ՄԵԿԻ ՓՈԽԱՐԵՆ ԵՐԿՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵՑԻՆՔ

Մայիսյան կարմրաներկ տոների շարքում Դարբաս գյուղի եւ հարեւան համայնքների համար Մայիսի 5-ը նույնպես տոն կհամարվի, տոն` հույսի, հավատքի վերածննդի, տոն` նյութական եւ հոգեւոր արժեքների ստեղծման, տոն` նավակատիքի ու նորակառույցի բացվող դռների:
Մայիսի 5-ին Շամբում բացվեց հանքային ջրերի շշալցման գործարանը եւ Դարբասում օծվեց Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Համաժողովրդական տոնակատարության, խանդավառության հիշարժան այդ օրը, հիրավի, անմոռաց գույներով ու տպավորություններով կհարատեւի դարբասյան տարեգրության մեջ:
Թե ինչ է նշանակում արդյունաբերական նոր ձեռնարկության բացումը Ձորերի եւ ավելի քան 100 տարի կանգուն որեւէ եկեղեցի չունեցող  նոր եկեղեցու օծումը համայնքի համար, կմեկնաբանի մեր զրուցակիցը` գործարանի սեփականատեր եւ եկեղեցու կառուցման բարերար Արամ ու Արմեն Ստեփանյանների հայրը` Ներսես (Մելսիկ) Ստեփանյանը:

-Եկեղեցին հենց այնպես չի կառուցվում: Իմ ընտանիքը դժվար կացության մեջ էր: Աստծուց խնդրում էինք` օգնել մեզ: Աստված օգնեց, իսկ մենք Աստծուն խոստացանք տուն կառուցել իր համար: Ես մտահոգություն ունեի, որ երբ սկսենք կառուցումը, հանկարծ կիսատ չմնա, բայց որդիներս ամրապնդեցին իմ հույսերը, ասելով, որ այդ ծավալի եկեղեցին մեկ տարում չեն կառուցում: Ու որոշեցինք, որ ինչ կաշխատենք, կներդնենք եկեղեցու կառուցմանը: Հիմնարկեքը կատարվել է 2007 թ.-ի ապրիլի 25-ին, ինչը պատահականություն չէ. նախորդ օրը Ապրիլի 24-ն էր` հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը: Նախորդ օրը սգալով 2 միլիոն անմեղ զոհերի հիշատակը` հաջորդ օրը եկեղեցու հիմնարկեքով ոգեկոչվեց հայ ոգին, հայ հավատքն ու սերը առ կյանքը, առ հարատեւումը: Գահից, պետականությունից զրկված մեր ժողովրդին ուժ ու հույս տվողը եղել է մեր եկեղեցին: Այն կրկին համախմբում է ժողովրդին, հույս ներշնչում, որ ապրուստի միջոցը մեր երիտասարդները տեղում գտնեն ու ինչքան արարում, ստեղծում են, արարեն մեր երկրի համար ու Հայաստանում:
– Իսկ եկեղեցի ունենալու անհրաժեշտությունը գյուղը ինքը զգու՞մ էր:
– Դարբասը 7 եկեղեցի է ունեցել: 1931-ի մեծ երկրաշարժին վերջնականապես խոնարհվել է կիսավեր միակ` սուրբ Ստեփանոս եկեղեցին, ուր հայրս` Արսենը, հավատքով աղոթում ու մոմ էր վառում: Շուրջ 100 տարի Դարբասը զրկված է եղել Աստծո տնից: Գործող եկեղեցի ունենալու անհրաժեշտությունը զգում էր ոչ միայն Դարբասը, այլեւ` ողջ Ձորերի ժողովուրդը: Պատահական չէ, որ հիմնարկեքի օրը 200-250 մարդ բահը ձեռքին հող լցրեց եկեղեցու հիմքում` հաղորդակից լինելով այն սրբազան ուխտին, որ կատարել էր իմ ընտանիքը: Օգնել են բոլորը, անգամ` զինվորականները: Ու բոլորից շնորհակալ եմ: Շատ գոհ եմ աշխատանքի որակից: Բարձրակարգ վարպետներ ու բանվորներ են աշխատել կառույցի վրա: Դրսից եկած մարդիկ զարմանում էին, թե որտեղից ենք հրավիրել շինարարներին եւ հիանում էին, իմանալով, որ նրանք մեր տեղացի վարպետներն ու բանվորներն են` Գառնիկ Մարգարյանը, Վալիկ Վարդանյանը, Հակոբ Մարգարյանը, Նորիկ Ստեփանյանը, Ալբերտ Զաքարյանը, մյուսները: Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագծի հեղինակներին` ճարտարապետներ Մարտին Զորոյանին, Նունե Պետրոսյանին, Մանվել Համբարձումյանին` նման հրաշալի կառույց նախագծելու համար, իմ ընկեր ռուսաստանաբնակ մեր հայրենակից Գագիկ Մկրտչյանին` ամեն ինչով աջակցելու համար:2010_63
– Եկեղեցու կառուցմանը գրեթե զուգահեռ սկսվեց նաեւ արտադրական կառույցի` հանքային ջրերի շշալցման եւ պահածոների գործարանի կառուցման աշխատանքը: Դժվար չ՞էր երկու տարբեր կառույցների գրեթե միաժամանակյա կառուցումը:
– Դա էլ պատահական չէր: Գրեթե մեկ դար եկեղեցու ներգործությունից դուրս մնացած ու նաեւ սոցիալական դժվարին պայմաններում հայտնված գյուղացու համար, առավելապես` ճգնաժամային պայմաններում, ավելի կարեւոր էր նյութական, սոցիալական խնդիրների լուծումը, քան` հոգեւոր: Եկեղեցին կառուցելու ժամանակ բազմիցս լսեցինք, որ ավելի լավ էր մի գործարան կառուցել, քան` եկեղեցի: Հասկանալով նրանց` ասացինք, որ դա էլ կլինի, եւ մեկի փոխարեն երկու գործարան կառուցեցինք: Հոգեւր ու նյութական ներդաշնակությամբ է, որ մարդ կարող է խաղաղ սրտով ու հանգիստ մտքով եւ ապրել եւ Աստծուն հավատալ:
– Իսկ որո՞նք էին գործարանների կառուցման նախապայմանները:
– «Տատնի» հանքային ջուրը, վստահ եմ, հայտնի ու ճանաչված բրենդ կդառնա շուկայում: Ինչ վերաբերում է պահածոների գործարանին. Ձորերը հայտնի են իրենց մրգով, բանջարեղենով, հատկապես` խնձորով: Տարեկան այս Ձորում 10 հազար տոննա խնձոր է լինում, չհաշված` Սիսիանը: Բնակիչներն իրացնում են բերքի միայն 30 տոկոսը: Մնացածը փչանում է: Նույնը` բանջարեղենը, մյուս մրգերը: Պահածոների գործարանն ամբողջությամբ կգնի տարածաշրջանի ողջ միրգն ու բանջարաբոստանային մշակաբույսերը եւ կվերամշակի: Պատվիրված է նաեւ խնձորհավաք մեքենան, որը կհեշտացնի բերքահավաքը:
– Հնարավո՞ր է այդ քանակությամբ հումք մթերել. չէ՞ որ գյուղացին արտադրություն կազմակերպելու շատ խնդիրներ ունի:
– Այդ մասին էլ հոգացել ենք: Այս տարին համարենք անցած, եկող տարվանից պայմանագիր կկնքենք նրանց հետ, նախապես կֆինանսավորենք, կօգնենք սերմացուով, տնկիներով, որ կարողանա արտադրություն կազմակերպել: Երկու գործարանը միասին կունենա 100-150 աշխատատեղ: Արտադրանքի իրացման խնդիր էլ չի լինի: Այն հիմնականում իրացվելու է Մոսկվայում, որոշ քանակություն էլ կսպառվի ներքին շուկայում:
– Ի՞նչ հիմնախնդիրներ կլուծեն գործարանները տարածաշրջանի համար:
– Գործարանները չենք կառուցել միայն մեր ընտանիքի համար, այլ` բոլորի: Հույսով եմ, որ արտագաղթը ինչ-որ չափով կկանխվի, երիտասարդները կապահովվեն աշխատանքով եւ չեն մտածի երկրից հեռանալու մասին: Գյուղացին էլ վերջապես իր արտադրածը բարեկիրթ եղանակով իրացնելու հնարավորություն կունենա, նրա սոցիալական վիճակն էլ կբարելավվի: Նրա չարչարանքը, դառը քրտինքը, ի վերջո, արդյունք կտա: Մեր հայրենիքը մենք պիտի կառուցենք, ու թող նման ներդրումներ շատ լինեն ու ամեն տեղ լինեն:
– Որպես գործարար` համագործակցո՞ւմ եք որեւէ այլ գործարարի հետ:
– Սարքավորումներով օգնել են բուլղարները` մեր պատվերով: Մեր առաջարկությամբ նրանք ապահովել են նաեւ ինժեներական միտքը: Որեւէ մեկ ուրիշի հետ համասեփականատեր չենք: Այն մեր ընտանիքի սեփականությունն է: Ունենք հետաքրքիր այլ ծրագրեր եւս: Կարեւորն այն է, որ գործարանները կառուցվել են, մարդիկ կաշխատեն, արտադրանք կտան: Սա, կարծում եմ, ամենամեծ ձեռքբերումն է բոլորիս համար:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *