ՄԵՆՔ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆՔ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ

2010 թվականին ծառայությանս մեջ փոփոխություն կատարվոց. նշանակվեցի Սիսիանի տարածաշրջանի զինվորական կոմիսար: Մինչ այդ աշխատում էի Սիսիանի զորամասում, զորամասի հրամանատարի տեղակալն էի` առաջնային գծով:
Ավելի քան 20 տարի ՀՀ զինված ուժերում ծառայած մարդու համար այլեւս անշրջելի է միտքը, որ` զենքն է, որ նաեւ խաղաղություն է ապահովում, սահման է անառիկ պահում, ազգիդ, ընտանիքիդ անվտանգությունը, խաղաղությունը, ստեղծագործ աշխատանքը երաշխավորում: Այդպես կարծել եւ այդպես մտածել ինձ համոզել է մեր անցած մարտական ճանապարհը, մեր մղած արցախյան ազատամարտը, մեր պատմությունն ի վերջո: Իմ պարագայում նաեւ` Աֆղանստանում 2 տարվա ծառայությունը:
Կյանքի 20 ու ավելի տարիները զինված ուժերում անցկացրած մարդու համար խաղաղությունը սեփական տանը արժանապատիվ ապրելն է, սեփական պետության սահմաններում ապահով ապրելը: Իսկ մենք վաստակել ենք այդպես ապրելու իրավունքը` մեր թափած թանկ արյան գնով:
Փառք ու պատիվ սիսիանցի զինվորներին, փառք ու պատիվ այն ծնողներին, որ այսօր էլ գիտակցաբար են իրենց որդիներին բանակ ճանապարհում: Մաղթում եմ, որ նրանք պատվով կատարեն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ եւ վերադառնան իրենց օջախներ: Մեր բոլոր մայրերին մաղթում եմ անարցունք աչքեր, համբերություն եւ հպարտության զգացում` զինվորական որդի ունենալու համար:
Սահմանին կանգնած եւ երկրի սահմանն անառիկ պահող զինվորին մաղթում եմ տոկունություն եւ կատարած գործի կարեւորության գիտակցում:
Շնորհավորում եմ բոլոր զինծառայողների, զինվորականների Նոր տարն եւ Սուրբ Ծնունդը:
2011-ը բարով գա ու միայն` խաղաղության ղողանջներով:

Մինաս ՄԿՐՏՉՅԱՆ
Սիսիանի զինկոմ, փոխգնդապետ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *