ՄԻԱԿԸ ԼԻՆԵԼԸ ՆՐԱՆ ՉԻ ՓՈԽԵԼ

Նոր ուսումնական տարվա սկիզբն ազդարարող սեպտեմբերյան առաջին զանգի ղողանջը Անի Միխայելյանին առաջնորդեց արդեն ոչ թե սիրելի դպրոցի դասասենյակ, այլ… պետական բժշկական համալսարանի լսարան:

Թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի` այժմ արդեն նախկին սանը, որ կարեւոր ձեռքբերումներով եւ հիմնավոր գիտելիքներով է մտնում կյանքի նոր` ուսանողական փուլ, իր ձեռքբերումների եւ իմացության համար երախտագիտությամբ է լցված հարազատ դպրոցի, սիրելի ուսուցիչների հանդեպ. «Ես վերադարձրեցի նրանց այն, ինչ իրենք էին տվել ինձ,- ասում է Անին,- ես բարձր պահեցի դպրոցի անունը, հեղինակությունը. տարածաշրջանի միակ ոսկեմեդալակիրը երկրորդ դպրոցի սան է»,- անուշիկ, համեստ, մեղմիկ, բայց նաեւ ինքնավստահ եւ արժանապատվորեն ասում է Անի Միխայելյանը, հետո ավելացնում, որ սիրել է լավ սովորելը, ամեն ինչի մասին պատկերացում եւ գաղափար ունենալը, առաջինը լինելու զգացողության հաճելիությունն այնքան է թեւավորել իրեն, հետո` պարտավորեցրել դպրոցի, ուսուցիչների, ծնողների վստահությունն արդարացնել, ու այսօր Անին գոհ է հենց ինքն իրենից, որ ոչ մեկին հուսախաբ չի արել, նաեւ` ինքն իրեն: Չսիրած առարկա չի ունեցել, բայց ունեցել է շատ սիրած առարկաներ` կենսաբանությունն ու քիմիան, քանի որ շատ վաղուց է իմացել, որ բժիշկ դառնալու համար առաջնայինը դրանց տիրապետելն է, եւ դրանք է խորությամբ ուսումնասիրել ու պարապել: «Ընկերներս կեսլուրջ-կեսկատակ ասում են` հենց Անիին բարեւում ես, քիմիա-կենսաբանությունից է խոսում»,- ընկերների ասածն այժմ արդեն ծիծաղով է պատմում Անին եւ հաստատում, որ, իրոք, այդպես է:
Տարածաշրջանի` միակ, մարզի 3 ոսկեմեդալակիրներց մեկը լինելու հանգամանքը գրեթե ոչինչ չի փոխել. նույն համեստ, նույն բնական, նույն մեղմիկ ու անմիջական աղջնակն է. «Հոգեպես եմ բավարարված, եւ հաճելի է մեդալակիր լինելու զգացողությունը: Հայրս էլ է ոսկեմեդալակիր եղել: Ամեն անգամ նրա մեդալը տեսնելիս ներշնչվել եմ, խանդավառվել ու մտադրվել, որ ես էլ եմ մեդալակրի դառնալու: Հուսով եմ, որ իմ երեխաներն էլ իմ մեդալով կհպարտանան ու…»,-ասում է Անին:
Բժիշկ դառնալու նպատակն էլ, ինչպես ինքն է հավաստիացնում, դարձյալ բարի ու անկեղծ հոգուց եկող պահանջ է. օգտակար լինել մարդկանց, բուժել հիվանդներին եւ կյանքն ապրելու բերկրանքը վերադարձնել նրանց: «Ես ինձ միշտ եւ արտաքինով եւ ներքինով բժշկուհու եմ նմանեցրել: Փոքր տարիքում անգամ ասեղները վերցնում եւ «սրսկում» էի իմ տիկնիկներին, որ «չհիվանդանան»: Ի տարբերություն շատ երեխաների, ես բժիշկներից չեմ վախեցել»,- ասում է Անին եւ գտնում, որ նպատակին հասնելու առաջին պայմանը աշխատասիրությունն է, ջանքը, ձգտումը եւ` նպատակադրվածությունը: Այդպես է աշխատել նաեւ ինքը` գիշեր-ցերեկ: Տարածաշրջանային, մարզային, հանրապետական օլիմպիադաներին մասնակցելն ու լավագույն տեղեր գրավելը ավելի ինքնավստահ է դարձրել նրա, «ես կարող եմ, ես կարող եմ» ներքին մենախոսությունը եղել է իր ուղեկիցը միշտ: «Ինչի որ հասել եմ մինչ այժմ, նվիրում եմ իմ դպրոցին, իմ ուսուցիչներին, իմ ծնողներին, կյանքիս երկրորդ` ուսանողական փուլում վաստակած ձեռքբերումներս կլինեն դրանց շարունակությունը: Ես ամուր հիմք եմ ստեղծել իմ ապագա մեծ երազանքների համար, եւ վստահ եմ, որ պիտանի, օգտակար եւ լավ մարդ կդառնամ կյանքում»:
Վայրկյան իսկ չես կասկածում, որ համեստ, բայց` ինքնավստահ, խելացի, սիրած թեմաներից հասակակիցների մեջ զրուցակից չգտնող, բայց հեշտ հաղորդակցվող եւ անմիջական այս աղջնակը, որ արդեն շատ է տարբերվում հասակակիցներից իր պահվածքով, գիտելիքներով, խոսքի կուլտուրայով եւ բառապաշարով ու արդեն համոզմունք դարձած արժեքային բարձր ընկալումներով, իր մասին դեռ խոսել է տալու…

«ՈՐՈՏԱՆ» 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *