ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ ԱԶՆԻՎ

Նույնիսկ` Չարենցի ընկեր Լիպոյի մանկական-բախտախաղն էր ազնիվ` «Տուր մի կոպեկ ու խփիր, թե բախտդ բանեց, Մի տուփ լուցկի կամ մի տուփ քորոց կհանես…»:
Խաղային այս ապարատները մեծ հետաքրքրություն եւ աշխուժություն առաջացրեցին նաեւ Սիսիանում: Մանավանդ` երբ նոր էր. ոչ մեծ էր հարցնում, ոչ` փոքր:
Մեծերի հարցը, թերեւս, մի քիչ այլ է, 100 դրամով 300-400 դրամանոց ծխախոտ ձեռք բերելը դեռ մի կողմ, եթե դա էլ «չորսան», ոչինչ, 100 դրամի եղածը ի՞նչ է` մի պահ «մանկանալու» բավականության համեմատ, որից մանկության տարիներին զրկված են եղել: Մեծերն անգամ մանկական հետաքրքրությամբ ու ազարտով են 100 դրամանոցը գցում խաղային ապարատի «գանձարկղ» եւ շունչը պահած` փորձում ճիշտ տեղին ու ճիշտ ժամանակին «նետել կարթը»: Այնքան եռանդով ու հավեսով են «խաղում», ասես «վրեժ լուծելիս լինեն»… թե ինչու իրենց մանկության մեջ էլ այս «խաղը» չկար: Չշահելուն էլ, առանձնապես, թեթեւ են նայում. դե` աշխատում են, իրենց կարող են թույլ տալ նաեւ նման փոքրիկ «զոհողություն»:
Բարդը երեխաների հարցն է:
Տեսե՞լ եք` մեկ էլ խուռներամ ինչպես են շրջապատում խաղային ապարատը ու հետեւում իրենց միջի այն միակ «երջանիկին», ով 100 դրամն ունենալու բախտը ունի` մի քանի վայրկյանով տարբերվելու իր ընկերներից:
Տեսե՞լ եք` հետո նրանց դեմքի այն ափսոսանքը, երբ… Այ, որ իրենք լինեին է՞…, այ, որ էդ 100 դրամը իրենցը լիներ է՞…
Թումանյանի ընկեր Նեսոն էլ երեք մանեթ չուներ` ուսման համար…
Մեր մանկության խաղերը շատ էին ազնիվ: Ոչ` փողի էր, ոչ` ծնողի գրպանի կարողության ու պարունակության:
Մեր մանկության խաղերը, եթե անգամ հարեւանի բոստանից սեմուշկա «թռցնել էր», մանկական տարիքում մեզ… մանուկ էին պահում:
…Ափսոսանքս 100 դրամ չունեցող երեխաների համար է` մանկությունը սրտի ուզածի չափով մանկորեն ապրել չկարողանալու համար…

24.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *