ՄԻԱՅՆ 2010՞-Ն Է ՄԱՅՐԵՆԻԻ ՏԱՐԻ

Տարբեր հեռուստաալիքներով անընդհատ հաղորդում են, որ Հայաստանում 2010 թվականը հայտարարվել է մայրենիի տարի: Իսկ ի՞նչ իմաստ ունի որևէ երկրում որևէ տարին հայտարարել այդ ժողովրդի մայրենիի տարի: Մյուս կողմից էլ «պրիվետ», «պակա», «ջան սաղություն», «յոլա» ասողները մի՞թե 2010-ին փոխել են իրենց բառապաշարը: 2010-ին մեր երկրում բոլոր օտարալեզու պաստառները հայերե՞ն են դարձել: Հայկական անուններո՞վ են անվանակոչում 2010-ին ծնված բոլոր հայ երեխաներին: Իսկ ո՞ր լեզվի տարին էր 2009-ը: Շտապելով` ուզում եմ իմանալ, թե 2011՞-ը որ լեզվի տարին է լինելու: Իսկ եթե 2010-ը մայրենիի տարի է հռչակված, ինչո՞ւ հենց այս տարի են մեր պետական այրերն ուզում ստեղծել օտարալեզու էլիտար դպրոցներ. նրանց համար է՞լ 2010-ը մայրենիի, այսինքն` հայերենի տարի է:
Պատմական տարբեր դարաշրջաններում հայը մաքառել է օտարների լծի դեմ, եւ պետականության բացակայության պայմաններում նրան օգնել են հայ մնալ իր կրոնը, ազգային ավանդույթները, մշակույթը, լեզուն: Մայրն իր նորածին երեխայի համար օրօրոցային է երգում մայրենի լեզվով, եւ, փոքրիկը, ենթագիտակցորեն, հոգեպես, մոր կաթի հետ սնվում է մայրենի լեզվով: Մենք մեր զգացմունքները, ապրումները, զգացողությունները, հույզերը, մտքերը, ցանկություններն արտահայտում ենք մայրենի լեզվով: Իրեն հայ համարող յուրաքանչյուր մարդ չպետք է ապականի իր սուրբ մայրենին` այն միախառնելով օտարահունչ եւ գռեհկաբանությանը բնորոշ բառերին: Հայերենն ամենագեղեցիկ, ամենահարուստ եւ, միաժամանակ, ամենաբարդ լեզուներից մեկն է: Երեւի հենց դրա համար էր մարդաբան, գիտնական Մարգարետ Միդը տարիներ առաջ Տոկիոյում կայացած համաշխարհային մարդաբանական կոնգրեսում առաջարկել հայերենը հռչակել միջազգային լեզու: Ցավոք, թե` բարեբախտաբար, այդ առաջարկը չընդունվեց:
Մենք մեր շրջապատին եւ մարդկանց ներկայանում ենք ոչ միայն մեր արտաքինով, հագուկապով, այլեւ` առաջին հերթին հենց մեր խոսքով, որովհետեւ հաղորդակցության առաջին միջոցը խոսքն է` լեզուն: Մարդու խոսքը կարող է ինչպես բարձրացնել նրա հեղինակությունը, այնպես էլ` հակառակը: Լեզուն նաեւ հոգեբանություն է, քանի որ մարդու արտահայտած խոսքից կարելի է եզրակացնել թե նրա վերաբերմունքի, թե տրամադրվածության, թե ճաշակի եւ թե դաստիարակության մասին:
Վերջում ավելացնեմ միայն, որ վիրավորական չէ՞, ծիծաղելի ու ցավալի չէ՞ մայրենիի համար ինչ-որ կենկրետ տարի սահմանելը:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *