ՄԵՐ ՍԹՐԵՍՆ ՈՒՐԻՇ Ա…

ԵՏՏՈՆԱԿԱՆ


Արդեն անցյալում են Ամանորյա տոները: Աշխատանքային օրերն էլ վաղուց սկսվել են: Թե ինչով առանձնացավ այս Նոր տարին, յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ու տարբերակը: Ոմանց համար այն հեքիաթային էր, ոմանց համար` անակնկալներով ու անմոռանալի պահերով լի, իսկ ոմանց համար էլ նույնը, ինչ նախորդ տարիներին:
Տոներն անցան, բայց ազգովի մնացինք, ինչպես հոգեբանները բնորոշեցին, սթրեսի մեջ: Մենք էլ, մեկս` հասկանալով, մեկս` ոչ, լսեցինք ու ինքներս էլ մեզ համոզեցինք, որ, իսկապես, սթրեսի մեջ ենք: Այստեղ է ասված. բանն ասելով է լինում:
Պարզվեց` այն, ինչը պետք է հանգստություն եւ հաճույք պատճառեր մարդկանց, սթրեսի ու դեպրեսիայի պատճառ է դարձել. նախատոնական հաճելի հոգսեր, երկարատեւ արձակուրդ, տոնական եռուզեռ ու էլի շատ նման պատճառներ: Համոզում էին, բայց եւ մխիթարում. «տոնական սթրեսը հատուկ է համայն մարդկությանը»: Թերեւս համաձայն ենք, որ հետտոնական սթրեսի բոլորն են ենթարկվում, անգամ` ամենաբարեկեցիկ երկրներում, բայց արդյո՞ք գործոնները միանման են, իհարկե` ոչ: Սիրելի հոգեբաններ, մեր` հայերիս սթրեսի պատճառներն այլ են, ամերիկացունը` այլ, եվրոպացունը` այլ, ինչ եմ խոսում, անգամ այս փոքրիկ երկրում մարզերի ու մայրաքաղաքի սթրեսների պատճառներն են այլ, մի խոսքով` ՄԵՐ ՍԹՐԵՍՆ ՈՒՐԻՇ Ա:
Վերը ասվածը ապացուցելու համար զուգահեռներ անցկացնենք: Ի՞նչը կարող է, օրինակ, հասարակ ամերիկացուն մտահոգել եւ նրա համար տոնական օրերին դառնալ սթրեսի պատճառ. հասցնել հնարավորինս շուտ օգտվել նախատոնական զեղչերից, որ տիրում է թե՛ սննդի եւ թե՛  հագուստի խանութներում, հասցնել հարազատներին նվերներ գնել, որոշել, թե որտեղ անցկացնել տոներն ու Սուրբ Ծնունդը, ինչպես լուսավորել եւ զարդարել տունն ու բակը… որքան պրիմիտիվ հոգսեր են չէ՞, էլ չենք ասում, որ Ամանորի գիշերն էլ ընդամենը գոհանում են մի բաժակ շոմպայնով եւ մի տուփ կոնֆետով, կարեւորը` տրամադրությունը բարձր լինի:  Սանտա Կլաուսն էլ առաջվա նման մնում է որպես հեքիաթ, ծխնելույզից ներս մտնող ու նվերներ բաժանող առեղծված, ոչ թե` փոքրիկների հետ 500 դրամով լուսանկարվող … ձյաձյա:
Խոսելով մեզ` հայերիս սթրեսի ենթարկող գործոնների մասին, նախ ասենք, որ սթրեսը մեզ համար նորություն չէ, մենք ոչ միայն նախա եւ հետտոնական օրերին ենք  սթրեսի մեջ ու դեպրեսիոն, ընկճված վիճակում,  այլեւ` բոլոր ամիսներին` ամառ, թե ձմեռ:
Հոգեբանները այդ սթրեիսց դուրս գալու ամենաարդյունավետ միջոցը համարում են աշխատանքի վերադառնալը, այստեղ է ասված` աշխատողը փրկվեց, բա չաշխատո՞ղը, հատկապես` որ  վերջիններս մեր երկրում, մեղմ ասած, քիչ չեն:
Հիմա խոսենք մեր  սթրեսներից. որտեղ են ավելի էժան գներ… տեսնես միսը կբավականացնի՞… տեսնես խմիչքը պակասություն չի՞ անի….տեսնես ո՞վ հյուր կգա… տեսնես հյուրերը գոհ կհեռանա՞ն… բա պարտքե՞րը… ինչպե՞ս եմ վճարելու… այս ցուցակում հատուկ  ուշադրության է արժանի հատկապես հյուրեր ընդունելու եւ հյուր գնալու արարողակարգը: Ամեն տարի անում ենք նույն բանը, ինչից հետո դժգոհում ենք ու փնովում: Հյուր գնալը մեզ մոտ մի տեսակ չգրված օրենքի է վերածվել: Սթրես չէ, բա ի՞նչ է,  դուռդ ծեծում է մարդ, որին ընդամենը մեկ կամ երկու անգամ ես հանդիպելլ, կամ դու պարտավորվում ես գնալ հեռու մի բարեկամի տուն, քանի որ նա անցած տարի ձեզ հիշել եւ այցելել էր:  Եվ այսպես` ձեւավորվում է ամանորյա «հարազատության» ցուցակ, պետք է հասցնել բոլորի տուն գնալ, բոլորին «բոնբոներկա» եւ օղի տանել, արդյունքում… տոները անցնում են, բայց ոչ քեզ, ոչ էլ ընտանիքիդ համար ժամանակ եւ ուժ չի մնում: Այդ օրերին բոլորիս ընտանիքներում սովորական է դառնում նմանատիպ զրույցները.«Տեսար` արդեն ամսի երեքն է, Պողոսը այդպես էլ չեկավ, բայց մենք իրենց տուն ամսի երկուսին էինք գնացել», եւ այսպես շարունակ ու իսկականից` սթրեսահարույց:
Ուրիշ են նաեւ մեր սեղանները: Ճոխ սեղան ունենալը դարձել է ավանդույթ եւ այն էլ` անդրդվելի: Առեւտուրը սկսում ենք հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներից, ոչ թե շտապում ենք, այլ վախենում` թե հանկարծ… չթանկանա: Մեկ այլ, ավելի բարդ սթրեսի պատճառ է գնածը պահելը. հանկարծ մինչեւ տոներ չվերջանա…
Տիպիկ հայկական առանձնահատկություններից զատ նաեւ շատ տարբեր են մեր` մարզերի բնակիչներիս ու, օրինակ, մայրաքաղաքում բնակվողների տոնական հոգսերը, տոնական ու հետտոնական  սթրեսները: Երեւանում մարդիկ մտածում են` որտեղից ավելի մատչելի մթերք կամ հագուստ ձեռք բերեն, ո՞ր սուպերմարկետի զեղչերն են ավելի ձեռնտու ու դրանից ընկնում են սթրեսի մեջ: Մեզ մոտ ուրիշ է. չկա լայն ընտրություն, իսկ զեղչերի մասին խոսելն էլ ավելորդ է, հակառակը` մեզ մոտ բարձրանում են գները, հարցնելուց էլ պատասխանում են.« Երեւանում են թանկացրել, ի՞նչ անենք», կարծես սիսիանցին լուսնից է  իջել, Երեւանի տեղն էլ չգիտի: Այստեղ է, որ ժողովրդին իրենց օգնության ձեռքն են մեկնում պարտքով առեւտուր անող խանութները: Դա էլ «ապառիկ» սթրես է, այդ պահին գնում ես, ավելի ճիշտ, քեզ վրա «սաղացնում» են պիտանի եւ անպիտան, հին ու ժամկետանց ապրանք, հետն էլ ասում կախարդական խոսքերը. «խնդիր չունես, մյուս ամիս կտաս», այդ պահին չես էլ մտածում, բա մյուս ամիս ո՞նց եմ տալու, ոչինչ, կարեւորը` Ամանորին սեղանս լի ու առատ կլինի: Եթե երեւանում վաճառատներում քաղաքացիներն են սթրեսի ենթարկվում` ժամերով սպասելով, թե երբ իրենց հերթը կգա ու վերջապես իրենց ուզած մթերքին կհասնեն, մեզ մոտ սթրեսի մեջ են վաճառողուհիները. թե ինչքա՞ն արագ «սաղացնեն» մայրաքաղաքից եկած հին ու ժամկետանց ապրանքը, ինչքա՞ն արագ կարող են խաբել քաղաքացուն, որ նա չհասցնի գլխի ընկնել: Եթե Երեւանում այդ օրերին բոլոր սպասարկման կետերը մտածում են, թե ինչպես իրենց ապրանքի որակը բարձրացնեն ու լավացնեն, մեզ մոտ ճիշտ հակառակն է, բոլորը մտածում են, թե ոնց խաբեն, ինչպիսի խորամանկության դիմեն: Օրինակ, ինչպե՞ս պահեստավորած լավաշը նորի տեղ վաճառեն, կամ էլ` կախարդական փայտիկով լավաշները դարձնեն լավաշիկներ` մեկ լավաշի խմորից ստանալով երկուսը, դա էլ սթրես է չէ՞… դե ինչքան կարելի է թվարկել, թվարկում ես ու նյարդայնանում, ընդեղենը գնում ես որդնած է, երշիկեղենն ու կոնֆետեղենը` հին են… իսկապես որ` ՄԵՐ ՍԹՐԵՍՆ ՈՒՐԻՇ Ա:
Տոնական օրերին ամեն ինչից զատ ուզում ես ընտանիքիդ հետ լինել ու լավ ժամանակ անցկացնել, սա էլ` մի սթրես: Եթե երեւանցին մտածում է, թե ո՞ր թատրոնը գնա կամ չգնա, կամ` ինչո՞վ գնա, ո՞ր սրճարանը կամ ռեստորանը ընտրի, որ ազատ սեղան գտնի,  երեխային ո՞ր մանկական ներկայացմանը տանի կամ ո՞ր մանկական սրճարանը … մենք այս հարցում կարող ենք հանգիստ լինել, մեզ նմանատիպ սթրես չի սպառնում, մեր սթրեսը այդ ամենը չունենալուց է, ի՞նչ թատրոն, ի՞նչ սրճարան, ի՞նչ ներկայացում, ի՞նչ միջոցառում, ի՞նչ ձմեռ պապ, մեր ժամանցը մեր հեռուստացույցն է, որի պատճառով էլ մեր ենթագիտակցությանն ենք չիմացյալ սթրեսի  ենթարկում` ստիպելով ընկալել ու մարսել մի շարք անհեթեթ ֆիլմեր ու հաղորդումներ, լսել լուրեր այն մասին, թե ինչպես են մայրաքաղաքում անցնում տոները, չէ՞ որ մեր լուրերը միայն մայրաքաղաքի անցուդարձն են խորությամբ լուսաբանում, ո՞վ է ասել, որ հեռավոր Սիսիանի, ասենք հեռավոր մի գյուղում Նոր տարի են նշում…
Իսկապես` այն, ինչ իրականում պետք է հաճույք ու հանգստություն պարգեւեր մեզ, թողեց սթրեսի մեջ ու գնաց, գնաց, բայց… ընդամենը մեկ տարով:
Ու թեպետ հոգեբանները, որպես հակասթրես առաջարկում են հրաշքներին չտրվելն ու դրանց չհավատալը,  թույլ տվեք չհամաձայնել:
…Թող որ այս տարի հրաշք կատարվի, ու թող մենք էլ ապրենք այն բոլոր հաճելի սթրեսները,  ինչը`  ողջ աշխարհը, լինեն դրանք տոնական, հետտոնական,  առօրյա թե …

ԱՆԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *