, որն այսօր գտնվում է Թուրքիայի տիրապետության ներքո:
Իսկ Արևելյան Հայաստանի հայազրկված շրջանները` Ուտիքը, Գանձակը, Դաշտային Արցախը և այլ երկրամասեր բռնակցվեցին Ադրբեջանին:
Վիթխարի էր հայ ժողովրդի նյութական կորուստը:
Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում` պատմության չավարտված գլուխն է, քանի դեռ ոճրագործն ըստ արժանվույն չի դատապարտվել, իսկ հայերը հատուցում չեն ստացել:
Այն ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունում տեղի էր ունենում Հայոց Գողգոթան, այն դատապարտվեց ժամանակի հասարակական-քաղաքական և պետական նշանավոր շատ գործիչների կողմից/ Ա. Ֆրանս, Ռ.Ռոլան, Ֆ.Նանսեն, Ջ. Բրայս, Յ. Լեփսիուս, Վ. Վիլսոն, Դ. Լլոյդ Ջորջ, Ջ. Քերզոն և այլք/, որոնք այն որակեցին որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Բայց հետագայում մարդկությունը մոռացության տվեց թուրքերի կատարած մեծ ոճրագործությունը:
Ուշագրավ է, որ վերջին տասնամյակներում լուրջ քայլեր են կատարվում Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ուղղությամբ: Դրան նպաստեցին մի շարք այլ գործոններ, առաջին` 1965թ. ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի մի շարք  երկրներում լայնորեն նշվեց Մեծ եղեռնի 50-ամյակը, երկրորդ` ԱՍԱԼԱ-ի և սփյուռքահայ ընդհատակյա այլ կազմակերպությունների զինական գործողությունները, երրորդ` Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլուր գործող մարդու իրավապաշտպան կազմակերպությունների աճող ճնշումը կառավարությունների վրա` հայերի ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Այս բոլորը տվեցին իրենց դրական արդյունքը:
1987թ. հունիսի 18-ին Եվրապառլամենտն ընդունեց <<Հայկական հարցի քաղաքական լուծման մասին>> բանաձևը, որի 2-րդ կետում ասված էր. <<Օսմանյան կայսրության մեջ հայ բնակչության հանդեպ 1915-1917 թվականներին գործադրված ողբերգական իրադարձությունները համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված << Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին կոնվեկցիայի>>, հանդիսանում է ցեղասպանություն>>: Բանաձևը Թուրքիայի` Ընդհանուր շուկայի անդամ դառնալու պայմաններից մեկն էր համարում հայերի 1915թ. ցեղասպանության մասին ինքնաքննադատորեն արտահայտվելը:
Հայոց ցեղասպանությունը մեր անցյալի ամենաողբերգական էջն է: Հիշողությունը մարդուն տրված է ոչ թե անցյալի ցավերն անվերջ նորոգելու, այլ արբազան հիշատակները պաշտելով հանդերձ` նոր ճանապարհը անշեջ անցնելու համար: Վրեժը մեր չունի վաղեմության ժամկետ, քանի որ կամքը բռունցքվել է երկինք, ու չի ծնկել մեր հավատը: Այսօր, առավել քան երբեք, բռունցքվելու, միակամ դառնալու անհրաժեշտություն ունենք…

Հրաչուհի  ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
24.04.2013թ․

 

1,098 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *