ՄԻ՛ ՀԱՎԱՏԱՑԵՔ ԵՎ ՄԻ՛ ՎՍՏԱՀԵՔ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Ավելի քան 30 տարի աշխատել եմ նախակրթական համակարգում: Այդ տարիների  ընթացքում աշխատանքի բերումով առնչվել եմ բազմաթիվ ղեկավար-պաշտոնյաների հետ` սկսած շրջխորհրդի գործկոմի ժողկրթբաժնի վարիչներից մինչեւ համայնքապետեր:
Տարիների ընթացքում համոզվել եմ, որ աշխատողին գնահատելու հիմնական չափանիշը եղել է նրա աշխատանքը, նրա ունակությունը, նրա նվիրվածությունը: Այդ համոզվածությամբ ապրել ու աշխատել եմ մինչեւ…2008 թ.-ը, երբ …Սիսիանի համայնքի ղեկավար  ընտրվեց Աղասի Հակոբջանյանը: Հեռու լինելով կրթությունից, բարեկրթությունից, հեռու լինելով ղեկավարին անհրաժեշտ որակներից եւ աշխատողին գնահատել կարողանալու հասարակ շնորհքից, իշխանության գալուն պես սկսեց հալածանքները ենթակայության կառույցների ոչ  միայն ղեկավարների, այլեւ` շարքային աշխատողների հանդեպ: Ամենավիրավորականն այն էր, որ նա ենթակայության  աշխատողին գնահատել ու գնահատում է ոչ թե նրանց կատարած աշխատանքով, այլ` հագուկապով, մեկի ինքնասիրությունը մյուսի ներկայությամբ վիրավորելով, մեկին մյուսի աչքում հեղինակազրկելով եւ միմյանց դեմ տրամադրելով:
Նրան բացառապես չի հետաքրքրել աշխատողի պրոֆեսիոնալիզմը, հետաքրքրել է միայն շահադիտական նպատակներով մարդ տեղավորելը, ինչը ակտիվացրել է նախընտրական այս օրերին` ուռճացնելով ոչ միայն քաղաքապետարանի ապարատը, այլեւ` մանկապարտեզները: Խախտելով նախակրթարանների աշխատանքային ուղեցույցի կանոնները` 3 մանկապարտեզներում մեկական դրույքով աշխատանքի տեղ է «սարքլ տվել» ֆիզկուլտուրա առարկայի հետ կապ չունեցող իր բարեկամների համար, երբ նման հաստիք նախատեսվում է միայն խիստ անհրաժեշտույան դեպքում, 4 խմբանոց մանկապարտեզի համար, այն էլ` 0,25 միավոր հաստիքով:
Որ նրան բացառապես չի հետաքրքրել ոչ մանկապարտեզը, ոչ` մանկապարտեզ հաճախող երեխան, ոչ` նրա սնունդը, ոչ` պայմանները, վկայեց թիվ 4 մանկապարտեզի մասսայական թունավորման դեպքի եւ դրա պատճառները բացահայտելու  հետագա ողջ գործընթացի նկատմամբ նրա բացարձակ անտարբերությունը:
Մինչդեռ` մասսայաբար թունավորված երեխաների ծնողներին անգամ այսօր պարտադրում են ընտրել այն քաղաքապետին, ով հրճվանքը չէր թաքցնում թունավորման դեպքի ժամանակ Երեւանից եկած պաշտոնյաների ներկայությամբ, քանի որ առիթ էր ընձեռվել…ցուցադրվել որպես Սիսիանի քաղաքապետ: Յուրաքանչյուր իրեն հարգող ծնող, ով երեխա է ուղարկում մանկապարտեզ, իրեն թույլ չի տա վստահել նման համայնքապետի, ով առանց հիմնավորման, առանց պատճառի աշխատանքից կարող է ազատել մարդուն, արհամարհել տասնամյակներով նրա արած-դրածը, վաստակը, հեղինակությունը, հարգանքը, եւ իր քմահաճությամբ մեկ ակնթարթում այնքան հեշտ ու հանգիստ գետնով տալ այդ ամենը, ինչպես որ վարվել է ինձ եւ շատերի հետ:
Միանշանակ` պիտի մերժել այդ տեսակ քաղաքապետին, այդ տեսակ մարդուն, այդ ոճի պաշտոնյային, ով, փոխարեն «իր երեսի ջրով» թողներ-հեռանար, այսօր կրկին պայքարում է այդ պաշտոնի համար` գործադրելով ամենաանազնիվ, ամենաանբարո, ամենամերժելի մեթոդները: Նրան մի՛ հավատացեք եւ մի՛ վստահեք:

Էմմա ՀՈՎՍԵՓՅԱՆ
թիվ 3 մանկապարտեզի
նախկին տնօրեն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *