ՄԵՌԵԼՆԵՐՈՒՍ ԻԲՐԵՎ ԽԱՉ՝ ԵՍ ԱՅՍ ԾԱՌԸ ՏՆԿԵՑԻ…

Հայոց մեծ եղեռնի բազմաթիվ միջոցառումների շարքում ուզում եմ առանձնացնել մասսայական ծառատունկը, որին մասնակցեց նաեւ Իշխանասարի հիմնական դպրոցը: Ծառատունկի ողջ ընթացքում մտքիս մեջ անդադար պտտվում էր եղեռնազարկ սերնդի բանաստեղծ Լեւոն-Զավեն Սյուրմելյանի՝ «Մեռելներուս իբրեւ խաչ՝ ես այս ծառը տնկեցի» բանաստեղծական տողը, որը ցեղասպանության 100 ամյակի խորապատկերին մի նոր խորհուրդ է ստանում:

Դպրոցի մերձակա ազատ տարածքում, որտեղ անցյալ տարի տնկել էինք 50 ծառ, ասես ինչ-որ բան թերի էր մնացել, քանի որ դրան մասնակից չէինք դարձրել դպրոցականներին: Այս տարի ուղղեցինք մեր սխալը, եւ ցեղասպանության զոհերի 11034182_1431305380499546_2095243725088054902_nհիշատակի համար դպրոցում կազմակերպված ծառատունկին մասնակցեցին դպրոցի բոլոր՝ 19 աշակերտները: Մինչ ծառատունկը սկսելը՝ նրանց բացատրել ենք ծառատունկի խորհուրդը, ասել, որ ամեն մի ծառը ամեն զոհված հայի համար նոր կյանք է, իսկ ծառի տակ լցվող մեկ բաժակ ջուրը՝ եղեռնի ճանապարհներին սովից ու ծարավից մահացածի ծարավը հագեցնող ջուրը: Ինձ համար հաճելի զգացողություն էր, որ երեխաները ոչ միայն լավ էին հասկացել իրենց տնկած յուրաքանչյուր ծառի, նրա տակ լցված մեկ բաժակ ջրի խորհուրդը, այլեւ նրանցից մեկը հետո պատմեց, որ երբ բռնել է ծառի բնից, որ դնեն փորված փոսի մեջ, իրեն թվացել է, թե մի նահատակ երեխայի ձեքից բռնած փրկում է մահից:

Իշխանասարում սրբատեղիներ չկան, աղոթքի տեղ չկա, եւ մեր անմեղ նահատակների հիշատակի համար ստեղծված այս նորատունկ այգին կդառնա սրբատեղի, մեր երեխաներն ու համագյուղացիները այսուհետ կգան այստեղ՝ ինչպես եկեղեցի են գնում, ինչպես պանթեոն են գնում, ինչպես ուխտատեղի են գնում…

Եղեռնի զոհերի հիշատակի համար կազմակերպված ծառատունկը մեկ ուրիշ խորհուրդ էլ ունի մասնավորաբար Իշխանասար գյուղի համար. այստեղ հաստատված բնակիչների մեջ կան նաեւ Բաքվից, Սումգայիթից մազապուրծ փախած հայեր եւ նրանց ժառանգներ, եւ  ծառ տնկող երեխաներից ոմանք նրանց թոռներ- ծոռներն են: Հայրենի հողում ծառ տնկելով՝ նրանք իրենց արմատները հաստատեցին, արմատներով ձուլվեցին-մեխվեցին այն հողին, որի վրա ապրում-ապրելու են, եւ որը կոչվում է հայրենիք:

Լիաննա ՄՈՎՍԻՍՅԱՆ

Իշխանասարի դպրոցի տնօրեն

20.04.2015

2 մեկնաբանություն ՄԵՌԵԼՆԵՐՈՒՍ ԻԲՐԵՎ ԽԱՉ՝ ԵՍ ԱՅՍ ԾԱՌԸ ՏՆԿԵՑԻ… հոդվածին

  1. Ժաննա Գալստյան says:

    Մեռելներուն իբրև խաչ Գոռ Վրեժը հաստատեցի:

  2. «Մեռելներուս իբրեւ խաչ՝ ես այս ծառը տնկեցի»……Ամբողջ բանաստեղծությունը հետաքրքիր կլիներ կարդալ…..

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *