ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ…

Շաղատի պանթեոնում օրն այսօր ուրիշ խորհուրդ ուներ. ապրիլի 4-ին ադրբեջանական անօդաչու թռչող սարքի գնդակոծությունից զոհված շաղատեցի Դավիթ Սարգսյանի շիրմին կրկին թարմ ծաղիկներ խոնարհվեցին, եւ պանթեոնում կրկին տարածվեց խնկաբույրը: Այսօր նրա ծննդյան օրն էր… 60-րդը, որ նշվեց նրա բացակայությամբ… Բայց միայն` ֆիզիկապես բացակայության, քանի որ հայրենիքի նահատակը անմահ է եւ հավերժ` ինչպես իր սխրանքը…

Դավիթ Սարգսյանի շիրմին այցելեցին եւ նրա հիշատակը խնկարկեցին ոչ միայն հարազատներն ու ընտանիքի անդամները, այլեւ` հյուրեր, համագյուղացիներ: Օրը հիշատակելու եւ հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված ազատամարտիկի սխրանքը մեկ անգամ եւս գնահատելու համար Շաղատ էին այցելել նաեւ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամները` միության նախագահ Յուրիկ Միքայելյանի գլխավորությամբ` ասելու` մենք քեզ հետ ենք, ինչը, անկեղծ ասած, հաճելի անակնկալ էր Դավիթ Սարգսյանի ընտանիքի անդամների համար:

«Հայաստանի Հանրապետության նախագահի եւ ՀՀ պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ,  ՀՀ ՊՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ գեներալ մայոր Վարդան Ավետիսյանի աջակցությամբ հանրապետության ողջ տարածքով իրականացվում է «Մենք քեզ հետ ենք» խորագրով ծրագիր, որի նպատակն է ամուր պահել արցախյան պատերազմի ժամանակ զոհված 101 զինվորների եւ զինծառայողների ընտանիքների հետ կապը: Ծրագրի DSC04492շրջանակներում այցելում ենք բոլոր 101 ընտանիքներին, մեզ հետ նաեւ` 101 կուրսանտ, ովքեր դառնում են այդ ընտանիքների ոչ միայն բարեկամը, այլեւ` ընտանիքի անդամն ու զավակը, եւ նրանց միջոցով ստեղծվում ու պահպանվում է բարեկամության կապը,- ասաց Յուրիկ Միքայելյանը: – Տարվա մեջ նախատեսված է 6 այցելություն 101 զոհվածների ընտանիքներ, նրանց գերեզմաններ: Այսօր Դավիթ Սարգսյանի ծննդյան օրն է, եւ մենք մեր պարտքը համարեցինք այցելել նրա գերեզման, հիշել նրան, փառավորել նրա սխրանքը: Ծանր կորստից հետո նահատակի հարազատն ու ընտանիքի անդամը սփոփվում ու մխիթարվում են, գոնե, որ նրանց հիշում ենք բոլորս… Այսօր եկել ենք Շաղատ, մեզ հարազատաբար ընդունեցին, մարդկայնորեն շոյվեցին, որ հանուն հայրենիքի զոհվածի հիշատակը վառ է մնում ապրողներիս սրտերում…

Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, եւ բոլորս պիտի միասնական լինենք միշտ, ինչպես որ եղանք ապրիլյան պատերազմի օրերին: Մենք թշնամիներ շատ ունենք, որ ուզում են ներսից պառակտել մեզ, ջլատել մեր ուժերը, բայց չեն կարող, քանի որ, հատկապես օրհասական պահերին, մենք ավելի միասնական ենք դառնում: Մենք հարգում ենք մեր նահատակների շիրիմները եւ սիրում աստծո կողմից մեզ պարգեւ տրված Հայաստան կոչվող այս դրախտ երկիրը»,-հավելեց նա:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից Դավիթ Սարգսյանը ետմահու պարգեւատրվեց «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով:

«Հայորդիք» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Նունե Կիրակոսյանը ողջունեց նախաձեռնությունը, կարեւորեց զոհվածների ընտանիքների եւ զինվորների հետ կապի ամրապնդումը, նահատակներին չմոռանալը, միաժամանակ նշեց, որ հավասարապես չպետք է մոռացվեն նաեւ 90-ականներին զոհվածների ընտանիքները, որովհետեւ նրանք նույնպես նույն ուշադրության կարիքը ունեն…

«ՈՐՈՏԱՆ»

13.07.2016

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *