Մեր տղաներն ին՜չ արագ են զինվոր դառնում…

Հայոց բանակի շարքերը համալրելուց կարճ ժամանակ անց գորայքցի Անտոնյան ամուսինները, հարենիքի իսկական զինվոր ծնելու եւ դաստիարակելու համար, իրենց որդու՝ Լեռնիկի զորամասի հրամանատարությունից ստացան առաջին շնորհակալական նամակը: Ոչ Լեռնիկի ծնողները, ոչ համագյուղացիները, ոչ էլ ընկերները կասկած անգամ չեն ունեցել, որ նա բարեխղճորեն է կատարելու իր պարտքը հայրենիքի հանդեպ՝ արժանանալով նաեւ հրամանատարական կազմի եւ ծառայակիցների գնահատանքին:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար գնդապետ Ս. Մինասյանը շնորհակալական նամակում գրում է, որ շարքային Լեռնիկ Անտոնյանը բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական պարտքը, զինվորական կոլեկտիվում վայելում է սեր ու հարգանք, օրինակ է հանդիսանում ծառայակիցների համար:

Կիսում ենք Լեռնիկի ծնողների՝ Գորայքի մկջն. դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Հարությունյանի եւ Գորայքի համայնքապետարանի աշխատակից Սամվել Անտոնյանի ուրախությունը, ու հպարտանում, որ մեր տղաներն այդպես արագ են զինվոր դառնում՝ քաջ գիտակցելով զինվորի՝ իրենց դերն ու կոչումը:

Լեռնիկին եւ բոլոր զինվորներին մաղթում ենք բարի ու խաղաղ ծառայություն ու ցանկանում, որ անառիկ պահեն հայոց պետության սահմաններն ու հայրենիքի անդորրը:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *