ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՉՆ Է, ՄԵՐ ԶԵՆՔԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ

Վերջին շրջանում Սիսիանում ակտիվացած աղանդների դեմ կազմակերպված «Ո՛չ՝ աղանդներին» ակցիայի, հոգեւորականի նկարագրի, նրա ծառայական կերպի, եկեղեցական եւ այլ խնդիրների շուրջ է մեր զրույցը Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հովիվ Տեր-Գրիգոր քահանա Հովսեփյանի հետ:

-Տեր հայր, ո՞րն էր հոկտեմբերի 24-ին Սիսիանում կազմակերպված  «Ո՛չ՝ աղանդներին» կարգախոսով խաչերթի նպատակը եւ ի՞նչ արդյունք տվեց:
– Վերջին շրջանում Սիսիանում նկատվել էր աղանդավորների, հատկապես՝ եհովայի վկաների ակտիվացում: Դժգոհ լինելով Սիսիանում եհովայի վկաների պասիվությունից եւ սակավությունից՝ նրանց «հայրերը» մոտ 30 քարոզիչ էին «գործուղել» այստեղ՝ համալրելու իրենց «հավատացյալների» շարքերը: Քաջատեղյակ լինելով նրանց անցուդարձին՝ եկեղեցին եւ նրա շուրջ համախմբված մի խումբ երիտասարդներ կազմակերպեցին այդ ակցիան, որը կարծես ազդակ եղավ առօրյա հոգսերի մեջ գտնվող ժողովրդին՝ արթնացնելու նրան, զգոնացնելու սեփական երկրի, սեփական եկեղեցու, հավատքի, մշակույթի նկատմաբ պարտականությունների մասին: Տնտեսական վիճակը շատ անգամ ստիպում է մարդկանց, որոնք չգիտակցելով՝ ընկնում են աղանդավորների ուռկանը՝ ուղղակի երկնքից մանանայի սպասելով:
– Ողջունելով եւ կարեւորելով ակցիան, ոմանք, այնուամենայնիվ, այն ինչ-որ տեղ համարեցին ուշացած:
– Միգուցե՝ ուշացած: Խնդիրներն են շատ ու հնարավորություններն են սուղ: Տարածաշրջանի միակ հոգեւոր հովիվը լինելով՝ փորձում ենք հնարավորության սահմաններում գործել: Մյուս կողմից՝ ուղղակի հստակ չէ խղճի ազատություն ասվածը, որն է հոգեորսությունը, որը՝ ոչ: Նրանք խմբերով են գործում, իսկ միայնակ հոգեւորականը չի կարող ամբոջությամբ պայքար տանել:
 – Ինչո՞ւ՝ միայնակ, մի ողջ ժողովուրդ Ձեզ հետ է:
– Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ, ով իրեն համարում է քրիստոնյա, նրա գործն էլ է աղանդների դեմ պայքարը: Մեզանից յուրաքանչյուրը պիտի սրտացավ լինի մեր սրբությունների, մեր երկրի, մեր հավտքի նկատմամբ:
 – Տեր հայր, աղանդների տարածումը երբեմն պայմանավորում են եկեղեցու՝ իր ծառայական կերպի մեջ թերանալով եւ հոգեւորականի պասիվ աշխատանքով: Ի՞նչ կասեք այդ մասին:
– Իհարկե՝ այդպես չէ: Թեպետ սակավ են մեր հոգեւորականները, եւ ցանկալի կլիներ, որ ամեն գյուղ ունենար իր քահանան՝ ինչպես նախկինում, թեպետ սուղ են մեր միջոցները, բայց աղանդների տարածումը եկեղեցու եւ հոգեւորականի այսպես ասած թերացումի մեջ չէ: Սոցիալական պայմաններն են, որ շատերը գայթակղվում են աղանդների մեջ մտնելով: Բայց ես կասեի, որ բոլորն իրենց սրտի խորքում իրենց եկեղեցու, իրենց կրոնի հետ են: Մեր փրկությունը խաչն է, մեր զենքը՝ նույնպես: Նախորդ դարերում, իհարկե, աղանդների եւ աղանդավորների նկատմամբ մեր եկեղեցին եւ մեր ժողովուրդն ավելի անհանդուրժող էին, ուղղափառ դավանանքից շեղվածի ճակատին աղվեսադրոշմ էին դնում, եւ նա մերժվում էր բոլորի կողմից: Հիմա շատ ավելի հանդուրժող ենք: Գիտակցելով, որ բոլոր աղանդները վտանգ են ներկայացնում թե՛ պետության, թե՛ եկեղեցու, թե՛ հավատքի նկատմամբ, մենք անսասան ենք պահում մեր ուղղափառ դավանանքը, մեր միասնությունը, որի մեջ է հենց եւ մեր ուժն ու հզորությունը:
– Բնակչության կապը եկեղեցուն հավատքո՞վ է, թե՞ …
– Սիսիանում իրենց հոգեւոր ծառայությունը կատարած եկեղեցու սպասավորների շնորհիվ, իհարկե, փոխվել է վերաբերմունքը թե՛ եկեղեցու, թե՛ հավատքի նկատմամբ: Թեեւ դեռեւս չենք կարող այս առումով համեմատվել ասենք Արարատյան թեմի հետ, բայց այն, ինչ առկա է այսօր Սիսիանում, հավատքով է ու գիտակցումը կա: Թեպետ դեռեւս կանայք եկեղեցի են մտնում առանց գլխաշորի, թեպետ եկեղեցու հետ հաղորդակցումը եւ հավատավոր լինելը շատերը պայմանավորում են մոմավառությմաբ, բայց գիտակցումը, որ իրենք հայ քրիստոնյա են, ուղղափառ դավանանքի ժառանգորդ, ամուր նստվածք ունի:
 – Ժողովրդի մեջ տարածվեց նաեւ թաղման, մկրտության, պսակի, տնօրհնեքի կարգը քահանայի մասնակցությամբ կատարելու սովորույթը: Դա՞ էլ հավատքով է, թե՞…
– Ես կասեի՝ ավելի շատ հոգու կանչ է: Ձեւական կարող են լինել մեկ-երկու դեպք: Հիմնականում՝ հավատքով են:
 – Տեր-Գրիգոր, ոչ միայն Սիսիանում, այլեւ՝ ընդհանրապես մեզանում եկեղեցին նրա սպասավորով եւ հոգեւորականով են ճանաչում, անձնավորում, պայմանավորում, եւ՝ հակառակը:  
– Ճիշտ չէ, որ եկեղեցականի միջոցով ճանաչվի եկեղեցին: Որովհետեւ եկեղեցակնն ինքը նույնպես մարդ է, հետո՝ հոգեւորական եւ սխալական է: Գուցե Աստված ինքն է ստեղծում եկեղեցականի՝ սխալվելու հնարավորությունը, որ մարդիկ նրան չընկալեն որպես հրեշտակի: Ոչ թե հոգեւորականով պիտի չափվի եկեղեցին, այլ, ինչպես Քրիստոս ինքն է ասում փարիսեցիների մասին լսելով՝ «Լսեցեք, թե՝ ինչ են ասում, բայց մի նայեք, թե ինչ են անում»: Չասենք՝ տեր հայրը լավ քահանա է, վատ քահանա է, եկեղեցի գնանք , թե՝ չգնանք:
 – Գուցե դա նրանից է, որ  եկեղեցականին անխոցելի են ուզում տեսնել՝ զերծ մարդկային թերություններից:
– Սուրբ Հովհաննես եկեղեցում շատ հոգեւորականներ են սպասավորել, եւ յուրաքանչյուրն իր կարելվույն չափ նպաստել է եկեղեցականի կերպարին, կեցվածքի ու նկարագրի ձեւավորմանը: Իսկ ինձանից առաջ Սուրբ Հովհաննեսը սպասավորած Տեր-Նարեկ քահանա Ամիրյանը, որ ունեցել է շատ բարոյական կերպար, սիսիանցիները, բնականաբար, այդպես են տեսել ու ընկալել հոգեւորականին, նրա դիրքը, դերը, ստեղծածը, ինչը ես ժառանգել եմ եւ շարունակել:
– Տեր-Գրիգոր, եթե հարցս նրբանկատ չլինի, ներողամիտ եղեք, որովհետեւ այն ուրիշներից լսած հարց է ՝ կարոտ պարզաբանման: Մկրտության, թաղման եւ այլ հոգեւոր կարգեր կատարելիս պահանջվող ինչ-որ պարտադիր վճարների մասին, ինչը, ըստ հարցադրում անողների, նրանց վանել է եկեղեցուց: Խնդրում եմ Ձեր բացատրությունը:
– Դեռեւս Սուրբ Գրքում ասված է ՝ «Մշակն իր վարձքին արժանի է»: Եթե հոգեւորականը կոչված է ծառայության, դա ինքնանպատակ չէ: Նա ծառայում է ժողովրդին եւ Աստծուն, միջնորդ է ժողովրդի եւ Աստծու միջեւ, իսկ ժողովուրդը պարտավոր է պահել իր հոգեւորականին, որ նա ստիպված չլինի ձեռքը մուրացկանության մեկնել: Չէ՞ որ հոգեւորականն իր ծառայության դիմաց, ինչպես աշխարհիկները, որպես այդպիսին աշխատավարձ չեն ստանում, եւ տվյալ ծխի, համայնքի պատիվն է իր հոգեւորականի բարեկեցությունը: Չէ՞ որ նա էլ մարդ է, ընտանիք, երեխաներ ունի, որոնք կարիքներ ունեն, եւ դրանք հոգալ է պետք: Այդպես եղել է ի սկզբանե: Ինչ վերաբերում է ինչ-որ պահանջվող պարտադիր վճարներին, ասեմ, որ ոչ թե մկրտության համար են վճարում, այլ՝ մկրտվելուց հետո տրվող մկրտության վկայականի: Եվ եթե պիտի այդ  պատճառով հեռանան եկեղեցուց, նշանակում է՝ նրանց մկրտվելը սուրբ ավազանում սրտի կանչով ու հոգու մղումով չէ:
– Տեր հայր, պատմությունից հայտնի է նաեւ ժողովրդի կողմից եկեղեցուն տրվող «Տասանորդ» հարկատեսակը, գրականությունից՝ «Տերտերն օրհնեց, անվարձ մնաց, կբարկանա, կանիծի» խոսքը: Ի՞նչն է պատճառը, որ հիմա այդպես սուր եւ թյուրըմբռնումով է ընկալվում դարերից եկած սովորույթը:
– Ժողովրդի կողմից եկեղեցուն տրվող «Տասանորդ» հարկատեսակը ոչ թե վերացել է, այլ՝ չի գործում, կամ գործում է որոշակի ձեւափոխված եւ մասամբ: Նախորդ դարերում յուրաքանչյուր անձ իր եկամտի, իր ստացածի 10-րդ մասը նվիրաբերում էր եկեղեցուն: Դա արտահայտվում էր բերք ու բարիքի, նյութականի տեսքով, ժամանակով: Եվ եկեղեցին նաեւ դրանով էր հզոր: Այն ժամանակ եկեղեցուն կից կային ծերանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, որոնք պահվում էին այդ տասանորդի շնորհիվ: Հիմա այդպես չէ, պետությունը ինքն է հոգում հիվանդանոցի եւ ծերանոցի խնդիրը, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին ինքը կարիքներ եւ խնդիրներ չունի: Ավանդույթներից հեռանալն է բերել այդ սուր ընկալումներին, ինչը, իհարկե, սխալ է, եւ ժամանակ է պետք, որ ժողովուրդն ինքը գիտակցի, որ եկեղեցին եւ նրա սպասավորին պահողը հենց ինքն է:
– Հոգեւորականին որեւէ «մեղքի մեջ բռնացնելու» փորձով շատերն են իրենց մեղքը կամ մեղավորությունը քողարկելու փորձ անում:
– Նորից եմ կրկնում, որ հոգեւորականը նույնպես մարդ է եւ հրեշտակ չէ ու սխալական է: Եթե հրեշտակներն անգամ իրենց փառքից ընկան, մարդը ո՞վ է, որ փառքի մեջ մնա: Քրիստոս ինքն ասաց չէ՞. «Եթե ինձ այսպես արեցին, ձեզ՝ առավել եւս»: Պատճառն այն է, որ այդտեսակ մարդիկ ուզում են հոգեւորականին, եկեղեցուն, անգամ՝ հավատքը հարմարեցնել իրենց:
– Տեր հայր, տարածաշրջանում Սուրբ Հովհաննեսից բացի ուրիշ գործող եկեղեցիներ կա՞ն:
– Մեծ ուրախությամբ պիտի ասեմ, որ, այո, կան: Այսօր գործում են նաեւ Շաքեի Սուրբ Աստվածածինը, Աշոտավանի, Անգեղակոթի, Բռնակոթի եկեղեցիները, Բնունիսի, ՈՒյծի մատուռները, Դարպասում կառուցվում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի եկեղեցին: Ծիսակատարություններ Սուրբ Հովհաննեսից բացի մշտապես կատարվում են Անգեղակոթի, Շաքեի եկեղեցիներում, մնացած եկեղեցիներում եւ մատուռներում՝ ցանկացողի կամքից, օրինակ՝ Որոտնավանքում:
– Ի դեպ, ասացեք, խնդրեմ, ի՞նչ աղմուկ էր Որոտնավանքի շուրջ: Իրո՞ք՝ աղանդավորները պղծել էին խաչքարերը, ինչպես որ լուրը տարածվեց:
– Աղանդավորը եկեղեցի չի մտնում, հավատացյալն էլ դա չի անի: Հակված եմ մտածել, որ տուրիստական ինչ-որ խումբ է այցելել, որոնք մաքրել-բարեկարգել են վանքը, այրել ավելորդությունները, խաչքարերի պղծում չի եղել:
– Ի՞նչ նկատի ունեք ավելորդություն ասելով:
– Մեր բնակչության մեջ սովորություն կա, որ այն իրը, առարկան, ինչը պետք չէ իր տանը եւ աստվածավախությունից մղված դեն նետել չի կարողանում, տանում-դնում է եկեղեցում, լինի՝ խաչ, նկար, թաշկինակ, գլխաշոր, ծածկոց, գիրք, ինչը, կարծում եմ՝ անհարգալից վերաբերմունք է մեր սրբություններին: Իսկ այն, ինչ դրված է եկեղեցում եւ օրհնված ու օծված չէ ու չի գործածվում, ավելորդություն է եւ կարելի է նաեւ այրել որպես սովորական իր, ինչը եւ արել են Որոտնավանք այցելած զբոսաշրջիկները, որի մեջ վատ ոչինչ չեմ տեսնում:
– Տեր հայր, իսկ չգործող մեր եկեղեցիները՞…
– Բոլոր չգործող եկեղեցիները գտնվում են հուշարձանների պահպանության կոմիտեի հաշվեկշռում: Այն եկեղեցիները, որոնք կարող են ծառայել ժողովրդին, ինչպես՝ Անգեղալոթի Սուրբ Մարիամ Աստվածածինը, վերաբացելով՝ ծառայեցնում ենք: Բայց դրանց վերանորոգման, պահպանության խնդիրը կա, որը Մայր Եկեղեցու ուժերից վեր է:
– Ի՞նչ խնդիրներ ունի Սուրբ Հովհաննես եկեղեցու շինությունը:
– Տանիքի, հարթակի վերանորոգման խնդիրը կա: Մայր Աթոռից մասնագետներ են եկել, նախահաշիվ կազմել, գնահատել իրավիճակը: Վերանորոգման ֆինանսավորումը հանձն է առել եկեղեցու այս տարվա խաչքավոր Արա Մակարյանը: Սպասում ենք եղանակների տաքացմանը:
– Տեր-Գրիգոր, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին, հավատացյալին, անհավատին, թերահավատին:
– Մեր եկեղեցու հանդեպ, որը մեր մայրն է, որպես որդիներ՝ յուրաքանչյուրս մեր պարտականություններն ունենք: Մեր եկեղեցին չի շենացնելու ոչ ոք, բացի մեզանից: Մեր ծնողի հիմնական խնամքը մեզ վրա է, որովհետեւ Հայ Առաքելական Եկեղեցին յուրաքանչյուրս ծննդավայրն է:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ    

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *