Մեկնարկեց ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստը

Այսօր Հայաստանի 2014թ. երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում մեկնարկեց ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստը: Մասնակից պետություններն են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, ՌԴ-ն, Տաջիկստանը: Նշենք, որ խորհրդի նիստին մասնակցելուց հրաժարվել է Ադրբեջանը: Նիստի մեկնարկին խորհրդի ներկայացուցիչները նախ ՌԴ մասնակիցներին շնորհավորեցին Ռուսաստանի Դաշնությունը որպես անկախ պետություն հռչակվելու օրվա առիթով: Ողջույնի խոսքով հանդես եկավ խորհրդի համանախագահ, Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ով հույս հայտնեց, որ մասնակից երկրների համատեղ աշխատանքն արդյունավետ կլինի: ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստում օրակարգային 14 հարց է ներառված: Նախեւառաջ ամփոփվեցին 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքները: Խորհրդի համանախագահ, Բելառուսի Հանրապետության կրթության նախարարի տեղակալ Վիկտոր Յակժիկը դրական գնահատեց նախանշված տարիներին կատարված բավականին մեծ աշխատանքը, որի արդյունքում միավորվել են մի շարք երիտասարդական կազմակերպություններ: 7SvEinYXHh4XL9aAjmpAGqeUHg«Աշխատանքների արդյունքում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել երիտասարդների մասնագիտական առաջխաղացմանը, ինչպես նաեւ կարեւորվել է մեծ թվով կամավորների ներգրավվածությունը երիտասարդական ծրագրերին»,- նշեց Վիկտոր Յակժիկը: Բացի ծրագրերի դրական արդյունքները քննարկելուց` ուշադրություն դարձվեց նաեւ ընթացքում առաջ եկած խնդիրներին: Տաջիկստանի սպորտի եւ տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Քարիբջոն Ջուրաեւը փաստեց, որ անցած տարի նախատեսված 9 միջոցառումներից միայն 4-ը չեն իրականացվել: Ֆինանսական խնդիրների պատճառով այդ միջոցառումների իրականացումը նախատեսվում է արդեն 2014 թվականին: Այդ խնդրի առնչությամբ ԱՊՀ երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի գործադիր քարտուղար Մարգարիտա Սաֆարովան խորհուրդ տվեց օգտագործել երիտասարդական անսամբլեայի ռեսուրսները` երիտասարդական քաղաքականության աշխատանքներն իրականացնելու համար: Նիստի արդյունքների ամփոփման բաժնում խորհրդի համանախագահ Արսեն Քարամյանը ներկայացրեց նաեւ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված մի շարք ծրագրեր: «Ըստ 1998թ. դեկտեմբերի 14-ին ընդունված «Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի»` սուբյեկտ են հանդիսանում 16-30 տարեկան ՀՀ երիտասարդ քաղաքացիները,- նշեց Արսեն Քարամյանը,- ներկայումս աշխատանքներ են տարվում հայեցակարգի առավել նորացված ծրագրերի ուղղությամբ: Այդ գործընթացին մասնակցում են փորձագետներ ինչպես պետական, այնպես էլ հասարակական սեկտորից»: ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստում նաեւ քննարկվելու են երիտասարդության հիմնախնդիրների ուսումնասիրման նպատակով միասնական հետազոտական ցանցի ստեղծման հնարավորությունը, իրականացվելու է փորձի փոխանակում երիտասարդական քաղաքականության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մշակման, գյուղաբնակ երիտասարդության զբաղվածության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

12.06.2014
Աղբյուրը` erit.am:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *