ՄԵՆՔ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ, ՄՆԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՄ ՄՏԱՀՈԳ

Թոռնիկս հաճախում է քաղաքի թիվ 4 մանկապարտեզ: Բոլորս գիտենք, որ հայ ծնողը, հայ տատիկը ոչինչ չի խնայում իր երեխայի համար: Դեռ ավելին, անում է հնարավոր ամեն բան` նրան կրթություն, դաստիարակություն  տալու:
Ես  8 տարի Սիսիանի տարբեր մանկապարտեզներում աշխատել եմ թե հիմնական, թե` փոխարինող դաստիարակ, եւ լավ եմ հասկանում  մանկապարտեզում աշխատողի հոգեբանությունը, մանկապարտեզ հաճախող երեխայի եւ նրա ծնողի հոգեբանությունը:
Բայց, անկեղծ ասած, կյանքում շատ բան տեսածի իմ կենսափորձով անգամ ինձ համար անհասկանալի ու անհայտ է մնում այն վարվեցողությունը, այն վերաբերմունքը, այն խտրականությունը, որ վերջին շրջանում նկատում եմ թիվ 4 մանկապարտեզում:
Ճշմարտության դեմ չմեղանչելով ասեմ, որ առաջին տարիներին վատ բաներ չեմ նկատել, նույնիսկ, ինչպես իրենք են հաճախ ասել` թոռնիկիս իրենց ծնկների վրա են մեծացրել: Լավ դաստիարակներ ու դայակներ միշտ էլ եղել են եւ հիմա էլ կան: Ինչպե՞ս կարող եմ չգնահատել ընկեր Էլվիրային, Մարոյին, ում շնորհիվ թոռներս աղոթքներ են սովորել, հավատքին, հայ առաքելական եկեղեցուն նվիրված ոտանավորներ:
Բայց բավականին երկար ժամանակ է, որ մանկապարտեզում տիրում է անբարյացկամ, մանկական կրթօջախին ոչ վայել մթնոլորտ, ինչը ինձ խորապես մտահոգում է: Պատճառը, գուցե, իրենք կասեն, իսկ ես, ինչպես եւ խոստացել էի իրենց, իմ մտահոգությունը կհայտնեմ թիվ 4 մանկապարտեզում առկա իրավիճակի մասին: Անկախ ամեն ինչից, կարծում եմ, որ տնօրենի, դաստիարակների, աշխատակիցների ու երեխաների ծնողների միջեւ ինչպիսի փոխհարաբերություններ էլ լինեն, այն երբեւիցե չպետք տարածել երեխայի վրա` մեկուսացնելով նրան, խտրական վերաբերմունք ցուցաբերելով նրա հանդեպ այնքան զգալի, որ սրտնեղած ու վիրավորված երեխան այդ մասին պատմի ծնողին: Կարծում եմ` երեխան ոչնչով  մեղավոր չէ, որ, ենթադրենք, իր անվճարունակ ծնողը հրաժարվում է մասնակցել որեւէ դրամահավաքի կամ` ավելի ճոխ չի ներկայանում մանկապարտեզային «առիթներին»:
Թեեւ երկար ժամանակ է, ինչ անհանգստացած եմ ու մտահոգ, բայց, մեղմ ասած, երբեմն չնկատելու եմ տվել, հույսով, որ կփոխվի, մտածելով, որ միայն իմ թոռան հանդեպ չէ այդ խտրական վերաբերմունքը: Առճակատման չգնալու համար  որոշել էի նույնիսկ Նոր տարուց հետո փոխել երեխայի մանկապարտեզը, բայց հետո հրաժարվեցի նրան նոր ստրեսի ենթարկելու մտքից: Իսկ երբ իմ մտադրության մասին հայտնեցի տնօրենին, նա անտարբերությամբ ասաց` փոխում ես, փոխիր, դա արդեն քո խնդիրն է:
Ասենք` դա իմ խնդիրն է, իսկ ո՞ւմ խնդիրն է մանկապարտեզում ստեղծված իրավիճակը հարթելը, մանկապարտեզը ղեկավարելը, հակամանկավարժական երեւույթները կանխելը եւ արգելելը:
Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարող էր իմ թոռանն ամենաշատը սիրող ընկեր Էլվիրան հետո հանկարծ հնգամյա աղջնակին «պատժել» շորերով անկողնում պառկեցնելով,  չեմ կարող հասկանալ, թե երեխային ինչպես կարելի է  մասնակից չդարձնել Ամանորի տոնածառը զարդարելուն, երբ բոլոր երեխաներն են մասնակցում, չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է տարեվերջյան հանդեսին մի երեխայի 5-6 համար հատկացնել, մյուսին` ընդամենը մեկը, եւ դա այն դեպքում, երբ այդ  երեխան ակտիվ ու անկաշկանդ լինելու համար հենց իրենց կողմից «Ատաման» անունն է վաստակել, չեմ կարող հասկանալ, որ տատի կամ ծնողի վրդովմունքից հետո միայն  ուրիշ երեխայից կարող են ետ վերցնել նրան տված համարը եւ տալ «դժգոհող» ծնողի երեխային` լարվածություն առաջացնելով երկու երեխաների միջեւ, չեմ կարող հասկանալ ծնողի «մուռը» երեխայից հանելու հոգեբանությունը: Չեմ կարող հասկանալ մանկապարտեզ հաճախող երեխային նրա ծնողով, բարեկամ-ազգականով «գնահատել-չափելը», չեմ կարող հասկանալ որպես  տատ, որպես ծնող, որպես երբեւէ դաստիարակ աշխատած մարդ:
Դրամահավաքությունից էլ չեմ խոսում, «վերաբերմունք» կոչվող վերաբերմունքից` նույնպես:
Երբ այս մտահոգություններով փորձել եմ զրուցել տիկին Նազարյանի հետ, փոխարեն մտահոգվեր խնդրով, փոխարեն տնօրենի դերին համապատասխան քայլեր ձեռնարկեր, ինձ հորդորել է «հիշաչար չլինել»: Եթե աս մանկապարտեզի տնօրենի պատասխան է, ես  ուրիշ ի՞նչ ասեմ:
Անհանգստությունս եւ մտահոգությունս այնքան էր մեծացել, որ տնօրենին ասել եմ` «կգնամ քաղաքապետարան կբողոքեմ»: «Մի ծնողի պատճառով ինձ ի՞նչ պիտի անեն, գնա բողոքիր»,-եղել է տիկին Նազարյանի պատասխանը:
Վստահաբար կարող եմ ասել, որ շատ ու շատ ծնողներ են դժգոհում, բայց լռում են: Լռում են, որովհետեւ էլի երեխա ունեն, որ պիտի մանկապարտեզ բերեն, լռում են, որովհետեւ վախենում են իրենց երեխաների հանդեպ ցուցաբերվող ավելի վատ վերաբերմունքից:
Թոռս այս տարի ավարտում է մանկապարտեզը, եւ դպրոց է գնալու, բայց ես մտահոգ եմ մյուսների համար, նոր եկողների համար, այն ծնողների համար, ովքեր վախից են միայն լռում: Ցավում եմ այն ծնողի համար, որ մեր ապրումները պիտի ունենա, եւ ցավում եմ այն երեխայի համար, ում նկատմամբ պիտի շարունակեն այդքան խտրական, այդքան անտարբեր ու անուշադիր վերաբերմունք  ցույց տալ մանկապարտեզում:
Մի պահ մտածում էի այս նախակրթարանում տիրող իրավիճակի մասին իմ մտահոգությունը բարձրաձայնել թոռանս ավարտելուց հետո, հետո զգացի, որ դա ճիշտ չէր լինի…
Մենք  ավարտում ենք, մանկապարտեզը մնում է … Մնացողների համար եմ մտահոգ…

Եվգենյա ՆԵՐՍԻՍՅԱՆ
Սիսիան
23.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *