… Միայն թե սպասիր ինձ, ու կարոտիր, շատ կարոտիր, լա՞վ

Չապրելով Երևանում` սիրում եմ մայր քաղաքը Հայաստանի: Տարին մեկ կամ` առավելագույնը երկու անգամ լինում եմ Երևանում, ու նաեւ… իմ սրտի մայրաքաղաքն եմ համարում: Ամեն այցիս արձանագրում եմ երևույթներ, որոնք, ըստ իս, բացասական են եւ, իսկապես, ինձ դուր չեն գալիս, չնայած որ Երևանն օրեցօր գեղեցկանում է, ամեն օր փոխվում է. ավելանում են կանաչապատ տարածքները, կառուցվում են նորանոր բարձրահարկ շենքեր: Այս այցիս ընթացքում որոշել եմ միայն լավը տեսնել, քանի որ անընդհատ վատը տեսնելով` անտեսվում է լավը, անցնում ենք լավի կողքով, իսկ վատից հետո աչքիդ էլ լավը չի երևում…իսկ դա արդեն վատ է:
Մի քանի օրով հյուրն եմ Երևանի: Երևան ջան, մեր թանկ անկյուն, իզուր չէ, որ հավերժ անունովդ ենք երդվում` աշխարհի որ ծայրում էլ լինենք: Քեզանով ջերմանում եմ:
Կյանքում կան պահեր, որոնք, իրոք, անկրկնելի են. բավական է Կասկադի բարձունքից՝ բլրի վրա բարձրացող հսկայական աստիճանասանդուղքից նայել արթնացող քաղաքին, դա հենց այդ անկրկնելի պահերից մեկն է:
Երևանյան առավոտը տարվա բոլոր եղանակներին անչափ արևոտ է . օհ, բարի լույս, այսօր արտասովոր լուսավոր ես ու պայծառ, բիբլիական Արարատ… Որքան էլ Քեզ իրենցը համարեն, որքան էլ ստիպողաբար Քեզ իրենց պահեն, դու հայ ես, գերության մեջ անգամ` հայի պես հպարտ ես, կեցվածքդ հայեցի է, դիմագծերդ` հայկական, անունդ` հայերեն… հայերի սուրբ լեռ Մասիս, թող որ օրդ բարի լինի:
Անշտապ քայլում եմ Երևանով, փողոցի անվերջ աղմուկին խառնելով իմ քահ-քահ ծիծաղը, ինչպես Ֆորշն է իր երգում ասում` իրոք արտասովոր է Երևանը…
Երևանը հարուստ է հուշարձաններով: Փողոցներն ու հրապարակները զարդարված են տաղանդավոր քանդակագործների աշխատանքներով: Իրավ, բացօթյա թանգարան է Երևանը:
Առնո Բաբաջանյանի հուշարձանը միշտ հիացրել է ինձ, ժամերով նայում եմ ու փորձում եմ վերլուծել ինքս ինձ համար. կարծես նա մի նոր ստեղծագործություն է ուզում հորինել, մտովի արդեն զգում է երաժշտությունը, իսկ մատները այնպիսի դիրքում են, ասես պատրաստ են դաշնամուրին նվագել հենց նոր ծնված ստեղծագործությունը:
Հաջորդ երկար կանգառս երևանյան նստարանը պիտի լիներ` Սևակի կողքին, բայց Սևակն այլևս այնտեղ չի և պատճառը զարհուրելի է…….ինչևէ, ՀԱՆՃԱՐՆ էլ այնտեղ չի:
Փոքրիկ զբոսայգիներում իրենց գունեղ կտավները վաճառող նկարիչների կողքով  անտարբեր անցնել չի լինում, իսկ Կապույտ մզկիթը ցնցող է՝շրջապատված  փարթամ այգիով և զարդարված խճանկարներով:
Սուրճի բույրը կանչում է մոտակա սրճարան. երկաթյա ոտքերի վրա կանգնած սեղաններն իրենց մերկությունը ծածկել էին սպիտակ սփռոցներով, որոնց վրա գեղեցիկ զարդերի նման փայլում էին թարմ ծաղիկները: Կողքիս սեղանի մոտ «փոքրիկ սև զգեստով» մի գեղեցկադեմ կին էր նստած: Բարակ մատները փաթաթվում էին ճերմակ բաժակի բռնակին, իսկ կրակոտ շուրթերը իրենց կարմիր հետքն էին թողնում բաժակի անմեղ սպիտակության վրա: Այդ պարզությունը, որի մեջ այդքան կիրք կար, շատ ավելի կանացի ու գրավիչ էր, քան  փողոցներում անընդհատ հանդիպող պճնված դիցուհիները:
Կար ժամանակ, երբ Երևանում օտարազգի էի տեսնում` պարսիկ կամ` հնդիկ, դեմքս մռայլվում էր, փնթփնթում էի քթիս տակ…Բայց այսօր ուրիշ տեսանկյունից նայեցի այդ երեւույթին, փորձելով գտնել ԼԱՎԸ, դրականը` այն դնելով համեմատության մեջ: Երևանը  մեծ տուն է, և էլ ի՞նչ տուն, եթե հյուրընկալ չի լինելու: Իսկ եթե հյուրն իրեն լավ է զգում, ապա երկար է մնում: Եթե մի ուրիշ երկրից մարդը եկել է Հայաստան, հավանել է Երևանը և հաստատվել է, բնակվում է, ՇՆՉՈՒՄ է, ուրեմն իր քաղաքից հազար անգամ լավն է Երևանը:
Երևանը երեկոյան փոխվում է, դառնում է գունագեղ, ասես շքեղ ու պերճաշուք զգեստ է հագնում, արիստոկրատ տիկնոջ նման` փայլում է, փայլփլում է, շողում-շողշողում է:
Գիշերային Երևանը շատերին է ձգում: Այն ձգում է, չքնաղ սիրենի նման սիրահարեցնում իրեն` այդ սերն այլևս երբեք չջնջելու համար: Սակայն ինձ ընդամենը մի քանի գիշեր էր տրված`  շնչելու նրան: Առաջին երևանյան երեկոն անցկացրեցի Հաղթանակի զբոսայգում: Քաջություն ունեցա նստել Աշխարհի կարուսելը: Միացա նաև Հանրապետության հրապարակի բազմությանը` վայելելու երգող շատրվանների պարերգը: Շատրվաններից ջրի շիթերը հրապարակի կենտրոնում բարձր երաժշտության տակ պարում են գունագեղ լույսերով:
Համբուրվող զույգ տեսնելիս հայացքս փախցնում էի և գլուխս թեքում…բայց այս անգամ այլ ընկալումով նայեցի: Համբույրը մաքուր, անկեղծ սիրո դսևորման միակ, լավագույն ձևն է…..այնպես որ, ինչո՞ւ` ոչ: Այսօր ես սիրահար զույգերին ժպտում եմ: Երկրորդ օրվա կեսօրին գնեցի Դրամատիկական թատրոնի «Դոն Ժուան» ներկայացման տոմս: Հավանեցի ներկայացումը, հատկապես` գլխավոր դերասանի` Գրիգոր Խաչատրյանի հրաշալի խաղը: Ներկայացման հզոր ազդեցության տակ տուն հասնելուն պես քնեցի: Հնարավորություն ընձեռվեց երազում ևս մեկ անգամ վայելելու ներկայացումը, մեկ տարբերությամբ, սակայն, երազումս հերոսուհին …ես էի…
Նորից առավոտ, նորից շրջագայություն Երևանով: Գուցե Քրիստինե Պեպելյանն այդ պահին համառորեն պնդեր, որ պատահական չի լինում ոչ մի բան, սակայն ուզում եմ վստահաբար  ասել, որ լրիվ պատահական կեսօրին տեսնում եմ լավագույն դասախոսներիցս մեկին` ընկեր Մնացականյանին` Մաշտոցի այգու մոտ: Ոչինչ այնքան հաճելի չի կարող լինել, որքան լեզվի (արևմտահայերեն) դասախոսի հետ պատահական հանդիպումը, ով հեռվից հեռու ճանաչելով  իր ուսանողուհուն (լավագույններից), մոտեցել է ու հաճելի զրույցի բռնվել: Եզակի դեպք է, որ երկու գիտակից մարդիկ անկեղծ զրուցում են և ոչ դարդերից դժգոհում…
Տաքսի…և ահա վերջացան երևանյան օրերը, սև ճամպրուկը ձեռքիս վերադառնում եմ Սիսիան: Մեքենայի պատուհանից նայում եմ դուրս, մտապահում եմ ճանապարհին ընկած ամեն բան` խաղողի տարածված դաշտերը, հուշակոթողները, ժապավենի նման գալարվող  ժայռերը: Ախ այդ ճանապարհները, ասես մի չարաճճի փոքրիկ մատիտով խզբզել է թղթի վրա, իսկ մենք հլու -հնազանդ անցնում ենք… Ինձ երկար ուղեկցում է Մասիսը: Երբ արդեն Մասիսը մնաց հեռվում, խոստացա նորից վերադառնալ` միայն թե` սպասիր ինձ, ու կարոտիր, շատ կարոտիր, լա՞վ…
Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ
16.11.12015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *