ՄԻԱՆԱԼՈՎ ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՄԵԾ ԵՐԹԻՆ

DSC05656

Հարյուրավոր սիսիանցիներ այսօր ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող Մեծ եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ակնհայտ է, որ տարեցտարի փոխվում է հենց մեր՝ հայերիս վերաբերմունքը մարդկության հանդեպ գործած առաջին նախճիրի՝ հայոց ցեղասպանության նկատմամբ, եւ ամեն տարի հուշաքարին այցի ենք գնում ցեղասպանվածի բարդույթը հաղթահարծ, մորթվածի հոգեբանությունից ձերբազատված, ու առավել ոգեկոչված, հիշողի եւ պահանջողի արժանապատվությամբ:

Առավել քան տպավորիչ է, որ մեծերը, ծնողները իրենց հարգանքի տուրքը մատուցելու են գալիս թոռնիկների, երեխաների հետ՝ պահպանելու եւ փոխանցելու պահանջատիրոջ իրավունքը:

Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հուշաքարին խոնարհվելուց հետո ոգեկոչման երթի մասնակիցները DSC05653անպայմանորեն բարձրանում եւ հարգանքի տուրք են մատուցում նաեւ Եղեռնի հուշաքարի հարեւանությամբ գտնվող Արցախյան հերոսամարտի նահատակներին: Քիչ վերեւում՝ բարձունքին, Մեծ հայրենականում զոհված սիսիանցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողն է: «Պատահական չէ, որ այս նվիրական հուշարձանները կարծես մեկտեղված են իրար կողքի, եւ իմաստավորված ու փոխկապակցված են մեկը մյուսով,-ասում է պատմաբան Աիդա Առաքելյանը, –բայց ամենակարեւորն այն է, որ այս բոլոր հուշարձանները մեր ոգու, մեր հերոսական անցյալի վկայություններն են, մեր ապրելու բանաձեւը: Մեր գիտակցությունից կամաց-կամաց դուրս է մղվում ցեղասպանվածի ողբերգական շեշտադրումը՝ իր տեղը զիջելով պայքարի եւ ընդվզման գիտակցությանը: Հայ դատը մարդկության դատն է, եւ առանց նրա հետ առերեսվելու՝ համայն առաջադեմ մարդկությունը չի կարող կերտել իր ապահով ապագան»,-շեշտեց պատմաբանը:

Ջեմմա եւ Գոռ Բաբայանները, առանձնանալով թափորից, իրենց խոնարհումի ծաղիկները դրեցին Կոմիտասի հուշաքարին, ասելով, որ նա է մեր բոլոր սուրբ նահատակների եւ բոլոր ողջերի խորհրդանիշը:

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց սրբադասված նահատակների հոգեհանգստյան կարգ:

Նախորդ օրը տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը՝ սիսիանցիների պահանջատիրությունը նույնպես միախառնելու հայոց պահանջատիրության եւ ոգեկոչման մեծ երթին:

«Որոտան»

 

 

963 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *