Մի՞թե վայելք չէ ամեն օր արև տեսնելը…

Նոր անուն. Մերրի ՍԱՐԳՍՅԱՆ

Երկնային արարչագործության հավաքական կերպարը մարդն է՝ բնության ծոցից դուրս եկած մարդը: Կարծում եմ՝ բնությունն ինքնին կատարելություն է՝ մարդկային աղարտումից զատ: Բայց, ի վերջո, աշխարհի զարդը մարդն է, ում մեջ թանձրացած են թե՛ դրական, թե՛ բացասական ազդակները: Դարաշրջանի հրամայական անհրաժեշտությամբ ծնված սոցիալական խնդիրների՞ց, թե՞ հարճացած, խոտան  դարձած հոգուց է մարդ ճղճիմ, չարակամ դառնում. մեկին լիզում է, մյուսին՝ ապտակում, մեկին քծնում է, մյուսին՝ համբուրում, մեկին՝ դրվատում, մյուսի երեսին սև ջուր է ցանում: Բայց, ինչպիսին էլ լինի նրա սիրտը, ի վերջո, մարդու սիրտ է, ինչպիսին էլ լինի նրա հոգին, ի վերջ, մարդու հոգի է… աչքը՝ մարդու աչք: Ահա հենց հիմա պայքար ենք մղում վատի, չարակամի, փոքրհոգու դեմ: Ինչո՞ւ, եթե չլինի բացասական մի երևույթ, չարակամ անձնավորություն, խարդախ գործելաոճ, ապա չի իմաստնանա լավը, պայծառը, ջերմը:

Երբ ապակին անձայն ջարդուփշուր է լինում, սկսում է վեհ դառնալ, և ամեն մի մասունք վերընձյուղվում է:

Հասնենք վայելքին: Այսօր ‹‹վայելք››- ը զրկվում է իր պերճությունից: Շատերս վայելքի համը զգում ենք՝ դեղին տեսնելիս, բարեկեցության մեջ, հրայրքի ստրուկը լինելու մեջ… Ուզում եմ՝ ‹‹վայելք››-ը, ‹‹հրճվանք››-ը ճառագայթենք այնպիսի երևույթների հետ, որոնց կարևորություն չենք տալիս, ու մեզ համար դառնում են սովորական երևույթներ, կարծես՝ հենց այդպես էլ պետք է լինի: Արևն ամեն օր մայրանում է, մեզ կյանք է տալիս, լիացնում օրերս: Մի՞թե վայելք չէ ամեն օր արև տեսնելը: Ծաղիկը ճգնում, ուժերը լարում՝ գլխացավ կպած մի ծիլ արձակում, որ մարդ խենթանա, կամ էլ բարկացած տրորի անցնի: Հավքը նազում է կամ երկձայն երգում. Հե՜յ, հարա՜յ, հուրու՜յ, մարդի՛կ, պար բռնեք, ձեռք ձեռքի տվեք, մի բռունցք դարձեք: Երկինքը, հուզված երկունքի ցավից, անձրև է ծնում, թարմություն բերում, կյանքին գույն տալիս: Մի փոքրիկ, անմեղ բալիկի ծնունդը մեծ հրճվանքով աշխարհն է լցնում, նրա տերը դառնում: Ու մեծանալով՝ հենց նույն մանչուկը, ով հազիվ է կարողանում թոթով լեզվով խոսել, ծնողին ասում է. ‹‹ Ես ուզում եմ բանակ գնալ, զինվոր դառնալ, ինչու՞ հիմա չեմ կարող››: Այ, այս վայելքից ոչ թե խենթանալ, այլ մեռնել արժե: Իսկ մի ուրիշ մանչուկ, մի ուրիշ աշխարհ, խանութ մտնելով, ոտնակոխ եղած ոչ թե ասում է. ‹‹ Սա եմ ուզում, սա էլ, ա՜յ այս մյուսն էլ››, այլ երբ մի փոքրիկ կոնֆետ են տալիս, գլուխ է խոնարհում, հեզաբար ասում. ‹‹ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ››: Հրճվանքից խեղդվել կարելի է:
Ինձ համար անչափելի վայելքը այն երանությունն է, երբ զգում եմ անձրևից հետո հողի ջերմ, տաք, աշխարհը կշտացնող հոտը:
Ամեն օր միմյանց ԲԱՐԵՎ ենք տալիս՝ երբեմն այնքան ազազուն ու հիվանդ ձևով, մի սովորական հասարակ մի բառ: Բայց բառը վայելք է, օրդ լցնում է մի անսովոր ժպիտով՝ արևի շուրթով, խտացումներով: Շռայլենք ‹‹բարև››- ներ՝ ԲԱՐՈՒ ուղեկցմամբ՝ ‹‹Բարի օր ››, ‹‹Բարի կեսօր››, ‹‹Բարի երեկո››: Բարի-ով լցվենք ու մի՜շտ խենթանանք:

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *