ՄԵՐ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ

ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ` ՈՍԿՈՒՑ ԷԼ ԹԱՆԿ

Պայծառ ու լուսանուն աղջիկը` Սոսե Ստեփանյանը, շատ ու շատ անգամներ է  լսել, որ ինքն առաջին միջն. դպրոցի պարծանքն է, բայց չի մեծամտացել: Շատ անգամ է օլիմպիական ընկերներից լսել, որ եթե Սոսեն կա, նրան հաղթելը դժվար կլինի, բայց դրանից գոռոզամիտ չի դարձել, ու երբ ուսման 10 տարիների իր մաքառումը պսակվել է արժանի վաստակով` ոսկե մեդալով, չի դադարել լինել նույն խոնարհ, խելոք, համեստ աղջիկը: Եվ երեւի նրա  «ոսկու» կողքին ամենից շատ հենց դա է նրան զարդարում, որի համար էլ միշտ եղել ու մնալու է դպրոցի սիրելի Սոսեն:
Ասում է, որ 7-րդ դասարանից իր անունը հնչում է դպրոցի, քաղաքի, մարզի օլիմպիադաներում, ու նա վարժվել է հաղթողի իր դերին: Ասում է, որ եթե որևէ նպատակ է դնում, անպայման հասնում է միայն իր աշխատասիրությամբ, իր ձգտումով, բայց դպրոցում եւ ուսուցիչների կողմից սիրված լինելով հանդերձ` ինքնավստահ չէ եւ գտնում է, որ դա լավ է, շատ լավ է, քանի որ հենց դա է նրան մղել հասնելու հաջողությունների, որպեսզի դառնա ինքնավստահ: Ասում է` երբ քայլում էր դպրոցի միջանցքներով, հարազատ դպրոցի ճանապարհով, ու բոլորն իրեն շնորհավորում էին մեդալակիր դառնալու համար, ինքն իրեն գոհացած ու վարձատրված էր զգում, որ արդարացրել է դպրոցի, ամենակարեւորը` սիրելի, շա՜տ  սիրելի ուսուցիչ Արմեն Խաչիկյանի հույսերն ու ակնկալիքները: Սոսեն իրեն բնույթով ու խառնվածքով ավելի շատ ստեղծագործական մարդ է համարում, բայց հակված է ապրել, աշխատել եւ այս կյանքում կայանալ ճշգրիտ առարկայի` իր սիրած ու ընտրած մաթեմատիկայի կանոններով ու սկզբունքներով, քանի որ մաթեմատիկան իր հոգու ընկերն է, իր աշխարհն է, իր բնավորության դրսեւորումն է` կարճ, կոնկրետ, բովանդակալից:
Սոսեն արդեն ուսանող է և ասում է, որ անհամբերությամբ սպասում է սեպտեմբերի 1-ին. նրան գրավում եւ հրապուրում է նոր միջավայրը, նոր շրջապատը և մաթեմատիկայի գաղտնիքները բացահայտելու նոր հորիզոնները: Տխրում է հասակակիցների մակերեսային մտածողության համար և դա պայմանավորում նրանց` գիրք չկարդալով, ավելի մատչելի եւ դյուրին հետաքրքրություններին տուրք տալով, բայց նաեւ համոզված է, որ հենց իր սերունդն է կրելու հզոր երկիր եւ պետություն կառուցելու պատասխանատվությունը, որովհետեւ հենց իր սերունդն է սովորել եւ դաստիարակվել ազատ, անկաշկանդ, նորի ընկալումով: Մարդկային հարաբերություններում շատ կարեւորում է հոգեկան փոխըմբռնումը և հոգեւոր արժեքներին մեծ տեղ է տալիս:
Սոսեն լավ տնտեսագետ կդառնա, անշուշտ, եւ սիրելի դպրոցը միշտ իր լավագույնների շարքում կպահի նրա անունը, քանի որ հենց նա բարձր պահեց նաեւ իր դպրոցի անունը:
Հաճելի զրուցակից է Սոսեն, մեղմ, ջերմ: Ասաց, որ շատ է սիրում իր անունը եւ շատ շնորհակալ է իր հայրիկին` այդ անունն իրեն պարգեւելու համար, ինքն էլ կփորձի արժանի լինել այն կրելու պատասխանատվությանը:
Մեղմ, մեղմ ժպտում է Սոսեն: Նրա ժպիտը իր ոսկե մեդալի գույնն ու փայլն ունի, որ նվիրում է իր ծնողներին, իր դպրոցին, իր սիրելի Արմեն Խաչիկյանին եւ իր… քաղաքին:

ԲԱՆԱՁԵՎՎԱԾ ԿՅԱՆՔ

Անկեղծ ասած` մինչեւ Մուշեղին հանդիպել- զրուցելը, մի քիչ վերապահումով էի վերաբերվում նոր սերնդի` արժեքային ընկալումներին: Բայց նա ամբողջությամբ ոչ միայն փոխեց իմ կարծիքը, այլեւ` հիանալու թաքուն հպարտությամբ համակեց ինձ: Այս սերունդը, միեւնույն է, գերազանցում է ոչ միայն իր նախորդին, այլեւ` հույս արթնացնում մեր երկրի վաղվա օրվա, հուսալի օրվա եւ կայուն օրվա նկատմամբ:
Մուշեղ Գալստյանը 5-րդ միջնակարգ դպրոցի շրջանավարտ է, տարածաշրջանի երկու ոսկե մեդալակիրներից մեկը, ինչպես նրան բնութագրել է դպրոցի տնօրենը` ընդունված ու սիրված ոչ միայն ուսուցչական կոլեկտիվի, ոչ միայն շրջապատի, այլեւ, հատկապես, ընկերների կողմից:70
Մայրը` Նինան, նրան բնութագրում է որպես խելացի, համեստ, եւ կամքի մեծ ուժով օժտված ու նպատակասլաց: Եթե մտադրվեց, կանի անգամ անհնարինը: Միայն թե` մտադրվի: Թեեւ ոսկե մեդալակիր դառնալը նպատակ չի համարել իր համար, բայց հասել է դրան, քանի որ` մտադրվել է: «Սովորական բան է մեդալակիր լինելը,- ասում է Մուշեղը,- երբ մտադրվեցի, հասա, դարձավ սովորական: Հիմա նոր մտադրություններ ունեմ: Դրանք էլ հաղթահարելիս` կդառնան սովորական: Կյանքում կայանալու ուղին սա է երեւի, հետաքրքիրը` սա: Վստահ եմ, որ միանգամից ոչինչ չի լինում, չի էլ կարող լինել. կամաց-կամաց: Այսպես էլ մտածում եմ ընդունվել, սովորել, աշխատել, ընտանիքից անկախանալ ու սկսել ընտանիք պահել»: Հասուն,  հասուն եւ այս տարիքում` արդեն այսպես ձեւավորված ու կայացած, ինքնուրույն, ինքնատիպ: Հետո հիշեց մանկության տարիների մի չարաճճիություն, որը, իր ասելով, մեծ հետք է թողել իր կամային որակների ձեւավորման վրա: Պատմեց, որ երեխա ժամանակ կորցրել է մորաքրոջ ոսկե մեդալը ու խոստացել` ես մեդալ կստանամ ու կնվիրեմ քեզ: Խոստացա ու կատարեցի: Ջերմ ծիծաղում ենք մանկական չարաճճիության վրա, բայց փոքրիկ այս միջադեպն արդեն վկայում է նրա բնույթի, նկարագրի ու նպատակասլացության մասին:
Որոշել է մաթեմատիկոս դառնալ: Ծնողների նման: Ասում է, թե ծնողներից շատ բան է ժառանգել այս ասպարեզն ընտրելու համար, բայց ինքն էլ իր նախապատվությունն ունի: Գրավել է առարկայի բարդությունը, դժվարությունը: «Մի խնդրի լուծման վրա 3 ժամ չարչարվում, տանջվում ես, տարբերակներ ես փորձում, գլուխ կոտրում, հետո` ի~նչ բերկրանք ես ապրում լուծումը գտնելիս»: Ճիշտ որ, որքա~ն հաճելի է դժվարությամբ ստեղծածը, դժվար փնտրած- դժվար գտածը: Սա թերեւս Մուշեղն իր համար կյանքի ընկալման ու ճանաչողության բանալի է դարձրել: Այլ ընկալումներ էլ ունի, որը, բարեբախտաբար, այնքան տարբերվում է ջիպը եւ բջջային հեռախոսը կյանքի «հերոս» դարձրած իր շատ սերնդակիցների մտածողությունից: Ասաց, որ ջիպ կամ թանկարժեք բջջային հեռախոս ունեցողը կարծում է, որ ինքը դրանով լավն է, իր լավ լինելու գնահատականը տվողը ինքը չէ, այլ` շրջապատը եւ շատ կարեւորում է նաեւ միջավայրի կարծիքը, ուզում է օրինակ լինել երկու քույրերի համար, ուզում է ծնողներին, դպրոցին, ուսուցիչներին արժանին հատուցել` իր վրա ներդրած ջանքերի համար: Երբ ամփոփեց միտքը, այն գրեթե մաթեմատիկական բանաձեւի էր նման` « Մարդու արժանիքներն իր մեջ պետք է լինեն, ոչ թե` իր վրա»: Անկարող եղա թաքցնել խորին հիացմունքս: Երբեւէ լսել ու կարդացե՞լ եք կյանքը եւ արժեքը սահմանող նման բանաձեւ, այն էլ` 17-ամյա պատանու կողմից սահմանված:
Չէ՛, Մուշեղը ոչ միայն ծնողների, ոչ միայն դպրոցի, ոչ միայն շրջանի չափանիշն էր, այլեւ` սերնդի: Եւ փառք նրան` այդպիսին լինելու համար:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *