ՄԻ՛ ԽԱԲԵՔ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ՄԻ՛ ԽԱԲԵՔ

Եվ համայնքային ներդրման վճարման ինչ-որ անընթեռնելի, անհասկանալի հանձնարարագրի տպագրմամբ կամ հեռուստաէկրանին ցուցադրմամբ մի՛ փորձեք մոլորեցնել մարդկանց` ձեր շատ սիրած` քաղաքական նպատակներով, քանի որ դրանից, ըստ էության, ոչինչ կամ գրեթե ոչինչ չի փոխվում: Սիսիանի համար որևէ գործ արած լինելու խաբկանքով «քաղաքական դիվիդենտ շահելու» եւ 2008-ին Սիսիանի մշակույթի տան հիմնանորոգումն իրականացած տեսնելու ձեր և սիսիանցիների մեծագույն ցանկությունը մի հրաշքով կամ հորինված ստով, միևնույն է, չի՛ կարող ճշմարտություն դառնալ միայն նրա համար, որ դուք այդպե՛ս եք ուզում, և միայն նրա համար, որ ինչ-որ բաներ հակադարձեք «Որոտան» թերթի հրապարակմանը, իսկ որոտանյան որեւէ հրապարակման «սուտ» կամ «չճշտված» լինելու դեպքում պատկերացրեք` ինչպիսի վայնասուն պիտի բարձրացվեր, ինչպես որ` միշտ:
Ձեր «քաղաքական բարի ցանկությունից» 2008-ին ո՛չ Սիսիանի մշակույթի կենտրոնն է հիմնանորոգվելու Սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ, ո՛չ դրա իրականացումն է հանձնվելու «Հիդրոարտադրական» կոոպերատիվին` քաղաքագլխի որդու գլխավորությամբ, ո՛չ էլ խեղճ ու կրակ բանվորներն են աշխատանքով ապահովվելու` արդեն տված սին ու սուտ խոստումներով և ո՛չ էլ «կառուցած ու կառուցող լինելու» սմքած ու տափակ կարգախոսն է հարություն առնելու ի մեռելոց:
Ինչպես մեզ կրկին ու կրկին հավաստեցին Սոցներդրումների հիմնադրամից` 2008-ին Սիսիանի մշակույթի կենտրոնի հիմնանորոգումը դուրս է մնացել համաշխարհային բանկի ֆինանսավորման ծրագրերից միայն նրա համար, որ հիմնանորոգումն իրականացնելու համաձայնագիրը ստորագրելուց հետո պահանջվող եւ անհրաժեշտ` մեկամսյա ժամկետում Սիսիանի քաղաքապետարանը չի՛ կատարել իր համայնքային պարտականությունը, իսկ ներդրման` արդեն ուշացումով կատարած լինելու պատճառով հիմնանորոգման ֆինանսավորման գործընթացը պիտի սկսվի նոր հիմունքներով, որը, ինչպես արդեն ասվել է, տեւում է 2 տարի:
Սուտը` սուտ է, պոչավոր, թե` պոզավոր… մանավանդ որ` թե պոզավոր, թե պոչավոր ստի ոտքերն էլ կարճ են, պարոնա՛յք:

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ԿՐԹՕՋԱԽՆԵՐՈՒՄ.  ԹԻՎ 2-ՐԴ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑ

Կրթօջախների շենքերի և շինությունների պահպանության ծրագրով կառավարությունն իրականացնում է լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ: Դեռևս անցյալ տարվանից նմանատիպ աշխատանքներ են իրականացվում նաև Սիսիանի թիվ 2-րդ միջն. դպրոցի 2-րդ մասնաշենքում, որի համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 62 մլն 200 հազար դրամ: 42
Հիմնանորոգումը, որն իրականացվում է 2 փուլով, կատարում է «Ն.Ռ.Վ.Ա.Դ.» ՍՊԸ-ն (տնօրեն` Վ. Դադաշյան): Նախատեսված է այն ավարտել ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա կեսերին, բայց, ինչպես հավաստիացնում է շինտեղամասի պետ Սամվել Օրդուխանյանը, շինարարները պարտավորություն են վերցրել այն ավարտել ավելի շուտ և ամբողջությամբ պատրաստ մասնաշենքը տրամադրել ուսումնական գործընթացին սեպտեմբերի 1-ին: Ս. Օրդուխանյանն ավելացրեց, որ անցյալ տարի` 1-ին փուլում, իրականացվել է 18,5 մլն . դրամի աշխատանք, այս տարի իրականացվում է 43 մլմ. 700 հազար դրամի աշխատանք: Ամբողջությամբ փոխվել են մասնաշենքի 3 հարկերի դասասենյակների և միջանցքների հատակը, սանհանգույցները, ու մասնաշենքը համապատասխանեցվել է ժամանակակից կրթություն ապահովելու չափանիշներին: Մեր հարցին` թե ինչպե՞ս են գնահատում կատարված աշխատանքների որակը, շինտեղամասի պետը պատասխանեց. «Եթե շինարարն իր կատարած աշխատանքների որակից գոհ է մնում, նշանակում է` գլուխ է գովում, բայց ջանացել ենք լավ որակ ապահովել` նկատի ունենալով, որ այն մատաղ սերնդին է ծառայելու: Հիմնանորոգումն իրականացրել ենք ուսումնական ծրագրերին համապատասխան հատակագծային փոփոխություններով` այն համաձայնեցնելով դպրոցի տնօրինության հետ»: Շինտեղամասի պետը գոհունակություն հայտնելով դպրոցի տնօրինության բարոյական աջակցությունից` նշեց նաեւ բանվորների պատասխանատվությունը ստանձնած գործի նկատմամբ` առանձնացնելով Մհեր Նիկոլյանի, Վարդան Իսաջանյանի, Արամ Աղաբեկյանի, Սերոբ Մնացականյանի բարեխղճությունն ու պատասխանատվությունը:
Ինչ վերաբերում է դպրոցի մյուս մասնաշենքի հիմնանորոգմանը, ցույց կտա ժամանակը:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *